«Րաֆֆին ի սկզբանե դատապարտված էր». վերլուծաբանները` Րաֆֆի Հովհաննիսյանի անտրամաբանական քայլերի մասին

«Րաֆֆին ի սկզբանե դատապարտված էր». վերլուծաբանները` Րաֆֆի Հովհաննիսյանի անտրամաբանական քայլերի մասին
«Րաֆֆին ի սկզբանե դատապարտված էր». վերլուծաբանները` Րաֆֆի Հովհաննիսյանի անտրամաբանական քայլերի մասին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախօրեին կատարած քայլը բուռն քննարկման թեմա է դարձել լրատվամիջոցներում և սոցցանցերում: Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ էր թողել ժողովրդի մի մասին զինված ոստիկանների դեմ, իսկ ինքը դեպքի վայր ժամանած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու ժողովրդի մյուս մասի հետ գնացել էր Ծիծեռնակաբերդ:

«Ւնձ համար մի քիչ անհասկանալի է, թե ի´նչ կապ ունի նախագահի ընտրությունների արդյունքների վերանայումը, ապրիլի 9-ի հանրահավաքը, Ազատության հրապարակում անցկացված, այսպես կոչված, երդմնակալությունը և Ծիծեռնակաբերդ գնալը: Դա ուղղակի տրամաբանական չէր»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Նա նշում է, որ հասարակությունն Ազատության հրապարակում հասկացավ, որ գործընթացը տարվում է դեպի Երևանի ավագանու ընտրություններ: Հետևաբար հրապարակ եկած ցուցարարների շրջանում դժգոհություն առաջացավ, դա «Ժառանգություն» կուսակցության և ցուցարարների միջև բերեց քաղաքական գծերի բախման, և այդ բախումն արտահայտվեց հանրահավաքի մասնակիցների մի մասի և ոստիկանության միջև ընդհարմամբ:

«Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց նախագահի ընտրությունների հետ կապված գործընթացը սահուն տանել դեպի Երևանի ավագանու ընտրություններ: Իսկ Ազատության հրապարակ եկած ցուցարարները ցանկանում էին ազդել նախագահի ընտրությունների արդյունքի վրա: Նրանք ակնկալում էին, որ պետք է գործընթացներ իրականացվեն, որպեսզի վերանայվի այդ արդյունքը, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ խոսում էր այդ ընտրությունների կեղծված լինելու մասին: Իհարկե, ընտրությունները կեղծված են, բայց «Ժառանգություն» կուսակցությունը շատ սահուն տանում էր գործընթացը դեպի Երևանի ավագանու ընտրություններ»,- ընդգծեց նա:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ նկատում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բավական ծանր կացության մեջ էր հայտնվել: Մի կողմից ուզում էր ցույց տալ, թե վճռական քայլերի կողմնակից է, մյուս կողմից` շատ լավ հասկանում էր, որ վճռական քայլերի գնալ նշանակում է բախումներ ոստիկանների հետ, և չէր բացառվում, որ կրկնվեր մարտի 1-ի փոքր մոդելը:

«Եվ փաստորեն նա նախընտրեց միջինացված տարբերակը: Դա, այսպես ասած, բախումների իմիտացիան էր. սկզբում փորձում էր ցույց տալ, թե պատրաստ է վճռական քայլերի, բայց մյուս կողմից` կարող է պայմանավորվել իշխանությունների հետ, որ բախումներ չլինեն: Մեկ օրինակ բերեմ. Բաղրամյանով շարժվեցին մայթերով, ոչ թե փողոցով: Բոլորս էլ հասկանում ենք, որ մայթերով շարժվելը որևէ լուրջ էֆեկտ չի տալիս: Նա մարդկանց հավաքում է Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում, բայց ինքը գնում է Ծիծեռնակաբերդ մոմավառության՝ իմանալով, որ մոմավառությունը կարևոր սիմվոլիկ նշանակություն ունի և այդ իրավիճակին համարժեք չէ: Այսինքն՝ նրա քայլերն ավելի շատ հետևյալն էին. նա ուզում էր հասարակության աչքից չընկնել, որ մի կողմից իրենց չմեղադրեն, թե վճռական քայլերի չի գնում, մյուս կողմից` փորձում էր այնպես անել, որ հանկարծ արյուն չթափվի, որ իրեն չմեղադրեն, թե դու արյուն թափեցիր: Այսինքն՝ այս երկու ծայրահեղ կարգավիճակում գտնվող մարդը ստիպված էր իմիտացիաներով զբաղվել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Երվանդ Բոզոյանը:

Այն հարցին, թե սա ինչպե՞ս անդրադարձավ Հովհաննիսյանի վարկանիշի վրա, եթե հաշվի առնենք, որ հասարակությունն ակնհայտորեն դժգոհ է նրա պահվածքից, քաղաքագետը պատասխանեց, որ նա ի սկզբանե դատապարտված էր, հաջողության չէր հասնելու: Միևնույն է, ապրիլի 9-ից հետո նրան մեղադրելու էին:

«Եթե վճռական քայլերի դիմեր, ոստիկանության հետ բախումներ լինեին, մարդ մահանար, միևնույն է, նրան էլի մեղադրելու էին, թե ժողովրդին տարար գելի բերան, արյուն թափեցիր և այլն: Եթե չգնար այդ բախումներին, ասեր՝ հարգելի ժողովուրդ, հիմա պետք չէ, ես գնում եմ տուն, եկեք 3, 4, 5 օրից, նրան ոչ ոք չէր հասկանա: Միևնույն է, երկու դեպքում էլ նա վարկանիշի կորուստ էր ունենալու»,- նշում է նա:

Ըստ Բոզոյանի՝ այդ պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում կայացրեց այս կորուստը նվազագույնի հասցնել, այն է՝ գնալ ցնցումների, բայց այնպես անել, որ արյուն չթափվի: «Նա ուզում էր ասել՝ հարգելի ժողովուրդ, ես գնում եմ գործողությունների, բայց ոչինչ չի ստացվում: Նա փորձում էր իր վարկանիշի կորուստը նվազեցնել»,- կարծում է Բոզոյանը:

Երվանդ Բոզայանն արձանագրում է, որ ի սկզբանե Րաֆֆի Հովհաննիսյանը շանսեր չուներ և չէր կարող հաջողության հասնել նախագահի ընտրություններում:

«Եթե նա հաջողության հասներ, ապա Տեր-Պետրոսյանն էլ կմտներ գործընթացի մեջ, Ծառուկյանն էլ, բայց նրանք չմտան, որովհետև գիտեին, որ միևնույն է, հաղթելու շանս չունեն»,- ասում է նա:

Բոզոյանի կարծիքով` եթե ընդդիմությունը հաղթեր, ապա հաղթանակի շանս կլիներ, բայց քանի որ չհաջողվեց միավորվել, որևէ արդյունք չեղավ: Րաֆֆի Հովհաննիսյանին մարդիկ ընտրեցին, քանի որ նա իշխանություններին այլընտրանք դիտվեց: Սակայն ընդդիմության չմիավորման պարագայում նա չկարողացավ պահել իր ձայները:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի կեսօրին Ազատության հրապարակում, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, տեղի ունեցավ «նոր Հայաստանի» երդմնակալության արարողությունը: Հանրապետության տարբեր մարզերից հրապարակ եկած մարդիկ այլ սպասելիքներ ունեին Հովհաննիսյանից, սակայն նա հայտարարեց, որ որևէ կտրուկ գործողություններ ու բախումներ թույլ չի տալու: Հավաքվածները, սակայն, ակնհայտորեն բարկացած էին և վանկարկում էին` հի-մա, հի-մա, հի-մա:

Իսկ երեկոյան Հովհաննիսյանը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայով բարձրանալու են Ծիծեռնակաբերդ, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց պողոտայով շարժվել, Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում ոստիկանների ու ժողովրդի միջև բախում տեղի ունեցավ: Դեպքի վայր ժամանած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանն առանձնացավ՝ բանակցելու նպատակով, իսկ ժողովուրդը նրան սպասում էր Բաղրամյան պողոտայում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը ոստիկանապետի հետ գնում է Ծիծեռնակաբերդ, որտեղ աղոթեցին ու մոմ վառեցին: Այս պահվածքն ակնհայտորեն հարուցել է հասարակության մեծ մասի զայրույթը:

© Medialab.am