«Ընդդիմությունը երթ է անում, որի իմաստն այս պահին հասկանալի չէ, այսինքն՝ դրանով ի՞նչ են ուզում ասել». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը իր գործելաոճը չփոխի, հաջողության չի հասնելու։ Մայիսի 2-ից ընդդիմադիրները սկսել են, իրենց բնորոշմամբ՝ պայքարի վճռական փուլը, փոփոխություններ նկատո՞ւմ եք։

– Այո՛, փոփոխություն նկատում եմ ու, ինչպես ասացիք, ասել էի, որ եթե ընդդիմությունը չփոխի գործելաոճը, հաջողություն չի ունենա: Ընդդիմությունը փոխեց իր գործելաոճը, բայց՝ դեպի ավելի վատը, քան մինչև մայիսի 2-ն էր, ու, բնականաբար, եթե շարունակեն այս ոճով, շատ կարճ ժամանակ հետո վերածվելու է «Հայրենիքի փրկության շարժման» գործընթացի, քանի որ երբ ես փոփոխություն էի ասում, նկատի ունեի արդյունավետ փոփոխություն։

Ընդդիմությունը՝ քաղաքի տրանսպորտային ցանցը խափանելու փոխարեն, նորից անցել է ինքնագովազդող մինի երթերի, կուսակցական երթերի։ Դաշնակցականների ղեկավարն ինքն է մի 60 հոգով երթ անում, Հանրապետականներն իրենք են 60-70 հոգով երթ անում, չնայած այդ թվաքանակով կարելի է պասիվ փողոցներ փակել, բայց, չգիտես ինչու, մի օր փակեցին, հետո սկսեցին զբաղվել ինքնագովազդով, հիմա զբաղված են ինքնագովազդով։

Երթ են անում, որի իմաստն այս պահին հասկանալի չէ, այսինքն՝ դրանով ի՞նչ են ուզում ասել։ Դա արդյունավետ չէ, մետրոն, տրանսպորտային շատ հանգույցներ նորմալ աշխատում են, բացառությամբ Կենտրոնի մի 10 փողոցի։

– Հնարավորություննե՞րը բավարար չեն, թե՞ ձեր նշած կազմակերպվածությունը չկա ընդդիմության ներսում։

– Ռեսուրսը բավարար է հաջողությունների հասնելու համար, բայց, չգիտես ինչու, սկսել են ինքնագովազդի ինչ-որ գործընթաց։ Կա՛մ միտումնավոր տապալման են տանում, կա՛մ մի քիչ դժվար է ասել, որ չեն հասկանում, որովհետև եթե առաջին օրը չհասկացար, պետք է երկրորդ օրը գոնե հասկանաս, հատկապես որ, 2018-ի փորձը կա: Բայց մենք տեսնում ենք, որ տրանսպորտի աշխատանքը, պետական-կառավարման համակարգի աշխատանքը խափանելու փոխարեն, ինչպես իրենք են ասում, անցել են անիմաստ երթերի, որը բացատրելի չէ։

– Պարո՛ն Բադալյան, երեկոները Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը քննարկումներ, դասընթացներ է կազմակերպում։ Սա հաջողությո՞ւն բերող տեխնոլոգիա է։

– Գիտեք, դա, հա՛, կարելի է անել, բայց, ինչպես ասում են՝ ո՛չ տաք, ո՛չ սառը, կարելի է անել, բայց երբ դու ամբողջ գործընթացի մեջ արդյունավետ չես, առանձին դետալները ոչինչ չեն կարող տալ։

– Այսինքն՝ ձեր համոզմամբ, եթե ընդդիմությունն այս տեմպերով շարունակի՝ չի՞ հաջողելու, թեև, իրենց համոզմամբ՝ շատ քիչ է մնացել հաջողության հասնելու համար։

– Եթե չփոխեն տեմպերը, այսօրվա դրությամբ, այս տեմպերով հաջողության հասնելու խնդիր չկա, որովհետև նպատակը չի երևում։ Ո՞րն է նպատակը, Ֆրանսիայի հրապարակում այդ վրանային քաղաքը որ դրված է, նպատակը ո՞րն է, եթե նպատակ ունեն խափանման աշխատանքներ իրականացնելու՝ դա տեղի չի ունենում։

Ռեսուրսն ընդհանրապես չեն օգտագործում, իսկ ռեսուրս իրենք ունեն ու կարող են շատ հանգիստ օգտագործել, ուղղակի չեն անում, իսկ դա սկսում է ինչ-որ հարցեր առաջացնել․ չեն անում, որովհետև չգիտե՞ն, թե՞ չեն անում, որովհետև ներքին ինտրիգներ կան, որոնք այս պահին դեռ տեսանելի չեն։ Դեռևս չենք կարող որևէ բան պնդել։

– Պարո՛ն Բադալյան, ի՞նչ տեխնոլոգիաներ պետք է կիրառեր այսօրվա ընդդիմությունը, որ և՛ հաջողության հասներ, և՛ չկրկներ 2018-ի գործողությունները։

– Հարցը տեխնոլոգիաների մեջ չէ, հարցը նպատակն է՝ ի՞նչ ես ուզում։ Տեխնոլոգիան ընդամենը հնարք է, նպատակն է պետք որոշել՝ ի՞նչ ես ուզում։

– Այսինքն՝ ընդդիմության նպատակը ձեզ համար պա՞րզ չէ։

– Ընդհանուր, վերացական տեսանկյունից պարզ է՝ իշխանափոխություն, բայց դա քիչ է։ Դրան հասնելու համար գործողություններ են պետք, եթե ուզում ես քաղաքում տրանսպորտի աշխատանքը կանգնեցնել, քաոս ստեղծել, պետք է նախ քննարկել այդ քաոսը ստեղծելու եղանակները, դրանք իրականացնելու համար անհրաժեշտ գործողությունները, ովքեր են դրանք անելու։

Այսինքն՝ այդ ամբողջ վերացականությունը, վիրավորանքի կարգախոսները, որոնք այլևս ոչինչ չեն ասում, պետք է փոխարինել հստակ գործողություններով, իսկ դա չի արվում։ Երթ են անում, ոչ ոք դրան դեմ չէ, ինչքան ուզում են՝ թող անեն։ Այդ երթերը որոշ ժամանակ հետո մարդկանց հոգնեցնելու են, եթե չեղավ օրեցօր աճող զարգացում՝ մի քանի օր հետո ինքնըստինքյան մարում է այս շարժումը, դա բնական երևույթ է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am