«Չեմ տեսնում կապը խորհրդարանում տեղի ունեցողի և Հայաստանի առաջ ծառացած բարդ խնդիրների միջև». Գևորգ Գորգիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Գորգիսյանը

– Պարո՛ն Գորգիսյան, որպես նախկին խորհրդարանական՝ ինչպե՞ս եք գնահատում ութերորդ գումարման ԱԺ աշխատանքները:

– Անհասկանալի, ճիշտն ասած, որովհետև չեմ տեսնում կապը խորհրդարանում տեղի ունեցողի և Հայաստանի առաջ ծառացած բարդ խնդիրների միջև:

– Այսինքն՝ լրիվ այլ օրակարգո՞վ է խորհրդարանն աշխատում:

– Անհասկանալի օրակարգով՝ ես կասեի, ինձ համար ոչ մի ձևով տեսանելի չեն խորհրդարանի գործունեության միտումներն ու նպատակը, այդ ամենը որևէ ձևով կապ չունի մեր խնդիրների հետ:

Ու եթե իշխանության կողմից դա տեսել էինք մեր պատգամավորության ընթացքում և անընդհատ իրենց հուշում էինք, որ, պարոնա՛յք, ձեր բերած նախագծերը, նիստի օրակարգը որևէ կապ չունեն մեր խնդիրների հետ, հիմա նույնը տեսնում եմ ընդդիմության մոտ ու չեմ հասկանում նաև նրանց օրակարգը, ինչն ավելի ցավալի է:

– Նկատի ունեք, որ այս ընդդիմությունը, ի տարբերություն ձեզ, իշխանությանը չի՞ ասում, որ այս օրակարգով պետք չէ առաջնորդվել:

– Ուրիշ օրակարգեր են փորձում լուծել, բայց վստահ չեմ, որ դրանք այն լուծումներն են, որոնք մեզ այսօր պետք են:

– Պարո՛ն Գորգիսյան, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի անդամ էիք դուք նախորդ գումարման խորհրդարանում, արդեն վեցերորդ անգամ է՝ չի կարողանում հանձնաժողովի փոխնախագահ ընտրել: Հանձնաժողովի շուրջ ստեղծված այս իրավիճակին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Օրինաչափ է, որովհետև եթե դու հայհոյում ես իշխանության ներկայացուցիչներին, վարչապետին, հետո գալիս ու խնդրում, որ նրա ենթակաները (բառացի նկատի չունեմ, բայց այս պարագայում՝ հասկանում ենք, որ այդպես է) քեզ ընտրեն… այսինքն՝ հայհոյել ու սպասել, որ քեզ ընտրելու են, տրամաբանական չէ, ու այսպես էլ պետք է լիներ:

– Իսկ ընդդիմության գործելաոճը ձեզ համար հասկանալի՞ է, ինչո՞ւ նոր թեկնածու չի առաջադրում:

– Երևի նոր թեկնածուին էլ նույն ճակատագիրն է վիճակվելու, հետևաբար, այս թեկնածուն արդեն սովորել է, թե իր հետ ինչպես են վարվում:

– Կառավարության անդամների ու պատգամավորների հարցուպատասխանն ինչպե՞ս կգնահատեք, որովհետև՝ հիշում ենք, որ այժմյան խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից ոմանք այն ժամանակ ձեզ մեղադրում էին գրպանային ու ոչ արմատական ընդդիմություն լինելու մեջ:

– Առնվազն ես, մի քանի անգամ նայելով վարչապետի աչքերին, ասել եմ, որ նա այլևս չի սպասարկում պետական շահը, և պահանջել եմ նրա հրաժարականը, այդպիսի քայլ դեռ գործող ընդդիմության կողմից չենք տեսել: Երբ կհասնեն մեր կոշտությանը, նոր իրավունք կունենան մեզ քննադատելու:

– Սպասո՞ւմ էիք, որ այս քաղաքական ուժերը հենց այսպիսի խորհրդարանական ընդդիմություն են լինելու:

– Ամեն ինչ, որ այսօր կատարվում է, օրինաչափ է:

– Իսկ այդ օրինաչափության մեջ Հայաստանին ի՞նչ ապագա է սպասում, պարո՛ն Գորգիսյան:

