«Մեծ մասամբ ժողովուրդը շատ մակերեսային է ընկալում Թումանյանին, եթե խորությամբ ընկալեր, մենք իսկապես փոխված կլինեինք»․ Ավետիք Իշխանյան

«Մեծ մասամբ ժողովուրդը շատ մակերեսային է ընկալում Թումանյանին, եթե խորությամբ ընկալեր, մենք իսկապես փոխված կլինեինք»․ Ավետիք Իշխանյան
«Մեծ մասամբ ժողովուրդը շատ մակերեսային է ընկալում Թումանյանին, եթե խորությամբ ընկալեր, մենք իսկապես փոխված կլինեինք»․ Ավետիք Իշխանյան

Թումանյանի ստեղծագործությունները մի հսկայական ուղենիշ կարող էին լինել հայ ժողովրդի համար, բայց, ցավոք, մենք չգիտակցեցինք նրա դերը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ զուգահեռներ անցկացնելով Թումանյանի ստեղծագործությունների ու մեր օրերի միջև:

«Հայ ժողովուրդը նրան շատ բարձր է գնահատում, բայց ժողովուրդը մեծ մասամբ շատ մակերեսային է ընկալում Թումանյանին: Եթե խորությամբ ընկալեր, մենք իսկապես փոխված կլինեինք: Թումանյանը այն առաքյալն էր, ով տվեց այն ուղենիշները, որ մենք պետք է փոխվեինք: Ինչպես Ֆրանսիայի համար եղել են լուսավորիչները՝ Վոլտերը, Ռուսսոն, մյուսները, նույն դերը Թումանյանը կարող էր մեզ համար կատարել, բայց մենք չգիտակցեցինք Թումանյանի այդ փիլիսոփայությունը»,- ասում է Իշխանյանը:

Նրա խոսքով՝ Թումանյանի հիմնական ուղերձը, որը այսօր չի իրականացվել, պայմանականորեն կոչվում է այսօր շատ մոդայիկ դարձած «անցումային արդարատություն»:

«Դառնացած ժողովուրդ» հոդվածում Թումանյանը գրում է, որ մենք ներսից ենք փչացած, պետք է խոստովանենք մեր փչացածությունը և պետք է աշխարհի առաջ փոխվենք: «Արդյոք սրա անունը չի՞ կարելի դնել հենց իրական անցումային արդարադատություն, ներքին փոփոխություն:

Մենք պետք է փոխվենք, և ինչպես այդ նույն հոդվածում է  նկարագրում Թումանյանը, նախանձ ու չար չլինենք իրար նկատմամբ: Երբ նկարագրում է, թե ինչպես կարող են երկու գյուղացի հարևաններ լինեն, մեկի բերքը մի քիչ լավը լինի, մյուսինը՝ վատ, հարաբերություններ փչանան, մեր օրերի մասին է:

Եվ քաղաքական, և հասարակական մեր կյանքում արդյոք ավելի շատ չեն՞ գերիշխում այդ չարությունը, նախանձը, ինչը Թումանյանը գրել էր»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

Նրա խոսքով՝ չենք կարող ասել, թե այսօրվա իշխանությունների համար չի գործում Թումանյանի ասած ագահությունը:

«Չեմ կարծում դա անցյալում լինի, որովհետև գնահատական տալ կարելի է որոշ ժամանակ անց: Իսկ արդեն նախանշանները կան, որ առանձնապես մեծ փոփոխություներ չկան: Չեմ ուզում շատ քաղաքականացնել այս օրը, բայց համենայնդեպս ես ահագությունը փոխելու նշաններ չեմ տեսնում: Պարգևավճարների և այլ խնդիրների մասին շատ կարելի է խոսել»,- ասաց նա:

Հաջորդ խնդիրը, ըստ իրավապաշտպանի, վերաբերում է մամուլին:

«Թող ինձ ներեն լրատվամիջոցները, բայց նրա հոդվածներից մեկը՝«Կեղտոտ մամուլ» վերնագրով, կարծես մեր օրերի մասին լինի: Այն մասին է, թե ոնց է մեր մամուլը ոչ թե քննադատություն ներկայացնում, այլ միայն հայհոյում, սևացնում, քծնում: Հաճախ տարբեր անուններով են գրում՝ թաքնվելով այլ անունների տակ: Զարմանալի է, ուղղակի ոնց որ այսօր գրված լինի»,- ասում է նա:

Հաջորդը, ըստ Իշխանյանի, «Զինվորագրվել» հոդվածն է, որը վերաբերում է կուսակցություններին:

«Ուղղակի զարմանում ես, որ կարծես թե այսօր գրված լինի հոդվածը, թե ոնց են մտնում այս կամ այն կուսակցությունների մեջ, և ամեն մեկը խոսում է ժողովրդի անունից: Ժողովուրդն այս է ուզում, այն է ուզում, կարծես թե նրանք գիտեն, թե ժողովուրդն ի՛նչ է ուզում:

Եվ ամենակարևորը, որը վերջերս մեջբերեցի, ասում է՝ մեծ գաղափարները շատ կարևոր են, բայց մարդ պետք է մեծ գլուխ ունենա, որ այդ գաղափարները տեղավորի: Իսկ մարդիկ ոչ թե գաղափարն են մտցնում գլխի մեջ, այլ գլուխը՝ գաղափարի մեջ»,- ասաց նա:

Հոգևորականության մասին Թումանյանի գրածները ևս, ըստ Իշխանյանի, այսօր արդիական են:

«Մեր հոգևականությունը, բացի ընչաքաղցությունից և իր փողից այլ բանի մասին չի մտածում: Մի հասարակ օրինակ բերեմ՝ «Գութանի երգը», երբ մենք մանկուց կարդում էինք, ինձ թվում էր, թե դա հեքիաթ է՝ եսիմ որ օրերի մասին գրված: Բայց այսօր էլի այժմեական է: Մի քառատող մեջբերեմ.

Պարտքատերը գանգատ գնաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի:

Ըստ Իշխանյանի՝ «Գութանի երգը» ներկայացնում է նույն գյուղացուն՝ վարկերի բեռի տակ կքած: Այդ քյոխվաները այսօր էլ ծծում են նրանց: Ամեն մի գյուղում գոյություն ունի եկեղեցի, որն առանց այն էլ հարստահարված գյուղացիներից իր հերթին իր բաժինն է տանում: Իսկ ով փողը չտա, կանիծեն:

«Եթե նրա պոեմներն ենք նայում՝ «Անիծած հարսը», «Մարոն», հիշեցնում են մեր այսօրվա ընտանեկան բռնության բանավեճերը, կանանց ու փոքրամասնությունների իրավունքների մասին, կարծես առանձնապես բան չի փոխվել: Ճիշտ է, 9 տարեկանում չեն ամուսնացնում աղջիկներին, բայց վերաբերմունքը, այսպես կոչված, ավանդական ընտանիքի նկատմամբ նույնն է: Եվ ես պատկերացնում եմ՝ այսօր Թումանյանի վրա նույնպես կհարձակվեին՝ նրան մեղադրելով դրամաշնորհներ ստանալու մեջ»,- ասում է Իշխանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am