Բելգիայի ֆլամանական խորհրդարանն ընդունել է Արցախի դեմ պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև

Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևում նշվում է, որ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտվել է Ադրբեջանի կողմից՝ Ստեփանակերտի ռմբակոծությամբ:

Բանաձևում նշվում  է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությունը:

Բանաձևում ասվում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական հետաքրքրություներն ապակայունացնում են տարածաշրջանը: Այն անդրադառնում է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախի դեմ կռվելու համար սիրիացի ահաբեկիչ վարձկանների օգտագործմանը: Ֆլամանական խորհրդարանի բանաձևի նախաբանում հանգամանալից կերպով ներկայացվում է ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը՝ նշելով հետևյալը.

  • 1923-ին գերազանցապես հայերով բնակեցված Լեռային Ղարաբաղն ընդգրկվել է Սովետական Ադրբեջանի կազմում
  • 1989-ին ԼՂԻՄ-ը Սովետական Հայաստանին միանալու հայտ է ներկայացրել, սակայն այն մերժվել է Սովետական Միության կողմից
  • 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել
  • Արցախն ինքնավար երկիր է, 2017-ին Լեռնային Ղարաբաղը Հանրապետեությունը ընդունել է Արցախի Հանրապետություն անունը

Մենկաբանելով Բելգիայի ֆլամանական խորհրդարանի բանաձևը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Այս բանաձևը ճիշտ է ներկայացնում հակամարտության պատմական կոնտեքստը և հանգամանքները: Սա շատ ողջունելի է, և կարևոր առաջին քայլ է: Մենք լիահույս ենք, որ  միջազգային հանրությունը կհասկանա, որ Արցախի Հանրապետության ճանաչումը ադրբեջանաթուրքական իշխանության և իրենց կողմից օգտագործվող ահաբեկիչ ջիհադիստների ցեղասպան պլանները կասեցնելու անդրժելի նախապայման  է»: