Ֆրանսիական բռնցքամարտի (սավատ) մարզիկ Ազատ Ազատյանը արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Լանյովիլ քաղաքում անցկացված Եվրոպայի Top Sport գավաթի երրորդ և եզրափակիչ փուլում։ Այս մասին հայտնում է ֆրանսիական L’Est Républicain պարբերականը։
Միջազգային մրցաշարին մասնակցել են CESAV եվրոպական լիգայի ուժեղագույն մարզիկները։
Մինչև 75 կգ քաշային կարգում հանդես եկող Ազատյանը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է բուլղարացի մրցակցին։ Հատկանշական է, որ խմբային փուլում Ազատյանն արդեն հաղթել էր նույն մարզիկին։
Ազատ Ազատյանը 2024 թվականին դարձել է Ֆրանսիայի չեմպիոն ֆրանսիական բռնցքամարտում, իսկ 2025 թվականի փետրվարին և 2026 թվականի մարտին՝ Փարիզում, երկու տարի անընդմեջ նվաճել է նաև քիքբոքսինգի Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը։
Ազատ Ազատյանը ծնունդով Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղից է։ Շուրջ տասը տարի առաջ նա տեղափոխվել է Ֆրանսիայի Նանսի քաղաք, որտեղ շարունակել է մարզական կարիերան։



















