«Չլիներ արցախյան ազգային-ազատագրական պայքարը, չէր լինի նաև ՀՀ-ի անկախությունը. չլինի Արցախը, չի լինելու նաև Հայաստանը». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը 

– Պարո՛ն Բաբայան, անկախության օրվա խորհուրդը ձեզ համար ո՞րն է: Հե՞շտ տրվեց անկախությունը Հայաստանին:

– Այս օրը շատ խորհրդանշական է, ու Հայաստանի Հանրապետության անկախությունը արցախյան ազգային-ազատագրական պայքարի կարևոր ձեռքբերումներից մեկն էր: 

Չլիներ արցախյան ազգային-ազատագրական պայքարը, չէր լինի նաև Հայաստանի Հանրապետության անկախությունը: Այս բանաձևը շատ պարզ է. չլինի Արցախը, չի լինելու նաև Հայաստանի Հանրապետությունը: Սա պարզ ճշմարտություն է, ու, կարծում եմ, պետք չէ ամեն անգամ այդ բացատրել ու հիշեցնել:

Անկախությունը բարդ գործընթաց է, այն մեկ օրով ու մեկ հռչակագրով չի որոշվում: Անկախությունը պետք է պահպանել, դրա համար պետք է ճիշտ պայքարել, պայքարել ներքին ու արտաքին ասպարեզներում: 

Անկախությունը պահանջում է ճիշտ կառավարում, արդարություն, փոխադարձ հարգանք հասարակության մեջ, հայրենասիրություն, հավատ, սեփական արժեքների պահպանում ու պաշտպանություն: 

Այսինքն՝ սա հավերժ գործընթաց է, ու պարտադիր չէ՝ երկիրը հռչակի անկախությունը կամ ճանաչված լինի ՄԱԿ-ի կողմից, որ լինի անկախ: Անկախության համար պայքարը ամեն օր ու վայրկյան է, թե՛ ներքին, թե՛ դրսի արտաքին ոլորտում:

– Անկախության 30 տարվա ընթացքում ինչպե՞ս եք գնահատում այդ պայքարը, որտե՞ղ ենք թերացել, որտե՞ղ՝ հաջողել:

– Կան և՛ հաջողություններ, բնական է, և՛ կան թերացումներ, բացթողումներ, կորուստներ: Պարզապես պետք է համապատասխան դասեր քաղել սխալներից, պարտություններից ու կորուստներից: 

Կրկնում եմ՝ բարդ գործընթաց է, ու այստեղ շատ կարևոր է անկեղծությունը: Դա չի նշանակում, որ ամեն բան պետք է ասենք հրապարակային, բայց ինքներս մեր մեջ պետք է հասկանանք շատ բան: 

Շատ կարևոր է, որ անկախությունը պահպանի պետականամետ մոտեցում, հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմ, հավատք, միասնություն, որովհետև դա մի նավ է, որը պետք է անցնի փոթորիկներով լի օվկիանոսով: 

– Պարո՛ն Բաբայան, համակարծի՞ք եք, որ վերջին իրադարձություններից հետո Հայաստանն իր անկախությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած, իսկ ինքնիշխանությունն արդեն կորցրել է:

– Մենք պետք է պայքարենք մեր պետությունն ուժեղացնելու համար, լինելու են, կան շատ բարդ մարտահրավերներ, բայց հնարավոր է դրանք հաղթահարել, եթե ճիշտ աշխատենք, եթե լինենք այն բոլոր արժեքների կրողը, որոնց մասին ասացի, մնացածը ցույց կտա ժամանակը:

– Հայկական երկու պետությունների գործող իշխանությունները ճի՞շտ են աշխատում և կրո՞ղն են այն արժեքների, որոնք նշեցիք:

– Այդ գնահատականը տալու է պատմությունը, և տալիս է ժողովուրդը: Ասել, որ ժողովուրդը միշտ ճիշտ է կամ սխալ՝ ճիշտ չէ: Ես միշտ փորձել եմ լինել անկեղծ ու երբեք չխաբել, նույնիսկ եթե ողջ ճշմարտությունը չես ասում, բայց ամեն մի իշխանություն արժանի է իր ժողովրդին, այդ իշխանությունը Մարսից չի գալիս, ու ամեն ինչ ցույց կտա ժամանակը, բայց անկախ ամեն ինչից, պետք է աշխատել ի փառս երկրի:

– Ինչպես նշեցիք, եթե չլինի Արցախը, չի լինելու նաև Հայաստանը, այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում երկու պետությունների հարաբերություններն այսօր:

– Մենք պետք է պահպանենք մեր եռամիասնությունը՝ սփյուռք-Հայաստան-Արցախ, սա նաև կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահպանելու համար, իսկ դրա համար Արցախը պետք է լինի արժեք հայության մեջ ամենուր: 

Եթե չլինի դա, շատ բարդ է լինելու մեզ համար Արցախում, բարդ է լինելու նաև Հայաստանում, որովհետև Արցախը հայոց երկրի, մեր պատմական պետության բաղկացուցիչ մասն է: Եթե ժողովուրդը չի ընդունում իր հայրենիքի այս կամ այն մասը, նշանակում է չի ընդունում պետությունը, իրենց սեփական հայրենիքը, դրա համար պետք է լինի գերագույն արժեք, իհարկե սա պահանջում է աշխատանք, համապատասխան դիրքորոշում Արցախի կողմից, բարդ գործընթաց է, բայց միանգամայն հնարավոր է իրականացնել:

– Հայաստանի Հանրապետության անկախությունն այսօր վտանգվա՞ծ է, թե՞ ոչ:

– Շատ երկրների գոյությունն ու անկախությունը վտանգված են, իհարկե ունենք թշնամիներ, որոնք չեն էլ թաքցնում իրենց ծրագրերը: Եթե թշնամիների ծրագրերն այդպիսին են, կա ոտնձգություն, բնական է, որ կա վտանգ, բայց կա նաև հնարավորություն այն կանխելու համար, եթե ճիշտ աշխատանք տարվի, հնարավոր է ամեն ինչ կասեցնել, այստեղ շատ կարևոր է դիվանագիտությունը:

– Օրվա կապակցությամբ ի՞նչ ուղերձ կհղեք:

– Ուղերձը շատ պարզ է. ունենալ անսասան հավատք, միասնականություն և լավատեսություն, բնական է, պետք է ունենանք նաև կրթվածություն, աշխարհայացք, սա է բանալին հաղթանակների: Մենք պետք է լինենք ազգ՝ իր բոլոր հատկություններով, և, Աստված մի արասցե, կորցնենք ազգին բնորոշ հատկանիշները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am