Հայկական սեռական շեղումներն ըստ սեքսոլոգների. զոոֆիլիայից մինչև տարեցների նկատմամբ սեռական հակումներ եւ ավելին

Հայկական սեռական շեղումներն ըստ սեքսոլոգների. զոոֆիլիայից մինչև տարեցների նկատմամբ սեռական հակումներ եւ ավելին
Հայկական սեռական շեղումներն ըստ սեքսոլոգների. զոոֆիլիայից մինչև տարեցների նկատմամբ սեռական հակումներ եւ ավելին

Հայաստանում ամենաքիչը հանդիպող սեռական պարաֆիլիան զոոֆիլիան է: Զոոֆիլիայի միայն մեկ դեպք է հայտնի սեքսոլոգներին. մի գյուղում տղամարդն անտարբեր չէր կովերի նկատմամբ և խնդիրը լուծելու համար դիմել էր սեռաբաններին:
«Նա պատմում էր, որ երբ հովիվ կանգնելու իր օրն էր լինում, սարերում կով տեսնելիս սեռական ցանկություն էր զգում կովերի նկատմամբ, իսկ երեկոյան գյուղ իջնելով` մեղքի զգացում ունենում կնոջ հանդեպ»,- «Մեդիալաբին» ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:

Տղամարդու մասին ողջ ինֆորմացիան գաղտնի է, անգամ չի հրապարակվում նրա բուժման արդյունքը: Սեռական նախընտրության շեղումները` պարաֆիլիաները, առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն միջանձնային շփման խնդիրներ, ընդ որում` դրանք սեռական ակտի հետ որևէ կապ չունեն, այլ սեռական նախընտրության, ակտի իրականացման ձևի փոփոխություն են ենթադրում: Ն. Ներսիսյանը նշում է, որ պարաֆիլիաները ոչ ճիշտ սեռական դաստիարակության, ինչպես նաև փոքր հասակից ընտանիքում հանդիպած խնդիրների հետևանք կարող են լինել:

Սեքսոլոգի տվյալներով` մեր երկրում տարածված պարաֆիլիաներից է հերոնտոֆիլիան` տարեցների նկատմամբ սեռական հակումների դրսևորումը:

«Վերջերս հրապարակված տարեցների բռնաբարության փորձերը խոսում են սեռական շեղման̀ հերոնտոֆիլիայի մասին, սակայն այս պարագայում մարդը դատվում է ոչ թե շեղում ունենալու, այլ բռնության, սեռական ոտնձգության համար: Հերոնտոֆիլիան առաջանում է հոգեսեռական զարգացման ընթացքում` զարգացման փուլային անցումների խանգարման դեպքում, երբ փուլերից որևէ մեկում ի հայտ են գալիս սևեռումներ»,- ասում է Ն. Ներսիսյանը:

Հերոնտոֆիլիայի պարագայում մարդը սեռական հակման, նախընտրության խանգարման առաջ է կանգնում, և սեռական գրգռումն առաջ է գալիս տարեց մարդու նկատմամբ: Սեքսոլոգի խոսքով` պրակտիկայում շատ են հերոնտոֆիլիայի դեպքերը հատկապես աղջիկների շրջանում. «Բազմաթիվ երիտասարդ աղջիկների է սկսել չգրավել իր տարիքի տղամարդը: Շատ են դեպքերը, երբ աղջիկները տարեց տղամարդկանց են սիրահարվում, ապրում նրանց հետ, սակայն այս մասին հասարակությունում լռում են, քանի որ այն խնդիր կարծես թե չի համարվում, և եթե որևէ երիտասարդ էլ տարեց կնոջ հետ է սեռական կապի մեջ լինում, դա ևս աղմուկի տեղիք չի տալիս, ուստի այստեղ խնդիրը զուտ բռնաբարությունն է, որն անհանգստացնում է հասարակությանը»:

2011 թ. հունվարի 1-ից ՀՀ ոստիկանությունում պաշտոնապես ստացվել է բռնաբարության 10 դեպքի մասին հաղորդում, դրանցից երկուսը որակվել են բռնաբարության փորձ, մյուս 8 դեպքերը հաստատվել են: Եղել են նաև տարեցների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքեր, սակայն դեպքերն առանձին չեն հաշվարկվել:

Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Սևակ Միլիտոնյանը «Մեդիալաբին» պարզաբանում է, որ բռնաբարության պարագայում հնարավոր չէ առանձնացնել տարեցների և երիտասարդների հանդեպ կատարված բռնաբարությունները: Լրատվամիջոցներով հաղորդվել է երկու դեպքի մասին. սեպտեմբերի 4-ին Լոռու մարզում 22-ամյա Արամ Մ.-ն ներխուժել է 80-ամյա Ռ.Մ-ի տուն, ծեծի ենթարկել նրան, ապա բռնաբարել: Մյուս դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզում, երբ 26-ամյա երիտասարդը ներխուժել է 83-ամյա կնոջ տուն, բռնաբարել նրան, ծեծել և վնասվածքներ պատճառել` կնոջ հասցեին հայհոյանքներ տեղալով:

Հոգեբան Լիլիթ Թովմասյանը «Մեդիալաբին» ասում է, որ տարեցների հանդեպ երիտասարդների հետաքրքրությունն ու սեռական ոտնձգությունների հիմքը գլոբալացման հետևանքով տեղեկատվության չափազանց շատ և բաց լինելն է. «Ինֆորմացիայի բաց լինելը բերում է լուրջ սեռական ազդակների առկայության, լիբիդոյի ակտիվացման: Հատկապես շրջաններում լիբիդոն ազատորեն չի դրսևորվում, ուստի երիտասարդներն ամեն կերպ փորձում են սեռական էներգիան դուրս հանել»:

Հոգեբանի խոսքով` երիտասարդ տղան որպես «զոհ» ընտրում է անպաշտպան տարեցներին, քանի որ երիտասարդ աղջիկներին, որպես կանոն, դժվար է բռնաբարել. «Միայնակ տարեց ընտրելիս երիտասարդը միշտ մտածում է` ո՞վ պիտի հասնի ու օգնի, իսկ տարեցն ամոթից ձայն չի հանի»:

Լ. Թովմասյանը կասկածում է, որ միայն երկու բարձրաձայնված դեպքերը քիչ են: Նրա համոզմամբ` իրականում դրանց թիվն ավելի շատ է, պարզապես տարեցները լռում են` ամաչելով հասարակական կարծիքից. «Երբ մեկը բարձրաձայնեց, դրան հետևեց մեկ այլ դեպք: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ իրականում դեպքերն ավելի շատ են, սակայն երկաթե վարագույրը ոչ բոլոր տարեցներն են համարձակվում քանդել, այնինչ պետք է ցանկացած դեպքի մասին աղմուկ բարձրացնել, քանի որ լռությունն էլ ավելի վատ վիճակի է հասցնում ոտնձգության ենթարկված տարեցին` նրանց բազմաթիվ խնդիրների և լուրջ հոգեբանական պաթոլոգիաների առաջ կանգնեցնելով»:

Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը նշում է, որ գերոնտոֆիլիայից բացի սեռական այլ բազմաթիվ պարաֆիլիաներ ևս նկատելի են հայ հասարակության մեջ: Մասնավորապես, տարածված է էքսհիբիցիոնիզմը, երբ տղամարդը սեռական օրգանն է ցուցադրում պոտենցիալ զոհին: Երիտասարդ աղջիկները շատ են բողոքում հատկապես երեկոյան ժամերին գետնանցումներում էքսհիբիցիոնիզմով զբաղվող տղամարդկանցից. «Արտաքինից նայում ես` նորմալ տղամարդ է, մոտենում ես, որ կողքով անցնես, միանգամից օրգանն է ցույց տալիս, դա ուղղակի սարսափելի է: Ի՞նչ է մտածում մեր ոստիկանությունն այդ մասին, հատկապես Մաշտոցի պողոտայից դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի դուրս եկող գետնանցումում երկու տղամարդ միշտ շրջում են և, երիտասարդ աղջիկ տեսնելիս, իրենց օրգանն են ցույց տալիս»:

Սեքսոպաթոլոգիայի կլինիկա դիմած սեռական պարաֆիլիա ունեցողների մեջ եղել են նաև վուայերիզմով տարված մարդիկ, երբ հեռադիտակով են նայում «զոհին» ու այդ կերպ գրգռվում, անպարկեշտ հեռախոսազանգերի միջոցով գրգռվող մարդիկ, ինչպես նաև եղել են ֆետիշիզմի` հարևանի ներքնազգեստի միջոցով գրգռվողներ, ընդ որում` այս մարդկանց մոտ սեռական ակտը նորմալ է, միայն թե նախքան այդ նրանց գրգռվելու միջոցներն են տարբերվում: «Ամենաշատ տարածված ու դասական պարաֆիլիա հայ հասարակության համար կարելի է համարել ֆրոտերիզմը, երբ տղամարդը քսվում է կնոջ մարմնին ու դրանից է սեռական հաճույք ստանում: Դա պատահական չէ, այլ գիտակցաբար է կպչում կնոջը, ու դիմացինի ռեակցիան, շփոթմունքը գրգռում են նրան»,- ասում է սեքսոլոգ Ն. Ներսիսյանը:

«Երիտասարդ էի, տարիքով մի կին կար, որի հետ օրալ սեռական ակտով էի զբաղվում: Այն ժամանակ պասիվ տրվում էի, հաճույք էի ստանում, բայց շատ բան չէի հասկանում: Հիմա դա հանգեցրել է նրան, որ կնոջս հետ չեմ կարողանում սեռական կյանքով ապրել»,- պատմում է իմպոտենցիայի դեմ բուժման կուրս անցնող 25-ամյա մի երիտասարդ: Ն. Ներսիսյանի խոսքով` միայն օրալ և/կամ անալ սեռական ակտը ևս դիտարկվում է որպես պարաֆիլիա և կարող է անցանկալի հետևանքներ ունենալ մարդու կյանքում` իմպոտենցիա, բնական եղանակով սեռական ակտի անկարողություն:

Որպես ամենամոդեռն սեռական ակտիվության դրսևորում, որը համաշխարհային սեքսոլոգիայի կողմից պարաֆիլիա չի համարվում, Նարինե Ներսիսյանը նշում է վիրտուալ սեքսը, որը նրա կարծիքով ևս նորմալ երևույթ չէ. «Վիրտուալ սեռական հարաբերությունները հակառակ սեռի հանդեպ վախի և իրական շփման խանգարման հետևանքներից մեկը կարող են լինել, և թեև դա սեռական պարաֆիլիա չի համարվում, սակայն ևս բացասական հետևանքներ է ունենում հետագայում պատշաճ սեռական կյանքով ապրելու վրա»:

Փառանձեմ Հովհաննիսյան

© Medialab.am