– Բարդ հարց եք տալիս. այս օրինաչափության մեջ դեռ ոչ մի լավ բան չի սպասում, բայց միայն խորհրդարանով չի սահմանափակվում Հայաստանի ապագայի որոշումը, ու միայն խորհրդարանով չէ, որ որոշվելու է՝ դեպի ուր է գնում այս երկիրը, ու այդ ուղղությամբ մենք աշխատում ենք, որպեսզի փոխենք այս ընթացքը, որով հիմա գնում ենք:

– Ինչո՞ւ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չեն շարժվում իրական օրակարգով:

– Որովհետև միմյանց հետ երկխոսելու պատրաստակամություն ու ցանկություն չունեն: Իրենք ուզում են մեկը մյուսին վերացնել, իսկ այդ պարագայում ԱԺ-ի աշխատանքը դառնում է այնպիսին, ինչպիսին կա: Եթե չկա երկխոսություն, այդտեղ չեն կարող նոր մտքեր ծնվել:

– «Հայաստան» դաշինքը վերսկսում է փողոցային պայքարը իշխանափոխության նպատակով, կհաջողե՞ն:

– Մեր երկիրն այսօր փողոցային պայքարի կարիք չունի, ի սկզբանե այն դատապարտված է տապալման: Փողոցով երբեք չի հաջողվի իշխանափոխության հասնել:

– Իսկ այլ տարբերակո՞վ, պարո՛ն Գորգիսյան:

– Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ստեղծել երկու դև. առաջին դևին՝ Սերժ Սարգսյանի տեսքով, նա հաղթեց 2018 թվականին, իսկ 2021 թվականի արտահերթ ընտրություններին ընդառաջ նրան նոր դև էր պետք, որին կկարողանար կրկին հաղթել, ու նա սկսեց ամեն կերպ ուժեղացնել ու առաջին պլան բերել Ռոբերտ Քոչարյանին: Քոչարյանն ուժեղացավ ու դարձավ երկրորդ դևը:

Եթե մենք ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, պետք է դաշտից դևերը վերանան: Այո՛, նրանք ընդդիմադիր ամենաշատ ձայներն են հավաքել, բայց նրանք չկողմնորոշված լայն ընտրազանգվածի ուղղորդել են դեպի Նիկոլ Փաշինյանը, ու այդպես է լինելու հավերժ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը որպես հաղթաթուղթ օգտագործելու է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իրեն այլընտրանք:

Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը չի հասկանում այդ պարզ բանը, որ իրենց այդ գործողություններով ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին: Հենց իրենք դուրս գան, Նիկոլ Փաշինյանը սպառված է. մահացողին, որ տալիս են արհեստական թթվածին, կաթիլայինի միջոցով ինչ-որ սննդարար նյութեր, հիմա Սերժ Սարգսյանը արհեստական թթվածինն է, Ռոբերտ Քոչարյանը՝ սննդարար նյութը, որպեսզի Փաշինյանը շարունակի գոյատևել: Ինչն էլ իրենք անում են, չգիտեմ՝ գիտակցվա՞ծ, թե՞ ոչ:

– Այսինքն՝ ամեն բան կախված է Սերժ Սարգսյանի՞ց ու Ռոբերտ Քոչարյանի՞ց:

– Եթե այդ երկու անձը որոշեն այլևս չխաղալ քաղաքականության մեջ, քաղաքական դաշտը հնարավորություն կունենա վերակենդանանալու, որովհետև այսօր բացարձակ անապատ է, այդ սևի ու սպիտակի բաժանումը հասել է գագաթնակետին, չկա այլ տարբերակ, մարդիկ չեն տեսնում այլ տարբերակ, պատրաստ չեն տեսնելու, և ընտրությունները դա ցույց տվեցին:

Այդքան էլ այդ երկուսի որոշումից կախված չէ, որովհետև ժամանակն ամեն բան իր տեղը կդնի, հանրությանը ժամանակ է պետք, մեզանից էլ է շատ բան կախված, թե ինչ նոր օրակարգեր ու գաղափարներ կառաջարկենք: Օր օրի տեսնում եմ, որ առաջանում է պահանջարկ կշռադատված խոսքի, ինչն էլ մենք կառաջարկենք հանրությանը:

– Աշխատո՞ւմ եք այդ ուղղությամբ:

– Իհարկե, բա հո պարապ նստած չենք, «Լուսավորը» չի կարող քնել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am