«19 տարի միասին ենք ապրել, ասում էին՝ ոնց որ նոր սիրահարված զույգ լինեք»․ փոխգնդապետի այրին՝ «մեծ հարստություն կորցրեցի»

Էլմիրա Հայրապետյանը վերջին երկու տարին ապրում է ամուսնու հետ անցկացրած 19 տարիների հիշողություններով։ Պատերազմի թողած ցավի ու տառապանքի մեջ Էլմիրան ընտանեկան կյանքի երջանիկ դրվագները վերապրելով է կարողանում ուժ գտնել նորից ոտքի կանգնելու և երեք երեխաներին մեծացնելու համար։

«Շատ մեծ հարստություն կորցրեցի։ Կարենի հետ 19 տարի միասին ենք ապրել, հարևաններս ասում էին՝ ոնց որ նոր սիրահարված զույգ լինեք։ Տարիներն անցնում էին, ես զգում էի՝ թե սկիզբն ա, թե նոր ենք ամուսնացել: Կարենը շատ հոգատար էր, ուշադիր, մեր օրը տոն էր դարձնում։ Ես հիմա էլ իրանով եմ ապրում, ամեն վայրկյանը վերապրում եմ, ժպտում եմ, բարեկամներիս մոտ պատմում եմ»,- ասում է փոխգնդապետ Կարեն Հայրապետյանի այրին։

Ինչպես 2016-ի քառօրյա պատերազմի, այնպես էլ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ փոխգնդապետ Կարեն Հայրապետյանը առաջնագծում էր՝ հայրենիքի պաշտպանությունն իրականացնելու նպատակով։

Մարտեր է մղել Կարմիր Շուկայում, Հադրութում։ Հադրութում ընկել է շրջափակման մեջ, ապա կարողացել է մի կերպ դուրս գալ, շարունակել է պայքարը Հադրութ-Ֆիզուլի հատվածում։

Կինը պատմում է, որ 2020 թ․ հոկտեմբերի 12-ին երկու օր կապ չհաստատելուց հետո ամուսինը զանգել է ու ասել, որ ամեն ինչ լավ է, հանգիստ է, մինչդեռ հետագայում ընտանիքի անդամները իմացել են, որ նախորդող օրերին Կարենը թեժ մարտերի է մասնակցել Հադրութի ու Ֆիզուլիի հատվածում և միայն հանդարտվելուց հետո է կապ հաստատել։ Խոսել է ընտանիքի անդամների հետ, հարցրել՝ ինչպես են, խոստացել, որ մի քանի օրից կվերադառնա։

Սակայն իրավիճակի հանդարտ լինելը երկար չի տևել։ Խոսելուց 20 րոպե անց թշնամին «Բայրաքթարներով» սկսել է հարվածել: 

«Տղաներից պատմել են, որ երկու «Բայրաքթար» ա եկել ու իրենց խփել։ Կարենի ընկերը հազիվ ա ողջ մնացել, ասում էր՝ Կարենն ա ինձ փրկել, եթե ինձ չհրեր, չընկնեի, ես էլ կզոհվեի։ Ասում ա՝ ուշքի ա եկել, տեսել՝ մի մասը վիրավոր է, մի մասը՝ զոհված»,- ցավով վերապատմում է Էլմիրան։

Ընտանիքի անդամները հաջորդ օրն իսկ իմացել են ողբերգական դեպքի մասին։ 

Էլմիրան հիշում է՝ հարազատները, հարևանները եկել են տուն, արցունքները սրբելով ասել՝ Կարենի հետ վատ բան է եղել։ 

Էլմիրան նշում է՝ չէր կարողանում հավատալ ամուսնու զոհվելու վերաբերյալ լուրին, քանի որ միշտ վստահ է եղել, որ ամուսնուն ոչինչ չի լինի։

«Ինքը ամեն ինչի միջով անցել էր, առաջնագիծը, դիրքերը լավ գիտեր, լավ տիրապետում էր հաշվարկին, մտքներիս ծերով չի անցել, որ կարա զոհվի»։

Էլմիրան պատմում է՝ ամուսնու մարտական ուղին անցել է Մարտունի 2, Ջաբրայիլ 1 և 4-րդ բանակային կորպուսում։ 2016-ի քառօրյա պատերազմին եղել է Ջաբրայիլի գնդի շտաբի պետը։ Արժանացել է «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի, Մարտական ծառայության, «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և  3-րդ  աստիճանների, «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան»,«Վազգեն Սարգսյան», «Լեռնահայաստանի Արծիվ» և այլ մեդալների ու պարգևների։ 

«44-օրյայի ժամանակ էլ միշտ ասում էր՝ ինձ վատ բան չի լինի, Աստված ինձ կպահի։ Մենք չէինք պատկերացնում, որ ինքը կարա զոհվի»,- հուզմունքի միջից նշում է այրին։

Դեպքից երկու օր անց՝ հոկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել Կարեն Հայրապետյանի հուղարկավորությունը Գորիսի եղբայրական պանթեոնում։

44-օրյա պատերազմի ժամանակ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ՀՀ նախագահի հրամանով Կարեն Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Կինն ասում է՝ հոկտեմբերի 13-ից գլխիվայր շրջվեց իրենց կյանքը, «աշխարհում մնացինք մենակ, գիտակցեցի՝ Կարենը չկա, հասկացա՝ երեք երեխաներին պահել ա պետք»։

Էլմիրան պատմելով ամուսնու մասին ասում է՝ իր նմանը չկար։ Հիշում է՝ ամուսինը ուր գնար, իր հետ ծաղիկներ կբերեր, եթե ոչ ծաղկի խանութից, ապա մի այգուց անպայման կքաղեր, կբերեր, սիրում էր ուրախացնել ընտանիքի անդամներին։

«Ինքը զինվորական էր, իրա առաջին ընտանիքը եղել ա զորքը, բայց մեզ երբեք չի անտեսել։ Երբ ազատ ա եղել, եկել ա, տանը չի նստել, ասել ա՝ գնում ենք ստեղ-էնտեղ, շաբաթ-կիրակի տնից մեզ հանում էր, օրական իմ համար մի աշխարհ կբացեր»,- կարոտով հիշում է Էլմիրան։

Որպես հայր և որպես որդի Կարենը ևս շատ ուշադիր էր ու հոգատար՝ ասում է Էլմիրան։

Կինը հիշում է՝ ամուսինը մարտի դաշտից զանգելիս մշտապես հարցնում էր երեք երեխաներից, ծնողներից։ Կրտսեր որդին՝ Դանիելը, քրոջից-եղբորից 16 տարի հետո էր ծնվել և ընդամենը 2 ամսական 20 օրական էր, երբ պատերազմը սկսվեց։ Էլմիրան ասում է՝ ամուսինը շատ էր ուրախացել Դանիելի ծնունդով, ափսոս, չկարողացավ տեսնել նրա մեծանալը։ «Միշտ զանգում էր, ասում էր՝ լավ կպահես Դանիելին»,- ասում է ու հուզվում կինը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am