Ընդդիմությունն իր հանրահավաքով փորձում է ներքին խնդիր լուծել, ցույց տալ, որ միասնական է . Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը

– Պարո՛ն Սաֆարյան, ընդդիմությունը վաղը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: Ի՞նչ սպասելիքներ ունեք՝ հաշվի առնելով այն, որ նրանք հայտարարում են՝ հուժկու, վճռորոշ հանրահավաք է լինելու:

– Դեռևս հունվարից նկատելի է, որ 17+-ի մեջ ջրբաժան կար, և նկատելի էր, որ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հարող խմբերը տարաձայնություններ ունեն թե՛ մարտավարության, թե՛ առաջադրված թեկնածու Վազգեն Մանուկյանի արձանագրած արդյունքների հետ կապված: 

Հունվարի վերջին նկատելի էր, որ առանձին-առանձին ինչ-որ փոքրիկ հավաքներ էին կազմակերպում՝ մեկ Քոչարյանի կողմնակիցները հավաքներ կազմակերպեցին, մեկ Վազգեն Մանուկյանը միայնակ եկավ հրապարակ: 

Այդ քայլերով կարծես նրանք փորձում էին հասկանալ, թե ի՛նչ կարողություններ ունեն: 

– Հանրության տրամադրություննե՞րն էին շոշափում:

– Չէ, կարծես իրար ուզում էին ինչ-որ բան ապացուցել, ուզում էին հասկանալ, թե նոյեմբերի 10-ից հետո սկսած հանրահավաքային ալիքում ում հետևորդներն են ավելի շատ, և հասկացան, որ առանձնապես ոչ մեկի հետևորդները շատ չեն, ու առանձին-առանձին չեն կարող որևէ բան անել:

Այս հանրահավաքը ավելի շատ միասնականության վերականգնման քայլ եմ դիտում՝ ցույց տալու համար, թե 17-ը չի տապալվել, թե 17-ը կա, թե 17-ը իր նպատակները չի ձախողել, սա դեռ սկիզբն է և այլն:

Այսինքն՝ 17-ը ավելի շատ իր խնդիրն է լուծում, քան որևէ այլ բան, որովհետև եթե նրանք չկարողացան դեռ չչորացած արյան, հանձնվող տարածքների հետ կապված էմոցիոնալ վիճակում կոնսոլիդացնել իրենց շուրջը հանրությանը, ապա հիմա նրանց համար առավել դժվար կլինի:

Այն, ինչ փորձեցին նրանք ներկայացնել որպես պատերազմի վերլուծություն, հասարակությունն ակնհայտորեն այդ վերլուծությունը չի կիսում և չի էլ վստահում նրանց՝ որպես հայրենիքը փրկողների:

Բայց դրա հետ մեկտեղ նրանք փորձում են ցույց տալ, որ իրենք կան, չեն տրոհվել, միասին են: 17+-ը վաղվա հանրահավաքով փորձում է ցույց տալ, որ իրենք կան, և այդ հավաքը իրենց այսպես կոչված միասնականության ակցիան է լինելու:

– Ի՞նչ եք կարծում, արդյոք իշխանությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվելով չսադրեց ընդդիմությանը, չէ՞ որ հայտնի էր, որ կային ընդդիմության մեջ առանձին գործիչներ, որոնք ամենևին էլ դեմ չէին ընտրություններին և նույնիսկ հայտարարեցին, որ մասնակցելու դեպքում կհաղթեն:

 – Այս ընդդիմությունը ամբողջ կազմով կարծես չէր էլ դնում արտահերթ ընտրությունների խնդիր: Հիմա հետաքրքիր է, թե վաղն ինչ օրակարգ են առաջ քաշելու:

Նախկինում չէին պահանջել արտահերթ ընտրություններ, ասում էին՝ դուք ընտրություններ մի կազմակերպեք, մենք կկազմակերպենք, ու պահանջում էին հրաժարական:

Հետո, երբ իշխանությունը հայտարարեց, որ ընտրություններ անցկացնելու շուրջ խորհրդակցություններ է սկսում, նրանք չմասնակցեցին դրանց, չարձագանքեցին, բայց արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից հետ կանգնելը համարեցին իրենց հաղթանակը:

Մինչդեռ դա ավելի շատ իշխանության ու խորհրդակցություններին մասնակցած մյուս ուժերի հաղթանակն էր: Հետաքրքիր է, թե վաղը նրանք ինչ են առաջարկելու, այն դեպքում, երբ նրանց առաջին պահանջը՝ վարչապետի ու կառավարության փոփոխություն, տապալվեց: 

– Ի՞նչ եք կարծում Սարգսյան-Քոչարյան զույգը կկանգնի՞ հրապարակի հարթակում, դուրս կգա՞ հանրահավաքային պայքարի կազմակերպման ստվերից:

– Նրանք երբեք նման բաների չեն մասնակցել, և կասկածում եմ, որ ներկա կլինեն այդ հանրահավաքին: Եթե ներկա լինեին, այդ մասին կհայտարարեին:

Եթե նրանք գտնում են, որ իրենք ծանրակշիռ գործիչ են ու կարող են իրենց գործոնով մարդ բերել հրապարակ, դա հաստատ կանեին, կհայտարարեին, որ ներկա են լինելու հանրահավաքին:

Բայց մենք տեսանք, որ երկրորդ նախագահի գրասենյակն է կոչ արել մասնակցել հանրահավաքին, և ոչ թե անձամբ Ռոբերտ Քոչարյանը: Դա նշանակում է, որ նրանք չեն լինի:

– Ծառուկյանի հետ կապված և՞ս չեզոքություն նկատում եք:

– Այո՛, ես ասացի, որ արդեն հունվարից բոլորն իրար հետ խնդիր ունեին, և Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հետ կանգնեցին շրջանային հավաքներին մասնակցելուց:

Ակնհայտ էր, որ Վազգեն Մանուկյանի արձանագրած արդյունքներից դժգոհ են, առավել ևս, այն սկանդալներից, որ նա հարուցեց Գյումրիում, Սյունիքում:

Սա ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն հասկանում է՝ բացի պրոբլեմներից, միասնական թեկնածուն իրենց բան չի տալիս:

ԲՀԿ-ի ներսում կատարվողն էլ ինչ-որ բան ասում է. Գևորիկ Պետրոսյանը դուրս եկավ խմբակցությունից և ասաց, որ չի ցանկանում լինել այնտեղ: 

– Կցանկանայի ընդդիմության մի հայտարարությունը մեկնաբանեիք. ասում են՝ իշխանությունները կամաց-կամաց պատրաստվում են հանձնել Սյունիքը: Կա՞ն հիմքեր նման հայտարարության համար:

– Սյունիքը հանձնելու մասին խոսք լինել չի կարող, Սյունիքը չի կարող հանձնվել: Ես չգիտեմ՝ արդյոք իրենք հավատո՞ւմ են իրենց տարածած ստին, թե՞ ոչ:

Սյունիքում նոր սահմանազատումների հետ կապված կան անվտանգության խնդիրներ, տարբեր հարցեր, բայց նման խնդիր չկա: Այլ բան է, որ տրվում են գայթակղությանը, փորձում են հանրությանը վախեցնել ու շահարկել այդ հարցը քաղաքական նպատակներով: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am