Մեր կողքին ապրող մարդիկ. Ֆընգը

Յանգմինգ Ֆընգը

Չինացի Յանգմինգ Ֆընգը (Ֆընգը ազգանունն է, որով էլ նա սիրում է, երբ իրեն դիմում են) սովորում է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում: Դպրոցական տարիներին այնքան շատ էր կարդում Հայաստանի մասին, որ երազում էր տեսնել այս երկիրը: 

Չինաստանում, Մալազիայում, Ինդոնեզիայում ապրելուց հետո Ֆընգը որոշեց տեղափոխվել Հայաստան սովորելու, իսկ հիմա արդեն աշխատում է որպես չինարեն լեզվի ուսուցիչ և խոշոր ընկերություններից մեկում՝ ընդունարանի աշխատակից: 

Ֆընգի հետ երկրորդ անգամ էի հանդիպում: Առաջին անգամ նրա մասին իմացա, երբ պարզվեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Երևանի տիկնիկային թատրոնում օգնում էր տեսակավորել օգնությունը և հետո սկսում մյուսների հետ Հայաստանի տարբեր գյուղեր ու քաղաքներ տեղափոխել: 

– Ես այստեղ եմ ապրում, ու իմ քայլը սովորական մի բան է, հապա ի՞նչ պիտի անեի: Ինձ սովորեցրել են պատասխանատվություն ունենալ երկրի, մարդկանց համար, որոնց կողքին ապրում ես: Ի՞նչ է, Հայաստանն իմ երկիրն է, երբ լավ է, ու դադարում է իմը լինելուց, երբ նեղության մե՞ջ է: 

Չինացիները կամ, ավելի ճիշտ՝ ասիացիները, որոնց բոլորին մենք չինացի ենք համարում, միշտ հետաքրքրություն են առաջացրել մեր հասարակության շրջանում: Նախ՝ մենք նրանց բոլորին իրար ենք նմանեցնում, այնինչ չնչին ուշադրության պարագայում նկատելի են տարբերությունները, երկրորդ՝ մեր միատարրությունը, որ հավանաբար միակ արդարացումն է սևեռված այլոց նայելու, մեզ ճոխ թույլտվություն է տալիս երբեմն կաղապարված կարծիքներ ունենալ ուրիշների մասին: 

– Մի անգամ ընկերներիցս մեկն ասաց, որ իր մտերիմներից մեկն ունի չինական ռեստորան, որ կարող եմ գնալ։ Երբ ներս մտա, տերն այդտեղ էր, նայեց ինձ ու ասաց՝ գիտե՞ս՝ մեր մոտ շան միս չեն վաճառում։ Այնքան վիրավորվեցի, որ գնացի տուն ու հիշեցի իմ նահանգի հին ավանդույթներից մեկը, որին ես հետևում եմ։ Եթե քեզ վիրավորում ու նեղացնում են, դու պարտավոր ես գնալ տուն, վերցնել կացին և օղի, գնալ այդ մարդու տուն։ Եթե նա շարունակեց վիրավորել և չընդունեց մեղքը, ապա ընտրել է կացինն ու մահը, իսկ եթե ընդունեց, ուրեմն հաշտվելու կողմնակից է։ 

Ես այս պատմությունն ապշահար լսում էի, բայց ամեն դեպքում կտրուկ շրջադարձի չէի սպասում մինչև այն պահը, երբ Ֆընգն ասաց․ 

– Վերցրի կացինն ու օղին և ուղիղ դեպի այդ մարդու տուն։ 

– Ֆը՛նգ, ասա՛, որ այդ մարդը ողջ է,- կլորացած աչքերով նայում էի Ֆընգին ու հենց այդ պահին բռնեցի նրա խաղաղ, անվրդով հայացքը: Շունչս տեղն ընկավ: 

– Հա, իհարկե, նա ընտրեց օղին, ու մենք խմեցինք իրար հետ, ասաց, որ փորձել է կատակ անել, սակայն, կարծում եմ, բոլոր դեպքերում հաջող կատակ չէ։ 

Նա ընդունվեց հայ բանասիրության ֆակուլտետ, բայց այս տարիների ընթացքում հասկացել է, որ իրեն ավելի շատ գրավում է լեզվաբանությունը։ Հայաստանում բանասեր դառնում են կանայք՝ սա իմ կարծիքը չէ, այլ՝ չոր վիճակագրություն: Ցավալի է գիտակցել, որ ուսուցիչ լինելը հեռանկարային մասնագիտություն չէ մեր երկրում: 

– Երբ այս հարցը քննարկում եմ ընկերներիս հետ, գրեթե բոլորն ասում են, որ Հայաստանում տղամարդ ուսուցիչներ քիչ կան, որովհետև հայկական մտածելակերպում դեռ առկա է այն համոզմունքը, որ տղամարդն է ընտանիքի հոգսերը հոգում, իսկ ուսուցչի աշխատավարձը ոչ թե բավարար չէ, այլ լացելու չափ ողբերգական է։ 

Հաշվի առնելով, որ այսօր շատ կանայք ու տղամարդիկ բավական բարձր նշաձող են սահմանում իրենց համար ու ձգտում ֆինանսական կայունության, Հայաստանում ուսուցչի աշխատավարձը հաստատ հպարտանալու առիթ չի տալիս ո՛չ կնոջը, ո՛չ տղամարդուն։ 

Ֆընգն ինքը որոշ ժամանակ աշխատել է որպես ուսուցիչ Հայաստանի գյուղերից մեկի հանրակրթական դպրոցում, սեպտեմբերից ևս պատրաստվում է գնալ գյուղ ավելի երկարաժամկետ աշխատելու նպատակով, բայց կուզենար, որ մեզ կրթողները գնահատված լինեին։ Ոչ թե ուսուցչին մեծարեին իր նվիրումի համար, հոտնկայս ծափահարեին, այլ ֆինանսական գնահատական տային նրա աշխատանքին։ 

– Եթե ուզում ենք ունենալ ամուր, նպատակասլաց ու ուժեղ սերունդ, պետք է կրթենք նրանց, իսկ սերունդ կրթողին այսպես վերաբերվելը, մեղմ ասած, լավ չէ։ 

Ի դեպ, սա միակ հարցն էր, որին Ֆընգը միանշանակ էր պատասխանում։ Երբ նրան հարցրի, օրինակ՝ ինչպիսի՞ ընկերներ են հայերը՝ ի նկատի ունենալով իր ընկերներին, ասաց՝ նայած։ Դրան հաջորդած բոլոր հարցերին Ֆընգը հենց այդպես էլ պատասխանում էր՝ նայած. անհատից է կախված, ամեն լավ ու վատ հատկանիշ տարածել բոլորի վրա, ճիշտ չէ։

– Հիմա որ հարցնես՝ Երևանի որ մասն ես սիրում, էլի կասեմ՝ նայած: Երբ Երևան առաջին անգամ եկա, հասկացա, որ կենտրոնում շատ սիրուն էր, կենտրոնից դուրս մի քիչ ռուսական շունչ կա։ Այն ժամանակ անընդհատ խորովածի հոտ էի զգում, հետո այնքան սիրեցի խորոված ու այնքան սովորեցի, որ հիմա չեմ ասոցացնում խորովածի հետ։ Ինձ երբեք տարօրինակ, խեթ կամ զարմացած չեն նայել։ Գուցե դա նրանից է, որ ես մարդկանց ընկալում եմ որպես մարդ, նրանց ազգությունը, կրոնը անհետանում են։ Ես ազգության հետ չեմ շփվում, այլ՝ մարդու։ 

13 միլիոնանոց քաղաքից հայտնվել մոտ 1,5 միլիոնանոց քաղաքում՝ հաճելի է ժամանակ խնայելու տեսանկյունից։ Ֆընգի քաղաքը հարակից տարածքներով գրեթե Հայաստանի չափ է․ 

– Այստեղ ծայրամասից կենտրոն կարող եմ քայլելով էլ հասնել, իսկ Գուանժու քաղաքում մի շաբաթ կքայլեմ ու չեմ հասնի։ 

Հայաստանում «ջերմության» բարձր աստիճան կա, երբեմն՝ կիզիչ։ Այստեղ մարդիկ շատ են նպաստում, որ մենակություն չզգաս՝ չնայած ծնողներն իրեն սովորեցրել են ամեն կերպ անկախ լինել։ Ֆընգին հարցնում եմ՝ արդյոք նորմա՞լ է զանգել մամային ու գումար խնդրել․ 

– Հա՛, եթե զանգեմ, իհարկե կուղարկի, բայց ես երբեք դա չեմ անի։ Իր աշխատած գումարն իրենն է, իմը՝ չէ, ես մեծ մարդ եմ, պարտավոր եմ ինքս գումար աշխատել։ Դա մեզ սովորեցնում են փոքրուց, դու գիտես, որ ինքդ ես պատասխանատու քո կենսակերպի, քո ֆինանսի, ամեն ինչի համար։ 

Մի հետաքրքիր ձևակերպում հնչեց Ֆընգի կողմից, որ սկզբում ինձ թվաց հայերենի լեզվի իմացության հետ կապված խոտան է, բայց հետո ընկալեցի ասածը։ Ֆընգը չի ընդունում պետությունների գոյությունը, համարում է, որ մարդուն այդկերպ «առևանգում» են։ 

– Քեզ ասում են՝ ա՛յ դու չինացի ես, չինացուն վայել ապրիր, հայ ես, հայի պես պահիր քեզ, ու մարդուն իրենից, իր որոշումներից ու նախասիրություններից կտրում են՝ առևանգում են նրան։ Ես կարող եմ հայ լինել, բայց մի բան ընդունել, մի բան՝ ոչ, ինչ է, պակա՞ս հայ եմ։ Կամ կարող եմ լինել հնդիկ ու հայկական միջավայրին բնորոշ կենսակերպ ունենալ, որևէ մեկը չպետք է իմ փոխարեն որոշի իմ որպիսին լինելը։ Պիտի կարողանանք ընդունել մարդու մեջ ապրող մարդուն. դա է կարևորագույնը: 

Հիմա, երբ Ֆընգը քայլում է իր ճանաչած Երևանով, խորովածի հոտ այլևս չի զգում: Սա ինձ համար գլխավոր ցուցիչն է, որ նա արդեն տանն է, որտեղ բոլոր բույրերն այնքան սովորական ու հարազատ են, որ օտարաբար չես զգում և ընկալում դրանք: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարը՝ Սոֆի Խաչատրյան

MediaLab.am