ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանը Թուրքիայի նախագահ Էրդողանին

ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանը Թուրքիայի նախագահ Էրդողանին
ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանը Թուրքիայի նախագահ Էրդողանին

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալման լույսի ներքո Թուրքիայի նախագահը վերջին օրերին հանդես է գալիս իրարամերժ և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով:

Այդ հայտարարություններում առկա են պնդումներ, որոնք նպատակ ունեն զոհերի արժանապատվությունը վիրավորելու միջոցով արդարացնելու ցեղասպանությունը: Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն իսկ արդարացրել էր Հայոց ցեղասպանության իրականացումը՝ այն որակելով որպես «ամենաողջամիտ գործողություն», իսկ ցեղասպանության զոհերին՝ «հայկական ավազակախմբեր և նրանց աջակիցներ»: Այժմ Թուրքիայի նախագահը Հայոց ցեղասպանության զոհերին զրկում է նույնիսկ իրենց պատմական հայրենիքից՝ նրանց անվանելով քոչվորներ, մոռանալով իր նախնիների և տարածաշրջանի բնիկների պատմությունը:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անկասկած անհրաժեշտ են ճշմարտության և պատմական արդարության համար: Սակայն այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմությանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկությանը և հատկապես ինքնության հողի վրա կատարվող հանցագործությունների պոտենցիալ զոհերին: Այն անհրաժեշտ է այն մարդկանց և ժողովուրդներին, որոնց Թուրքիայի Հանրապետությունն այսօր, կրոնական և էթնիկ պատկանելիության համար անվանելով ահաբեկիչներ, ենթարկում է բռնության և բռնագաղթման իր իսկ հարևան երկրի տարածքում: Այն անհրաժեշտ է ցեղասպան ընկալումների հաղթահարման և մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար:

Ցեղասպանության զոհերի ժառանգների և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և հետագայում դրա հիման վրա ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:

Արդարացնելով և ժխտելով հայոց ցեղասպանությունը, ուժի կիրառմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելով իր հարևանների հանդեպ, երկու տասնամյակից ավելի շարունակելով Հայաստանի ցամաքային շրջափակումը, և ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին ԼՂ հակամարտության համատեքստում՝ Թուրքիան շարունակում է հանդիսանալ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի անվտանգության սպառնալիք:

Թուրքիան պետք է վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ներկա թշնամական քաղաքականությունը, ինչն առաջին քայլը կարող է դառնալ ցեղասպանության հետևանքների հաղթահարման և տարածաշրջանային սպառնալիքների նվազեցման ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։