Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 18-ը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով  դատական նիստը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը պետք է մասնակցի Վերաքննիչ քրեական դատարանի նիստին, որտեղ քննարկվելու է այլ գործով իր պաշտպանյալների ազատության հարցը։ Բացի այդ, պաշտպանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը ներառյալ բացակայելու է ՀՀ-ից։ 

Լուսինե Սահակյանը նաև միջնորդել է վերանայել դատական նիստերի ժամանակացույցը՝ հաշվի առնելով, որ դատական նիստերը երբեմն համընկնում են ԱԺ նիստերի օրերի հետ, ինչը խոչընդոտում է Գևորգյանի պատգամավորական գործունեությանը։

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չէ, որ դատական նիստերը պետք է պարտադիր երեքշաբթի օրերին նշանակվեն։ Սակայն դատավորը նպատակահարմար չգտավ սահմանել այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում նիստեր չեն նշանակվելու, նշելով, որ սույն գործով նիստերն առանց այդ էլ բազմիցս հետաձգվել են։  Դատական նիստը հետաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 18-ը։