«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը
– Պարո՛ն Արզումանյան, ՀՀ Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով Ռուսաստանում էր, որտեղ հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարարի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցն ինչպե՞ս կգնահատեք, Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադրություն չունի Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալ:
– Ոչ մի նոր բան չկա այդտեղ, ես միշտ ընդգծել եմ, որ Հայաստանի գործող իշխանությունները եղել ու մնում են Ռուսաստանի վերահսկողության տակ, գուցե իրենց ներքին ցանկություններն այլ են, բայց որպես քաղաքականություն նրանց դիրքորոշումը եղել է ու մնում է Եվրասիական տարածքում, նրանք մնում են Ռուսաստանի տոտալ վերահսկողության տակ: Մինչ այս էլ Նիկոլ Փաշինյանն էր Մոսկվայում նույն մոտեցումներով:
– Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում, որ Հայաստանի ներսում մենք հաճախ իշխանության ներկայացուցիչներից լսում ենք լրիվ հակառակ հայտարարություններ, վերջին շրջանում ակտիվորեն խոսում են հիբրիդային պատերազմի մասին՝ սլաքներն ուղղակի կամ անուղղակի ուղղելով Ռուսաստանի կողմը:
– Խնդիրն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը լրիվ կտրվել է հասարակության մեծամասնությունից, որովհետև հայ հասարակությունը պարզ հասկանում է, որ Ռուսաստանը Հայաստանին թշնամի է, 2020-ից հետո այն կորուստները, որ մենք ունեցել ենք, հասարակությանը թույլ չեն տալիս մոռանալ իրականությունը ու ընկնել ուտոպիաների գիրկը, ինչը փորձում է անել մեր իշխանությունը: Իշխանությունը, լինելով պոպուլիստական ու բնազդով զգալով հասարակության ցանկությունները, հայտարարում են այն, ինչ հասարակությունը սպասում է: Բայց իրենց հայտարարածը որևէ կապ չունի իրական քաղաքականության հետ, որն իրականացնում է իշխանությունը: Դե ֆակտո քաղաքականությունը մնում է ու կմնա ռուսամետ, Ռուսաստանի վերահսկողության տակ, բայց կարվեն հայտարարություններ, որոնք ուզում է լսել հասարակությունը, որոնք ուզում են լսել Արևմուտքում:
Կարելի է խոսել маскировка-ի մասին, այս հասկացությունը, ռուսերեն խոսքը Արևմուտքում, անգամ ռազմավարական տեքստերում, նարատիվների հասկացություններում ձևավորվել է որպես հասկացություն՝ маскировка: Այնտեղ խոսում են այն մասին, որ Ռուսաստանի ռազմական գիտությունը օգտագործում է մասկիրովկան ոչ թե որպես տակտիկական գործողություն, այլ նաև ռազմական ու աշխարհաքաղաքական մակարդակներում, այսինքն՝ Ռուսաստանն ունակություն ունի թաքցնելու իր իրական մտադրություններն ու խաբելու թշնամուն:
Նիկոլ Փաշինյանը դա նույն մակարդակի անում է. մասկիրովկա է կազմակերպում, սկսում է եվրասիական իր քաղաքականության վրա դա կիրառել, ու այդ մասկիրովկայի տակ արտաքին աշխարհն ու հայ հասարակությունը չեն կարողանում հասկանալ իրական քաղաքականությունը: Նրա այս քաղաքականությունը բավական երկար ժամանակ է՝ ինչ աշխատում է ու մինչև ընտրություններն էլ դեռ կաշխատի:
– Պարո՛ն Արզումանյան, իսկ այդ դեպքում որո՞նք են Ռուսաստանի իրական նպատակները Հայաստանի վերաբերյալ:
– Հայաստանը եղել ու մնում է Ռուսաստանի անվտանգության համակարգի՝ Կովկասյան համակարգի, ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ընդհանրապես Հյուսիսային Կովկասի հետ, կարևոր կորիզային տարրը: Եթե Ռուսաստանը կորցնում է Հայաստանում ռազմական ներկայությունը, կորցնում է Հայաստանը, նրա այդ խորհրդային ու հետխորհրդային համակարգը փլուզվում է:
Ռուսաստանն այսօր փաստորեն պարտվում է. պարտվում է ուկրաինական պատերազմում, որովհետև չի կարողացել վերականգնել վերահսկողությունը Ուկրաինայի նկատմամբ, մինչև հիմա Ուկրաինայի ընդամենը 20 տոկոսն է գրավել՝ պատերազմի մեջ լինելով ավելի երկար, քան եղել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ու չի կարողացել խնդիրը լուծել:
Ռուսաստանը պարտվել է նաև Կենտրոնական Ասիայում, որտեղ նույն ձևի ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Չինաստանը մտել են ու փաստորեն Ռուսաստանին կամաց-կամաց դուրս են մղում այստեղից: Ռուսաստանը պարտվել է Ֆինլանդիայի ուղղությամբ, որը մտել է ՆԱՏՕ, Շվեդիայի ուղղությամբ, Հյուսիսում, այնտեղ էլ է ինքը կորցրել: Բալթիկ ծովը փաստորեն դարձել է Արևմուտքի ծով: Պարտվում է Սիբիրում, որտեղ մեծանում է Չինաստանի ազդեցությունը: Բոլոր տեղերում պարտվում է ու հստակ հասկանում է՝ եթե կորցնում է Հայաստանը, փլուզվում է նաև Կովկասը, որն ավելի մոտ է Մոսկվային, տապալվում է կայսրությունը, դրա համար էլ Հայաստանը խիստ կարևոր է նրա համար, ու նա պետք է Հայաստանը ատամներով պահի, ինչն էլ ինքը անում է ու պարզ հասկացնում է: Լավրովի խոսքերը, որ ասում է՝ դուք մեզ համար խիստ կարևոր եք, ու մենք ձեզ բաց չենք թողնի:
Հայաստանն իհարկե կարող էր դուրս գալ, բայց Նիկոլ Փաշինյանը ընտրում է այլ ճանապարհ. նա համակերպվում է ու օգտագործում կախվածությունը իր իշխանությունը պահելու համար, ոչ թե փորձում է ազգային շահերին ի նպաստ գործողություններ անել: Ալեն Սիմոնյանի հայտարարություններն էլ ցույց են տալիս, որ գործող իշխանությունը այլ նպատակներ չի էլ ունեցել, իրենց համար նորմալ է ռուսական ազդեցության տակ մնալ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















