Պետության հակառակորդները. Եկեղեցիներ

Վահրամ Թոքմաջյան

Հռոմի Պապից առավել կաթոլիկ, մուսուլմաններից՝ բազմապատիկ ջերմեռանդ: Թերևս այսպես կարելի է բնութագրել այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ տարբեր կրոնական կազմակերպությունների հոգևոր հավաքների շուրջ: 

Կորոնավիրուս կոչվող խուճապը աշխարհի բազմաթիվ երկրների ստիպել է հայտնվել արտակարգ դրության մեջ: Արդեն իսկ առկա են փաստեր, որ մի շարք երկրներում այս վարակի տարածմանը նպաստող գործողններից է որոշակի կանոններ չպահպանելը, այդ թվում նաև՝ կրոնական արարողությունների ժամանակ: 

Որպեսզի վերտառության մեջ առկա հոգնակին՝ եկեղեցիները, տարընկալման հիմքեր չտան, հարկ եմ համարում նշել, որ այստեղ քննարկում ենք Հայաստանում գործող բոլոր այն կրոնական կազմակերպությունները, որոնք իրենց անվանում են եկեղեցի, Աստծո թագավորության սրահ կամ այլ կերպ: 

Բնավ կարիք չունենք քննարկելու մարդկանց խղճի, մտքի, դավանանքի ազատությունը, դրանց դրսևորման օրինական ձևերը, արտահայտման միջոցները: Քավ լիցի, դրանք նույնքան անձնական են, որքան մարդու սեփական անկողինը:

Մենք խնդիր ենք դնում քննարկել կառույցների որդեգրած գիծը:

Կրոնական կազմակերպությունները, հոգևորից զատ, ունեն նաև սոցիալական գործառույթներ: Այդ մասին մենք չէ, որ ասել ենք: Բազմաթիվ պատեհ և անպատեհ առիթներով այդ մասին խոսել են հենց այդ կառույցների ներկայացուցիչները: Այդ սոցիալական պարտավորությունը բնավ չի դրսևորվում աղոթքներով կամ հանդերձյալ կյանքին պատրաստելով:

Ստեղծված իրավիճակն իր բացասական կողմերով հանդերձ լավագույն առիթն է ապացուցելու, որ մինչ այս եղած հայտարարությունները՝ «մենք պետության կողքին ենք», «հանուն պետության ենք», «պետության հետ ենք», «մեզ մի առանձնացրեք պետությունից», մերկապարանոց չեն, իրական են, այլ ոչ՝ երեսպաշտություն:

Ինչպե՞ս վարվեց Հռոմի Պապը:

Կոչ արեց հոգևորականներին այցելել վարակվածներին, իսկ ինքը վերջին 66 տարում առաջին անգամ պատուհանից ելույթ չունեցավ: Ճիշտ է, դիմեց հավատացյալներին, բայց առցանց:

Մտածեց նրանց առողջության մասին: Իհարկե, մառազմատիկ դավադրապաշտները կարող են վերոհիշյալ 66-ի կողքին ևս մեկ 6 ավելացնել ու հյուսել իրենց հերթական հոգեցնորքը, բայց դա դույզն-ինչ չի նվազեցնում Պապի սերն առ հավատավոր հոտ:

Իրանի խոշոր քաղաքներում, այդ թվում նաև՝ շիա մահմեդականների սրբազան Ղոմ քաղաքի մզկիթներում (որը հենց Իրանում կորոնավիրուսի վարակի տարածման էպիկենտրոնն է) իշխանությունների հրահանգով չեղարկում են ուրբաթօրյա նամազն ու այլ կրոնական արարողություններ։

Սաուդյան Արաբիան բոլոր օտարերկրացիների համար արգելք է սահմանել մահմեդական սրբազան քաղաքներ Մեքքա ու Մեդինա այցելելու համար։ Պատկերացնո՞ւմ եք, թե դրանք ինչ հակաաստված մարդիկ են:

Ինչպե՞ս վարվեցին Հայաստանում: Առնվազն ես տեսա մի քանի կրոնական առաջնորդների լղոզված կոչեր, որոնցում կամ հարգում էին կառավարությանը կամ՝ իշխանությանը: Բնականաբար այդ կոչերը զուգորդված էին հավատավոր հոտի առողջության մտահոգություններով:

Սակայն կոչից անդին՝ մտահոգությունը վերանում է: Առաջ է գալիս պետություն-եկեղեցի հարաբերությունների չարչրկված թեման:

Այս մասով իմ կարծիքը հայտնի է, ուստի նորեն չեմ բարձրաձայնի: Ինձ համար ակնհայտ է մի բան. կրոնական կառույցների բազմաթիվ շրջանակներ պետությունը նույնացնում են իշխանության հետ և, հակասության մեջ մտնելով, հարվածում են հենց այդ պետությանը: Դա նոր գործելաոճ չէ, դա դարերով ամրագրված ճշմարտություն է:

Ասածիս մեջ ոճրադավ մտայնության թեզեր հորինելու մեկ կաթիլ անգամ չկա: Պնդումս փաստարկված է ինչպես հայոց, այնպես էլ համաշխարհային պատմությամբ:

Ի՞նչ կարող է անել այս պարագայում պետությունը: ՀՀ և ՀԱՍԵ հարաբերությունները կարգավորող օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»:

Այս խնդրահարույց օրենքի մասին երիցս ենք խոսել: Փաստացի ստացվում է, որ եթե անգամ պետությունը որոշի քայլեր ձեռնարկել, եկեղեցին հանգիստ կարող է ավանդական հարցադրում անել…

Մյուս կողմից՝ պետությունն ունի հնարավորություն կիրառելու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածը.

«Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը և կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար»:

Բայց պատկերացնում եք, թե դրանից հետո որոշ շրջանակներ ինչ ջերմեռանդությամբ կթողնեն աղոթելը և փութաջանորեն կլծեն մոլեռանդ մեղադրանքներ հնչեցնելու գործին. «սատանայապաշտներ», «ազգադավներ», «մամոնայի ծառաներ», «ստորաքարշ գեյեր»…

Սա այն փոքրիկ գիծն է, որը մեզ բաժանում է աղոթքից հայհոյանք ընկած տատասկոտ ճանապարհին:

Ողջախոհություն ամենեցուն:

Հ. Գ. Հայաստանում գործող քրիստոնեական կազմակերպությունները, եթե չեն ուզում շարժվել պետության կանոններով, կարող են առաջնորդվել իրենց Սուրբ Գրքով, որում գրված է. «Նաև երբ աղոթում եք, մի՛ եղեք կեղծավորների նման, որովհետև նրանք սիրում են ժողովարաններում և գլխավոր փողոցների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց կողմից նկատվեն։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նրանք իրենց վարձատրությունը ամբողջությամբ արդեն ստացել են։

Բայց դու, երբ աղոթում ես, մտիր քո սենյակը, փակիր դուռը և աղոթիր քո Հորը, որ ծածուկ տեղում է, և այդ ժամանակ քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ։ Եվ երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր, ինչպես որ այլազգի մարդիկ են անում, քանի որ նրանց թվում է, թե իրենց շատ խոսքերի պատճառով պիտի լսվեն։ Ուրեմն մի՛ նմանվեք նրանց, որովհետև Աստված՝ ձեր Հայրը, նախքան ձեր խնդրելը արդեն գիտի, թե ձեզ ինչ է պետք» (Մատթեոս 6:1-34):

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am