Արցախի հանձնման ակնհայտ գործընթաց է գնում, ընդ որում՝ առանց որևէ երաշխիքի, որ մենք դրա դիմաց կստանանք ինչ-որ բան. Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ելույթը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում, ինչո՞ւ էր Փաշինյանն ընտրել բոլորին հասանելի ձևաչափով հանդես գալ այդ հանձնաժողովում։

– Եթե կհիշեք՝ Կոնգրեսն իր դիրքորոշումը հայտնել է այդ հանձնաժողովի մասին և որևէ բան չի փոխվել, մենք պնդում ենք, որ սա պատեհ առիթ չէ այդ հանձնաժողովի գործունեության համար, ավելին՝ ես իմ կողմից կավելացնեի, որ սրանք այն մարդիկ չեն, որ պետք է քննեն 44-օրյա պատերազմի հանգամանքները։ 

Կարծում եմ, որ թե՛ փակ նիստերը, թե՛ այս շոուն ոչ միայն չեն քննում հարցերը, որոնց պատասխանները պետք է տա այս հանձնաժողովը, այլև դրանք ավելի քիչ վստահելի են դարձնում այն տեղեկատվությունը, որի մասին մենք ինչ-որ կերպ իմանում ենք փակ կամ բաց քննարկումներից հետո, այնպես որ, ես մնում եմ այն կարծիքին, որ այդ հանձնաժողովի գործունեության ո՛չ ժամանակն է պատեհ, ո՛չ՝ բովանդակությունը։ Հանձնաժողովը կազմված չէ այն սուբյեկտներից, որոնք կարող են օբյեկտիվ եզրահանգումների գալ։ 

– Նիկոլ Փաշինյանի ելույթում դուք և՞ս լսեցիք «սենսացիոն» նորություններ, ինչպես իր թիմակիցներն էին ասում։

– Ոչ մի նորություն, միայն նորից շարունակում էր պարտության կեղծիքը, շարունակում էր մանիպուլյատիվ հայտարարությունների մի նոր դոզա, իսկ ինչ վերաբերում էր բանակցությունների նախորդ շրջանին, ապա պետք է ասեմ, որ անթույլատրելի կեղծիքներ թույլ տրվեցին, որոնք ոչ միայն չեն նպաստելու, այլև ավելի են վատթարացնելու վիճակը՝ ապագայում Ղարաբաղի շուրջ զարգացումների հետ կապված։

– «ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, հետո ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ․ սա մոտ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր․ այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը». մեջբերումս Նիկոլ Փաշինյանի ելույթից է։ Պատերազմի օրերին նման իրավիճակի համար պատասխանատվություն կրողն ո՞վ պետք է լինի, պարո՛ն Խաչատրյան։

– Գիտեք, որ Տեր-Պետրոսյանն ասում է՝ փորձագիտական մակարդակով Ղարաբաղի հարցի բուն էությանը տիրապետում են վեց հոգի, այդ փորձագիտական մակարդակով տիրապետող մարդիկ, վստահ եմ, հիմա վեցից ավելի են, բայց ոչ այդքան շատ, ընդ որում՝ նրանցից իշխանության մեջ չեք գտնի։ 

Խոսքն այն մասին է, որ Ղարաբաղի հարցն իմացողները գիտեն, որ չի կարելի բանակցային գործընթացը տապալել, դրա տապալումը, ինչպես տեղի ունեցավ Մյունխենում, 2019-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, այդ բանակցային գործընթացից հրաժարումը բերեց մեզ այս աղետին ու կորուստներին, որովհետև ակնհայտ էր, որ այդ պահին մենք չունեինք ռազմական այն պոտենցիալը, որպեսզի մեծածավալ պատերազմի դիմագրավեինք։ 

Մյուս կողմից էլ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ինչքան էլ կար ռազմական դիսբալանս Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այնուամենայնիվ, գրագետ պաշտպանություն, գրագետ տակտիկա ունենալու դեպքում մենք կկարողանայինք շատ ավելի փոքր կորուստներով դուրս գալ այս պատերազմից, թեև դա տալու էր ընդամենը մեկ տարբերություն այսօրվա վիճակի համեմատությամբ․ մենք ուղղակի կունենայինք ավելի քիչ մարդկային կորուստներ, քաղաքական առումով, միևնույն է, կանգնելու էինք նույն կետի վրա, գուցեև որոշ տարածքային կորուստներ ևս չունենայինք, որովհետև պատերազմով որևէ դրական արդյունքի չէինք հասնելու։ 

Պետք էր պահել եղած դիվանագիտական հնարավորությունները և դրանց միջոցով հասնել հարցի լուծմանը․ թելը, որ ձգում, ձգում, ձգում ես, ի վերջո կտրվում է, մենք Արցախի հարցում գործ ունեինք արդեն այդ ձգված թելի հետ, ու ցանկացած տատանում բերելու էր այդ թելը կտրվելուն։ 

Նիկոլ Փաշինյանի գլխավոր ստրատեգիական սխալը հենց սա չհասկանալն էր, իսկ այդ թելի պրկվածությունը թուլացնելու նրա բոլոր ջանքերը լրիվ հակառակ ազդեցությունն ունեցան, բայց դա հաշվարկելի էր։

– Հարցս անպատասխան մնաց, պարո՛ն Խաչատրյան, նման իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն ո՞վ է։

– Այդ հարցը չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում, մենք իսկապես այս մանկապարտեզի մե՞ջ ենք, թե՞ խենթանոցի, բնականաբար, այդ բոլոր տեղեկատվությունները, ընդ որում՝ տարբեր աղբյուրներով՝ բանակի հետախուզություն, հակահետախուզություն, Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզություն, բոլոր խողովակներով պետք է ճշտված ու իր սեղանին դրված լինեին, եթե չեն եղել իր սեղանին, ուրեմն մենք ունեցել ենք անգործունյա գերագույն գլխավոր հրամանատար, որի հետագա պաշտոնավարումը միանշանակ պետք է բացառվեր։

– Դատելով ընթացող բանակցային գործընթացներից՝ Արցախի հարցով ի՞նչ զարգացումների սպասենք։

– Այսօր Արցախի հանձնման ակնհայտ գործընթաց է գնում, ընդ որում՝ առանց որևէ երաշխիքի, որ մենք դրա դիմաց կստանանք ինչ-որ բան։ Ես համարում եմ, որ մենք ունենք շատ վատ բանակցող, շատ թույլ դիրքերից ենք բանակցում, որի պատճառը ոչ միայն Հայաստանի թուլացած վիճակն է, այլ նաև՝ թե՛ պետական, թե՛ քաղաքական համակարգերում տիրող ճգնաժամը։ 

Մենք գտնվում ենք քաղաքական անընդհատ ճգնաժամի մեջ, որն էլ մեզ թույլ չի տալիս լուծել առկա խնդիրները, որովհետև այդ տուրբուլենտ գոտում գտնվելով՝ մենք անընդհատ գնում ենք կորուստներ ունենալու ճանապարհով ու եթե այս տեմպերով շարունակենք՝ անհնար կլինի այդ կորուստները վերականգնել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am