«Մեր ԱԳՆ-ն արձակում է Բաքվի ձեռքերը, որովհետև այդ հայտարարությամբ ցույց են տալիս, որ պայքարի, դիմադրության մտադրություն չունեն». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական երեկվա սադրանքների նպատակը ո՞րն է, ինչո՞ւ է Ադրբեջանը դիմում սահմանային էսկալացիայի:

– Ադրբեջանն իր առաջ մի քանի նպատակ է դրել. մինչև երեկվա դեպքերը, նրանք որոշակի սադրանքների դիմեցին նաև Արցախում. Կարմիր Շուկայի ուղղությամբ էին կրակում, քարերով մեքենաներին հարվածում: Ալիևի տարեվերջյան ելույթը ևս մեկ անգամ խոսում էր այն մասին, որ Հայաստանը պետք է գնա «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը՝ հակառակ դեպքում կզղջա: Ադրբեջանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա փորձում է ամեն ձևով ճնշում գործադրել Հայաստանի վրա ու հասնել այդ պայմանագրի կնքմանը, որը բացառապես բխելու է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից:

Այսօր էլ՝ էսկալացիայից մեկ օր անց, տեղի է ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ցանկացած պահի պատրաստ են օգնելու Ադրբեջանին, իրենց բնորոշմամբ՝ Հայաստանի ագրեսիային կամ սադրանքներին դիմակայելու համար:

Ակնհայտ ու հրապարակային ռազմական աջակցության առաջարկ է արվում, թեև մենք գիտենք, որ այդ պետությունները միասնական են գործում, բայց, փաստացի, արդեն ցույց են տալիս նաև Հայաստանի սահմանի հետ կապված իրենց համատեղ ծրագրերը:

Բնականաբար, այս հարցում նաև առաջնահերթ է «միջանցքի» թեման, ու այդ համատեքստում պատահական չէ, որ հունվարի 3-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է այն մասին, որ պետք է Զանգեզուրի ու Բերձորի (Լաչինի) միջանցքների հարցը լուծվի: Այսինքն՝ մի կողմից մենք ունենք Ադրբեջանի կողմից դրված հստակ նպատակներ Հայաստանի հետ կապված՝ տարածքային նկրտումներ, ճնշման գործիքակազմի կիրառում, մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական համատեղ ծրագրեր ու, իհարկե, աշխարհաքաղաքական պայքար Թուրքիայի ու Ռուսաստանի ազդեցության գոտիների միջև: Ղազախստանի վերջին դեպքերը, Ուկրաինան, սպասվող բանակցությունները, իհարկե, իրենց ազդեցությունն ունենում են:

– Քաղաքագիտական որոշ շրջանակներ նշում են, որ սահմանային էսկալացիան կապված է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայելու հանգամանքի հետ: Համակարծի՞ք եք, և, ընդհանրապես, ղազախական դեպքերի մասին ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Ադրբեջանը:

– Ադրբեջանը փորձել է գերազանցապես քիչ թե շատ չեզոքություն պահպանել, բայց մի քանի հետաքրքիր շեշտադրումներով: Եթե թուրքական մամուլն ավելի խիստ էր իր ձևակերպումներում, ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը՝ նույն Ռուսաստանի հետ կապված, փորձում էր ավելի զգուշավոր լինել:

Բայց մի քանի տեքստերի հանդիպեցի, որոնցում նշվում էր, որ Ղազախստանի դեպքերից հետո իրենք պետք է հստակ հասկանան, թե ինչպե՞ս են ռուս խաղաղապահները դուրս գալու Լեռնային Ղարաբաղից: Այսինքն՝ այս խնդիրը կրկին ասպարեզ է բերվում, գիտեք, որ մի շրջան կար, երբ բավականին լարված էր, քանի որ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները նաև նպատակ ունեն դելեգիտիմացնել ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում:

Կարծում եմ՝ միայն ՀԱՊԿ-ի գործողությունները չեն պատճառը, բայց, իհարկե, թյուրքական աշխարհը դժգոհ է այն իրավիճակից, որը ստեղծվեց Ղազախստանում՝ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայմամբ, և կարող են նաև Ադրբեջանին օգտագործել՝ տարածաշրջանում որոշակի լարվածություն առաջացնելու համար:

– Տիկի՛ն Հայրապետյան, որո՞նք պետք է լինեն հայկական կողմի գործողությունները ստեղծված իրավիճակում, որովհետև կան մասնագետներ, որնք ասում են, թե պետք է դիմել ՀԱՊԿ-ին:

– Անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ է, որ այս ժամանակահատվածում հեռախոսազրույցներն արվում են ոչ թե ռուս գործընկերների հետ, այլ, օրինակ՝ ամերիկացի գործընկերների հետ են երեկ քննարկումներ ծավալվել:

Ինձ համար անհասկանալի է նաև մեր արտգործնախարարության հայտարարությունը. հերթական անգամ զորքերի հայելային հետքաշման մասին անտրամաբանական առաջարկով են հանդես գալիս այն իրավիճակում, երբ մենք գործ ունենք կոնկրետ ագրեսիայի հետ, ունենք զոհեր:

Փոխարենը հավուր պատշաճի ներկայացնի իրավիճակը իր միջազգային գործընկերներին, մեր ԱԳՆ-ն հերթական չհաշվարկված առաջարկն է անում, որի հետևանքները լինում են այն, որ նախ՝ թուլացնում են մեր դիրքերը երկրի ներսում, երկրորդ՝ չունի ասելիք ու անհասկանալի է միջազգային գործընկերների համար, երրորդ՝ արձակում են Բաքվի ձեռքերը, որովհետև դրանով ցույց են տալիս, որ պայքարի, դիմադրության մտադրություն չունես:

– ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

– Չգիտեմ, թե այժմ ինչ իրավիճակ է ու ինչ հետագա ընթացք կլինի: Ասածս այն էր, որ ռուս գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցների մամուլի հաղորդագրությունները պետք է տարածվեին, բայց չկա: Չեմ կարող ասել, որ այսօր անպայմանորեն պետք է դիմեն ՀԱՊԿ-ին, որովհետև այժմ մենք փաստացի կարողացել ենք հետ մղել ադրբեջանական ագրեսիան, բայց եթե գործ ունենանք թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիայի հետ, որի ակնարկը, ինչպես նշեցի, կար այս երկրների նախարարների այսօրվա հեռախոսազրույցում, իհարկե պետք է գործի դրվի այդ գործիքակազմը:

– Ադրբեջանն ինչո՞ւ չի պահպանում ձեռք բերված համատեղ համաձայնությունները, ու դրանց խախտումը հնարավոր հետևանքներ կունենա՞ հենց Ադրբեջանի համար:

– Դատելով Ադրբեջանի ներսում ընթացող որոշ գործընթացներից՝ նրանք նպատակ ունեն ամբողջությամբ ձերբազատվել ռուսական ազդեցությունից: Վերջին շրջանում շարունակաբար նման տեքստեր են հնչեցվում, որ պետք է ռուսամետ պաշտոնյաներն ամբողջությամբ հեռացվեն պետական օղակներից, Ալիևը շարունակ կրկնում է, որ ադրբեջանական բանակը վերազինվում է Թուրքիայի կողմից, թուրքական մոդելով, թուրք գեներալների առաջնորդությամբ: Այսինքն՝ Ադրբեջանի ուղղվածությունը հստակ է, և, բնականաբար, սա չի բխում Ռուսաստանի շահերից:

Տպավորությունս այնպիսին է, որ ռուսական կողմը հույս ունի գործընկերային հարաբերությունների միջոցով փորձել կարգավորել իրավիճակը, Ադրբեջանին հնարավորինս պահել իր ազդեցության գոտում, հետագայում բարձրացնել ԵԱՏՄ-ի ու այլ հարցերի հետ կապված խնդիրներ, բայց իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանն արդեն ամբողջությամբ թուրքական ազդեցության տակ է ու շարժվում է նրա օրակարգերով, իսկ այս պարագայում պետք է այլ գործիքակազմեր կիրառվեն, որպեսզի Ադրբեջանին վերադարձնեն կառուցողական դաշտ, իսկ սրա համար պետք է նաև հայկական կողմից հստակ աշխատանք տարվի ռուս գործընկերների հետ:

– Տիկի՛ն Հայրապետյան, նաև հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների այսօրվա հեռախոսազրույցի բովանդակությունը՝ առաջիկայում սահմանային նոր սրացումների սպասե՞նք:

– Ցավով պետք է նշեմ, կարծում եմ, այո՛, Ալիևի անցյալ տարվա բոլոր ելույթները, գործողությունները ցույց են տալիս, որ նրանք գնում են այդ սադրանքներին կոնկրետ նպատակներով:

Մի կողմից այդ ամենին պետք է տրվի ռազմական համարժեք պատասխան, ինչը երեկ տեղի ունեցավ՝ շնորհիվ մեր զինվորների, իսկ մյուս կողմից էլ՝ պետք է միջազգային գործընկերների հետ աշխատանք տարվի, անհասկանալի ու անբովանդակ օրակարգերը պետք է փոխարինվեն ավելի հստակ ռազմավարությամբ ու գործողություններով՝ Ադրբեջանի հետագա սադրանքներն ու նպատակները ձախողելու համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am