Ինչ խնդիրներ է լուծելու անցումային արդարադատությունը Հայաստանում. Վահե Գրիգորյան

Ինչ խնդիրներ է լուծելու անցումային արդարադատությունը Հայաստանում. Վահե Գրիգորյան
Ինչ խնդիրներ է լուծելու անցումային արդարադատությունը Հայաստանում. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է անցումային արդարադատությանը, որը նախաձեռնելու մասին օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ստորև ներկայացնում ենք Վահե Գրիգորյանի գրառումը:

«Անցումային արդարադատության հարցերով փորձագետ Armand Liberté-ն խիստ հակիրճ (պետք չէ ծավալին ուշադրություն դարձնել, քանի որ անցումային արդարադատությունը բազմաշերտ եւ ծավալուն երեւույթ է) եւ սպառիչ շարադրել է, թե ինչ ասել է «անցումային արդարադատություն» (բացատրությունները՝ քոմենթում):

Ներհայաստանյան կոնտեքստում «անցումային արդարադատություն»-ը ես պատկերացնում եմ, որ պետք է ունենա առավելապես «անցումային իրավարարության» իմաստը եւ նպատակը: Ես դեմ չեմ լինի, որ հենց այս անվանումն էլ վերցվի որպես ողջ գործընթացի նկարագրություն՝  հնարավոր մոլորություններից եւ չհասկացվածությունից խուսափելու համար: Բայց հասկանում եմ նաեւ, որ «անցումային արդարադատություն» անվանումից խուսափել հնարավոր չի լինի դրա տարածվածության եւ միջազգային եւ համեմատական իրավունքներում ունեցած լայն ճանաչման պատճառով:

Այսինքն՝ ԱԱ կամ ԱԻ առաջնային նպատակն է հիմնարար իրավունքների խախտումների զոհերի իրավունքների վերականգնման միջոցառումներ եւ մեխանիզմներ հիմնելը եւ գործարկելը մի միջավայրում, որտեղ եղած գործիքակազմը դրա հնարավորությունն այլ կերպ չի ընձեռում, եւ մենք ամեն օր համոզվելու ենք, որ հայաստանյան արդարադատության համակարգը չի կարողանալու ապահովել այս խնդիրը: Հակառակ պատկերացումներ ունեցողները պետք է նայեն Արմանի բերած միջոցառումների ցանկը եւ փորձեն պատկերացնել, թե արդյոք առանց դրանց իրականացման հնարավո՞ր է լինելու այդ միջոցառումների նպատակներին հասնել հայաստանյան իրավապահ եւ արդարադատության համակարգի այն գործիքակազմով եւ անձնակազմով, որ այսօր ունենք:

Երկրորդ, սակայն իր կարեւորությամբ առաջինին հավասար նպատակը ճշմարտության բացահայտումն ու արձանագրումն է: Այլապես Հայաստանը սկսել էր նմանվել ամեն առավոտյան մաքուր եւ դատարկ հիշողությամբ արթնացող մարդու, ում այդ օրը հանդիպածն իրեն թվում է «աննախադեպ», «պատմության մեջ առաջին անգամ», եւն, մինչդեռ ամեն ինչ նույնկերպ հանդիպում է իրեն ամեն օր: Ճշմարտության բացահայտումն ու արձանագրումը ժայռը մագլցող ալպինիստի համար այն ապահովագրող պարանն է, որը նրան կպահի որեւէ բարձրության վրա, եթե նա սայթաքի: Այլապես՝ ամեն սայթաքելուց հետո նա հայտնվելու է ձորի հատակին եւ կրկին՝ զրոյից բարձրանալ է փորձելու, եթե իհարկե հաջողի վերականգնվել: Ճշմարտության արձանագրումը ինքնին երաշխիք չէ, որ այն հանրային գիտակցության մեջ ունենալու է հաջորդ աստիճան բարձրանալու հնարավորություն: Այդուամենայնիվ, առանց դրա բարձրանալն առհասարակ անհնար է:

Երրորդ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը՝ արդարադատության առջեւ կանգնեցնելով: Այլապես ճշմարտության բացահայտման նպատակը՝ «Այլեւս՝ երբեք»-ը, չի կարող իրագործվել, եթե ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատիժ թողնեն: Կրկնում եմ, խոսքը վերաբերում է միայն առանձնապես ծանր հանցագործություններին, այլ ոչ՝ անցումային իրավարարությունը դարձնել ռեպրեսիվ մեքենայի վառելիք: Առարկայորեն նկարագրեմ կոնկրետ օրինակի վրա. ես չեմ կարծում, որ մարտիմեկյան քննության եւ արդարադատության նպատակը պետք է լինի բոլոր մեղավորներին հայտնաբերելը եւ քրեական պատասխանատվության ենթարկելը՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ: Բայց պետք է շատ հստակ եւ որոշակի արձանագրենք, որ երկու տեսակի հանցագործություններ հանդուրժելը ոչնչացնելու է ողջ գործընթացի, եթե ոչ առհասարակ պետության՝ ինքն իրեն պաշտպանելուն ուղղված ջանքերի արժեքը. ոտնձգությունները կյանքի իրավունքի դեմ, ընդ որում՝ թե անհատի կյանքի դեմ՝ սպանության միջոցով, եւ թե պետության կյանքի դեմ՝ սահմանադրական կարգի տապալման միջոցով: Անկախ նրանից, թե դատարաններն արդարության բոլոր պահանջների պահպանմամբ ինչպիսի պատիժներ կնշանակեն մեղավոր ճանաչվածների նկատմամբ, մեկ եւ ընդմիշտ պետք է արձանագրել, որ այդ պատասխանատվությունը անխուսափելի պետք է լինի:

Համարում եմ, որ կոնկրետ հանցագործությանը մեղսակցություն ունեցողների դեպքում եւ մասին ճշմարտության հրապարակումն ինքնին համարժեք ներգործություն է նրանց նկատմամբ, որն ի զորու է ապահովել անցումային իրավարարության նպատակները, վերջիններիս նույնպես հնարավորություն ընձեռելով քաղաքացիական համերաշխության միջավայրից անմասն չմնալու համար, եթե իհարկե բանը հասնի նրանց դատարանի առջեւ կանգնեցնելուն առհասարակ: Այս վերջին մոտեցումը հենց լյուստրացիան է լինելու, թերեւս առաջին անգամը Հայաստանի պատմության մեջ:

Այս պահին, ուղղակի հակիրճ ակնարկի տեսքով ինձ համար տեսանելի են Հայաստանում տարիների ընթացքում կուտակված այնպիսի զանգվածային եւ հանրային գիտակցության վրա ազդեցություն ունեցող խնդիրներ, որոնց լուծման եւ քաղաքացիական համերաշխությանը խոչընդոտող խութերը լուծելու համար Հայաստանը անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման կարիք ունի.

– 2008 թ. փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած դեպքերի մանրամասն քննություն, սպանությունների մեջ մեղավոր անձանց բացահայտում, մահաբեր ուժի գործադրման եւ դրա ամբողջ հրամանատարական շղթայի իրավական գնահատականի արժանացում, այս իրադարձությունների հետ կապված դատապարտված անձանց գործերի վերաբացում, աշխատանքից զրկվածների իրավունքների վերականգնում, տուժածներին փոխհատուցում, ռեպարացիոն այլ գործընթացների նախաձեռնում (պետության անունից ներողություն տուժածներին, փաստավավերագրական նյութերի միջոցով «Այլեւս՝ երբեք» շարքի նախաձեռնում, Մարտի 1-ը Հայաստանի քաղաքացու տոնի հռչակում, եւն).

–  զինված ուժերում բռնի մահվան դեպքերի մասին բոլոր այն գործերի վերաբացում, որոնցով տուժողներն ի վիճակի չեն եղել արդարադատության հասնել իրավապահների կամայականությունների կամ էլ դատավարական սահմանափակումների պատճառով, քննության խորացված իրականացում եւ պետության կողմից վերը նշված եւ վերաբերելի ռեպարացիոն միջոցների ձեռնարկում: Այս գործերով հիմնական նպատակը պետք է լինի ոչ միայն տուժողների իրավունքների վերականգնումը, այլ նաեւ զինված ուժերում կարգապահության բարձրացումը եւ զինված ուժերի նկատմամբ արդարադատության միջոցով քաղաքացիական վերահսկողության ամրապնդումը, որը պետք է իրականացվի հասարակություն-բանակ միասնությունն ամրապնդող քարոզչությամբ՝ հակառակ արդյունք ունենալուց խուսափելու համար.

– Երեւանի կենտրոնի սեփականազրկված քաղաքացիների այն գործերի խումբը, որոնք դեռ լուծում չեն ստացել կամ որոնց լուծումն անհնար է եղել դատավարական տեխնիկական սահմանափակումների պատճառով: Այս մարդկանց՝ իրենց դեմ կայացրած վճիռները բողոքարկելու լրացուցիչ հնարավորություն պետք է ընձեռվի, իսկ փոխհատուցումները պետք է տրամադրվեն այն հիմնադրամների միջոցներից, որոնց մուտքերն հենց ապահովվել էին այս մարդկանց սեփականազրկելու գնով՝ «Երեւան» հիմնադրամ, եւն (փոխհատուցման հարցը տեխնիկական առաջարկ էր, չեմ պնդում դրա վրա):

Այս ցանկը սպառիչ չէ, այլ խնդիրներ էլ կան, սակայն ինչպիսի ցանկ էլ լինի, այն հաստատված լինելիս խիստ որոշակի պետք է լինի: Անցումային իրավարարությունը խիստ սահմանափակ ռեսուրսով իրականացվող ծրագիր է եւ կարեւոր է, որ այն չլինի առաձգականորեն այլ երեւույթների՝ ժամանակի պատեհությամբ եւ քաղաքական նպատակահարմարությամբ տարածվող գործիք:

Իրավարարության հիմնական միջոցը այս ողջ ընթացքում պետք է շարունակի մնալ պետության մշտապես գործող եւ ձեւավորված արդարադատության եւ իրավապահ համակարգը: Այն չի դադարելու գործելուց, այլ մեծապես օգտվելու է այսպիսի մեխանիզմներից՝ առողջանալու համար: Այլ խոսքով՝ անցումային իրավարարությունը համեմատելի է խափանման եզրին հասած երիկամներին արտաքին միջամտությամբ օգնող միջոցի հետ, որի օգնությամբ ընդհանուր մարմնի առողջությունը պահպանելու ընթացքում ժամանակ եւ հնարավորություն է լինելու հենց երիկամների առողջացման համար: Երիկամներն ամեն դեպքում անփոխարինելի են: Եւ եթե փոխարինվում են, ապա՝ միայն երիկամներով: Այսինքն՝ պետական մարմինների կոնվենցիոն այն համակարգը, որ ունի Հայաստանը (դատական եւ իրավապահ մարմիններ), չի վերացվելու, այլ դրա գործողության արդյունավետությունն է բարձրացվում այսպիսի միջամտություններով:

Եւ, ի վերջո, միշտ հիշեք, թե ինչ էլ ներմուծվի, եւ ինչ լուծումներ էլ գտնվեն անցումային իրավարարության ծրագրի շրջանակներում, դրանցից ոչ մեկը չի կարող դուրս գալ Սահմանադրությամբ ամրագրված նպատակների եւ սկզբունքների շրջանակից: Արդարադատության կամ իրավարարության ինչպիսի մոդել էլ որ ներդրվի, Սահմանադրությունը չի դադարում գործելուց, եւ դրա գործողությունը չի կարող սահմանափակվել որեւէ մեկի, խմբի կամ (Սահմանադրության անփոփոխ դրույթների մասով) ամբողջ ժողովրդի կամքով:

Հ.Գ. Մեզ համար անհասկանալի եւ մեկ հանրահավաքի միջոցով մեր քաղաքական եւ իրավական քննարկումներ ներխուժած «անցումային արդարադատություն» հասկացությունը ըստ էության չհասկացված եւ անծանոթ լինելու բերումով սկսեց շփոթվել կամ շփոթեցվել «արտակարգ դատարան» ստեղծելու գործընթացի հետ: Ես սա շատ բնական եմ համարում խնդրի հետ առնչություն չունեցած ոչ մասնագետների համար, բայց անընդունելի եմ համարում առնվազն իրենք իրենց իրավաբան համարող բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների համար:

Այսօր ծանոթացա նրանցից առնվազն երկուսի կարծիքին (որքան էլ որ անհամատեղելի լինեն նրանց անձն ու «սեփական կարծիք» հասկացությունը) եւ կարծում եմ, որ նրանք ոչ միայն չեն հասցրել հասկանալ, թե ինչ է անցումային արդարադատությունը, այլ չէին էլ իմացել մինչ այսօր, թե ինչ ասված էր «արտակարգ դատարան»: 

Ես ժամանակ կգտնեմ անդրադառնալու, թե ինչ է «արտակարգ դատարանը», եւ ինչու են որոշ ժողովուրդներ կարեւոր համարել հենց Սահմանադրության ուժով արձանագրել արտակարգ դատարանների ստեղծման արգելքը: Հակիրճ ասեմ, որ ոչ միայն անցումային արդարադատությունը չունի որեւէ աղերս «արտակարգ դատարան» ստեղծելու կամ հիմնադրելու հետ, այլ ունի հենց արտակարգ դատարաններին մասնակի նմանությամբ գործած արդարադատության եւ իրավապահ համակարգերի գեներացրած անարդարության եւ «մարդկային խիղճը վրդովեցնող» (սա միջազգային իրավունքում ընդունելի իրավաքաղաքական ձեւակերպում է) հետեւանքները մեղմելուն եւ դրանք վերացնելուն ուղղված նպատակներ:

Հ.Հ.Գ. Այս ստատուսի տակ ես կհավաքեմ խնդրի վերաբերյալ կարծիքներ, որոնց ծանոթ լինելը կարեւոր է լինելու խնդրի վերաբերյալ կողմնորոշվելու համար»: