Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ԱՀ ՄԻՊ

Արցախում մոտ մեկ տարի շարունակվող շրջափակման պայմաններում սովամահության դեպք է արձանագրվել, հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության և անձի մահվան մասին վկայականի Կ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել՝ «արտահայտված ալիմենտար դիստրոֆիա (սննդանյութերի երկարատև և ոչ լիարժեք ընդունման հետևանքով ընդհանուր հյուծվածություն, այտուցներ, նյութափոխանակության բոլոր ձևերի խանգարում, օրգանների կազմափոխությամբ և ֆունկցիոնալ խանգարումներով), կախեքսիա, սպիտակուցաէներգետիկ անբավարարություն, կվաշիորկոր (սնուցման խանգարման հատուկ՝ ծանր տարատեսակ, որը զարգանում է օրգանիզմում սննդի մեջ սպիտակուցների ոչ բավարար պարունակության պարագայում, հիվանդության զարգացմանը նպաստում են կենցաղային ծանր պայմանները, ցածր կենսամակարդակը), երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ՝ աջից կռուպոզ տարրի գերակշռումով, թոքերի այտուց, խառը մետոբոլիկ, հիպոքսիկ էնցեֆալոպաթիա, ներքին օրգանների՝ երիկամների դիստրոֆիա, անեմիա, սեպտիկ վիճակ, աջակողմյան հիդրոթորաքս, քրոնիկական թերսնվածություն»: