Խոստումներ, բարի ցանկություններ, կոչեր. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության զարգացման տեսլականը

«Մեդիալաբը» ներկայացնում է նախընտրական պայքարին մասնակցող հիմնական ուժերի ծրագրերում տնտեսական բաղադրիչի ուսումնասիրությունը։ Այս հրապարակման մեջ անդրադառնում նք   «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

Կուսակցության ներկայացրած ծրագիրն անմիջապես սկսվում է խոստումներից, որոնք կարելի է ձևակերպել որպես բարի ցանկություններ, հիմնավորումները բացակայում են: Օրինակ` «Աշխատանքային կենսաթոշակը պետք է երաշխավորի կենսապահովման նվազագույն պայմաններ, իսկ թոշակներն ու աշխատավարձերը գնաճին համընթաց պարբերաբար պետք է ինդեքսավորվեն:

Առաջիկա 5 տարիների ընթացքում՝ յուրաքանչյուր տարի, առնվազն 10%-ով պետք է բարձրացնել նվազագույն աշխատավարձը և թոշակները»:

Կամ՝ «Հրատապ պետք է մշակել և իրականացնել նոր տնտեսական քաղաքականություն, որի հիմքում պետք է դրվի ներդրումային, այլ ոչ թե սպառողական տնտեսությունը: Պետք է ապահովել աշխատանքի արտադրողականության կտրուկ աճը տնտեսության իրական հատվածում:

Առաջիկա 5 տարիների ընթացքում ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը կտրուկ պետք է աճի՝ հասնելով առնվազն 40%-ի»:

Բացի նրանից, որ ծրագրում բացակայում են որպես առաջնահերթություններ կամ ցանկություններ ներկայացված գաղափարների իրականացման հիմնավորումները, չկա նաև անհրաժեշտ ֆինանսական կամ այլ նյութական կամ ոչ նյութական ռեսուրսների հայթայթման, ձեռքբերման իրական, հնարավոր միջոցների, ուղիների մասին խոսք: 

Ավելին, առանձին դեպքերում, մասնավորապես, վարկային համաներման գաղափարի իրականացման դեպքում, պարզապես գրված է, որ վարկային պորտֆելի այսքան մասը պետք է զիջվի՝ ո՞ւմ հաշվին, ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով՝ դրանց մասին ոչինչ չկա:

Վերը թվարկածի մասին ծրագրում բառացի գրված է. «Հանրապետությունում կա շուրջ 2.2 մլն վարկառու, որոնց վարկային պարտավորությունների ընդհանուր չափը 4 տրիլիոն դրամ է, որից մոտ 1 տրիլիոնը սպառողական վարկեր են:

Ահռելի գումար են կազմում նաև գյուղատնտեսական վարկերը: Մենք գտնում ենք, որ ժամանակն է մեր վարկառու հայրենակիցներին «ազատելու» վարկերի այդ անարդար բեռից, որպեսզի նրանք չկորցնեն իրենց ունեցվածքը:

Այսպես՝ մինչև 3 մլն դրամի չափով վարկերը պետք է զրոյացնել: Արդյունքում՝ շուրջ 2.2 մլն վարկառուներից մոտ 2 մլն վարկառուների վարկերն ամբողջությամբ կմարվեն: Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքն այսուհետ չպետք է գերազանցի 2-3%-ը»:

Կամ՝ խոսելով ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մասին՝ առաջարկվում է մի մեխանիզմ, որի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների մասին կրկին ոչինչ ասված չէ.

«Ջրային տնտեսության կառավարման համակարգն անհրաժեշտ է արմատապես վերակառուցել՝ բացառելով ներկայումս գործող միջնորդ-շղթայական օղակները, որի արդյունքում էապես կիջնի գյուղացիական տնտեսություններին մատակարարվող ոռոգման ջրի ինքնարժեքը, ջրամատակարարների և ջրօգտագործողների միջև կձևավորվեն վստահելի հարաբերություններ: Ուստի, 2021 թվականի սեպտեմբերի 1-ից առաջիկա 3 տարիներին գյուղացիական տնտեսությունների համար 1 հա հողամասի ոռոգման ջրի դիմաց վճարը կսահմանվի 1000 ՀՀ դրամ»:

Շատ կարճ անդրադարձներ կան արդյունաբերությանը, էներգետիկային, հարկային քաղաքականությանը, փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Բոլոր դեպքերում էլ ներկայացված գաղափարների իրականացման մեխանիզմների և անհրաժեշտ միջոցների մասին կոնկրետություն չկա: Օրինակ՝ արդյունաբերության մասով գրված է.

«Հայաստանը վերստին պետք է դառնա արդյունաբերական երկիր: Հատուկ ձևավորված արդյունաբերական գոտիներում պետք է ստեղծվեն բարենպաստ հարկային, վարկային և արտադրական պայմաններ»: ՓՄՁ-ների մասով ասված է. «Փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ չպետք է իրականացվի որևէ ավելորդ հարկային վարչարարություն: Նրանց պետք է հանգիստ թողնել: 

Միաժամանակ պետական ծրագրերի և պետական գնումների շրջանակում ՓՄՁ-ներին պետք է առաջնահերթություն տալ: Փոքր բիզնեսը պետք է հնարավորություն ունենա դառնալու միջին, իսկ հետագայում միջինը՝ խոշոր»: 

Ծրագրի տնտեսական բաղադրիչը ընդհանուր պատկերացում չի տալիս կուսակցության գաղափարախոսության, դրա հիմնական սկզբունքների մասին: Դրանով էլ պայմանավորված՝ այն նաև ուղեցույց էլ չի կարող դիտարկվել: Ընդամենը բարի ցանկությունների շարադրանք է: Քանի որ ներկայացված փաստաթղթում բացակայում են կոնկրետությունը, միջոցների հայթայթման աղբյուրները, դրանք կարող են ընտրողներին շփոթության մեջ գցել, չհիմնավորված գրավչության պատճառ դառնալ: Դրա լավագույն ապացույցը սոցիալական բնակարանաշինության մասին կուսակցության մոտեցումն է. 

«Մեր հայրենակիցների, հատկապես երիտասարդ ընտանիքների արժանապատիվ կենսապահովման նպատակով պետությունը պետք է իրականացնի սոցիալական բնակարանաշինության ծրագրեր: Այդ նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կատարեն անհրաժեշտ հողհատկացումներ: Նորակառույց շենքերում բնակարանները պետք է հատկացվեն լիարժեք վերանորոգված՝ 1 քմ համար՝ 180 հազար դրամով կամ 60 քմ բնակարանները՝ մոտ 20-22 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Շահառուներն առանց կանխավճարի ձեռք բերված գույքի ամսական մարումները կկատարեն 10 տարվա ընթացքում»: 

Իրատեսական լինելու առումով ծրագիրը ոչ մի քննադատության չի դիմանա, կարծես այդպիսի նպատակ դրված էլ չի եղել կազմողների առջև: 

Արամ Բագրատունի

MediaLab.am