Դատարանը Նարեկ Սարգսյանի գործով անցել է դատական քննության արագացված կարգի․ Hetq.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, երեկ՝ հունիսի 10-ին, որոշել է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործով արագացված դատաքննության անցնել, գրում է Hetq.am-ը։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, այսինքն՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու մեջ։

Փետրվար ամսին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Սարգսյանին վերագրվող առևանգման դրվագով անցնող տուժող Արամ Կարապետյանն առարկել է դատական քննության արագացված կարգին, սակայն պատճառների մասին չի խոսել, ասել է, թե դրանց մասին կխոսի փաստաբանը։

Տուժող Կարապետյանը, սակայն հետագայում նշանակված դատական նիստերին չի ներկայացել՝ ծանուցված լինելով։ Պիվազյանի խոսքով՝ նման պայմաններում դատարանն արձանագրել է, որ տուժողը չարամտորեն է օգտվում իր իրավունքից, մոտ երեք ամիս ժամանակ է ունեցել՝ դիրքորոշումը ներկայացնելու համար, ինչը չի արել, և որ վերջինիս առարկությունը՝ դատական քննության արագացված կարգի դեմ հիմնավորված չէ:

Դատարանը որոշել է անցել արագացված դատաքննության։ Նշենք, որ արագացված կարգով դատական քննություն անցկացնելու դեպքում քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում: Սակայն ուսումնասիրվում են ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

Դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: Սակայն նման կարգով անցկացված դատաքննության դեպքում ամբաստանյալն իրավունք չի ունենում բողոքարկել գործի փաստական հանգամանքների վերաբերյալ դատարանի արած հետևությունները: Այսինքն՝ եթե դատարանը անձին մեղավոր է ճանաչում նրան վերագրվող արարքների կատարման համար, ապա ամբաստանյալը չի կարող այս մասով բողոքարկել դատարանի վճիռը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում