ԵԽԽՎ-ի այս մոտեցումը կարող ենք դիտարկել որպես քաղաքական աջակցություն իշխանությանը. Տաթևիկ Սողոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը

– «Հայաստանում հոգևորականների դեմ հետապնդումներ չկան։ Կա իրավիճակ, երբ հոգևորականները իշխանությունը բռնի ուժով տապալելու և ղեկավարներին սպանելու կոչեր են հնչեցրել։ Հայաստանում օրենքի գերակայություն է, և բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ հոգևորականները, պետք է գործեն օրենքի շրջանակում», ԵԽԽՎ նստաշրջանում պատասխանելով հոգևորականների կալանավորումների մասին հարցին՝ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Դուք այդ թվում մեզ հետ զրույցների ընթացքում պնդել եք հակառակը, տիկի՛ն Սողոյան: Արտգործնախարարի կոնկրետ հայտարարությունն ու ԵԽԽՎ ընդունած բանաձևն ինչպե՞ս եք գնահատում:

– Բնականաբար սուտ է այդ հայտարարությունը, այդ մասով առնվազն որևէ կերպ չի հիմնավորվում: Արտգործնախարարի մեկնաբանությունից զատ, ես կցանկանայի անդրադառնալ ԵԽԽՎ ընդունած բանաձևի օրիգինալ հղմանը, որ շատ ավելի քաղաքական ենթատեքստ է պարունակում: Բանաձևում ասվում է, որ «խորապես մտահոգված են վարչապետի ու Եկեղեցու ղեկավարի միջև առկա լարվածությամբ», այսինքն՝ հստակ նշվում է, որ լարվածությունը Եկեղեցու ղեկավարով է պայմանավորված, այլ ոչ թե ընդհանուր Եկեղեցով: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ այդ լարվածության զոհերը լինում են նախևառաջ հոգևորականները: 

Հաջորդիվ՝ զեկույցում, փորձելով ապահովել կեղծ հավասարակշռությունը, ասվում է՝ «հաղորդումները այն ծրագրերի մասին, որոնք նախատեսվում էին իշխանության զավթում», այսինքն՝ այս ձևակերպումը չի հավաստում, որ այս հաղորդումները ճշմարիտ են, այլ ուղղակի արձանագրում է, որ կառավարության կողմից կան այսպիսի հաղորդումներ: Մյուս կողմից՝ պետք է համոզմունք հայտնեմ, որ ԵԽԽՎ դիվանագիտական ներկայացուցիչները քաջատեղյակ են, կարող եմ առնվազն Բագրատ Սրբազանի մասով ասել, որ մեր կողմից տեղեկացված են այդ հաղորդումները հերքող փաստերի մասին, որոնք ներկայացվել են իրենց: Այս պարագայում կարող ենք ԵԽԽՎ-ի այս մոտեցումը դիտարկել որպես քաղաքական աջակցություն Հայաստանի իշխանությանը: 

Բայց սա չի բացառում մեր մտադրությունը, որ մենք մեր մտահոգությունները կիսենք ԵԽԽՎ գործընկերների հետ, որոնք նույն կերպով չեն արձանագրել, որ կան հակադիր ապացույցներ: Այս պարագայում, կարծում եմ, որ Արարատ Միրզոյանի ձևակերպումը առավելագույնն էր, որը կարող էր ինքն անել՝ ելնելով իրերի առկա դրությունից, որովհետև, բնականաբար, հավելյալ ապացույց կամ հիմնավորում ներկայացնելու հնարավորություն ինքը չուներ: 

Բագրատ Սրբազանը, ենթադրենք, ձևական իմաստով ունի մեղադրանք, բա այդ դեպքում Արշակ Սրբազանն ինչո՞ւ է կալանավորված կամ Մկրտիչ եպիսկոպոսը, նրանք է՞լ են ուզում իշխանություն զավթել, իհարկե ոչ: 

– ԵԽԽՎ բանաձևը, բացի Եկեղեցի–իշխանություն լարվածության մասին արձանագրումից, ավելի լայն կոնտեքստում ինչպե՞ս կգնահատեք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի մասին, մինչդեռ այդ թեման բանաձևում որևէ կերպ չի անդրադարձվում։

– Եթե նույն բանաձևում համեմատական ենք անցկացնում Ադրբեջանի հետ, բնականաբար, ակնհայտ է աչք փակելու միտումը, որովհետև, էլի իմ համոզմունքն այն է, որ ոչ թե եվրոպական կառույցները տեղյակ չեն Հայաստանի իրական քաղբանտարկյալների առկայության մասին, այլ գիտակցաբար աչք են փակում դրա վրա, քանի որ հենց իրենց քաղաքական շեշտադրումն է բացեիբաց սատարել Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրությունների ժամանակ՝ կեղծ հիբրիդային սպառնալիքներից մեկուսացնելու պատճառաբանությամբ: Այլ բացատրություն, քան սա, ես չեմ տեսնում: 

Ինչ-ինչ մոտիվացիաներ ունեն խոսելու Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, բայց չունեն այդ մոտիվացիաները խոսելու Հայաստանում առկա նույն խնդրի մասին: Բայց, կրկնում եմ, որ սա չի նշանակում, թե եվրոպական հարթակներում տեղյակ չեն Հայաստանում կատարվողից: 

– Մինչև այս բանաձևի ընդունումն ի՞նչ աշխատանք պետք է տարվեր, որ այլ պատկեր ունենայինք, և ո՞վ պետք է տաներ այդ աշխատանքը, տիկի՛ն Սողոյան:

– Այդ աշխատանքը պետք է տանի իրական քաղաքացիական հասարակությունը: Կարող եմ խոսել «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» մասին, որի վերջին ծավալուն զեկույցը, մասնավորապես, քաղաքական հետապնդումների մասին, վստահաբար կոմունիկացվել է: Այլ հարց է, որ եթե «Քաղաքական իրավունքների» ՀԿ-ն 15 տարվա պատմություն ունենար կամ ավելի ճանաչված լիներ, գուցե վերաբերմունքն այլ լիներ: Բայց այն, որ մեզ քաջածանոթ իրավապաշտպան ներկայացուցիչները այլ մոտիվներով դրդված լռում են այս հանգամանքների մասին, բնականաբար, իր ազդեցությունն ունի: Եթե ավելի պրոֆեսիոնալ, ավելի ինստիտուցիոնալ հենքով մենք անկախ ՀԿ-ներ ունենայինք, գուցե իրավիճակն այլ լիներ: Բայց միանշանակ պատասխան այստեղ չկա, որովհետև այս բանաձևի ձևակերպումների տողատակերում զգացվում է քաղաքական բաղադրիչը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am