Ինչ է իրենից ներկայացնում կառավարության աշխատակազմի շրջաբերականը և որքանով է այն վտանգում խոսքի ազատությունը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը լուրջ վտանգ չի տեսնում կառավարության աշխատակազմի ղեկավարի՝ պետական գերատեսչություններին ուղղված շրջաբերականում, ըստ որի, մամուլի հետ աշխատանքի ձևաչափում փոփոխություններ են լինելու:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը լուրջ վտանգ չի տեսնում կառավարության աշխատակազմի ղեկավարի՝ պետական գերատեսչություններին ուղղված շրջաբերականում, ըստ որի, մամուլի հետ աշխատանքի ձևաչափում փոփոխություններ են լինելու: Շուշան Դոյդոյանի խոսքով՝ դա աշխատանքային փաստաթուղթ է, հանձնարարական, որով փորձում են կարգավորել, կանոնակարգել կառավարություն-ԶԼՄ-ներ աշխատանքը:

«Բայց ձևաչափին, թե ինչպես են դա արել, ես դրան եմ դեմ: Դա չպետք է լինի մի քանի կետից բաղկացած հպանցիկ մեսիջ՝ ուղղված ստորաբաժանումներին: Պետք է ընդհանրապես մշակվեին կառավարության տեղեկատվական քաղաքականություն, ռազմավարություն, լուրջ ու համապարփակ փաստաթուղթ, որում պետք է ներառված լինեին և՛ ԶԼՄ-ների հետ աշխատանքը, և՛ սոցիալական ցանցերում արձագանքը, և՛ պետք է ներառվեր կառավարության տեղեկատվական քաղաքականությունը դեպի դուրս՝ ուղղված արտաքին աշխարհին»,- «Մեդիալաբին» ասում է Շուշան Դոյդոյանը:

Նրա խոսքով՝ ընդունվելուց առաջ այդ փաստաթղթի նախագիծն անպայման պետք է քննարկվեր շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի շրջաբերականը՝ ուղղված կառավարությանն ու վարչապետին ենթակա մարմիններին: Ըստ այդմ՝ լրատվամիջոցների հետ առնչվելիս այս մարմինները պետք է պահպանեն շրջաբերականով սահմանված կարգը: Այն է՝ ԶԼՄ-ներում տրվող հարցազրույցներում, պարզաբանումներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը և դիրքորոշումները պետք է համընկնեն ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարության ծրագրին և ռազմավարական դիրքորոշմանը: Շրջաբերականով նաև սահմանվում է, որ հարցազրույցներ, հրապարակային ելույթներ, պարզաբանումներ տալուց առաջ անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել տվյալ ոլորտում կամ թեմայի շուրջ կառավարության որդեգրած քաղաքականությունը: Աշխատակազմի ղեկավարն այս գրությամբ նաև տեղեկացնում է, որ կարգին չհետևողները կպատժվեն:

Շուշան Դոյդոյանն ասում է, որ վտանգ չկա, թե այս փաստաթղթով կառավարությունը փորձում է սահմանափակել խոսքի ազատությունը: «Ցանկություն կա համակարգելու այն ցաքուցրիվ տեղեկատվական քաղաքականությունը, որն իրականացվում է նոր կառավարության ձևավորումից մինչև հիմա: Երբեմն անկազմակերպ, իրար հակասող տեղեկատվություն էր տարածվում, որպեսզի բացառվեն նման կոլապսները, կառավարությունը լավ գործ է արել: Ոչ թե վերահսկում է, այլ համակարգում է: Բայց, կրկնում եմ, ֆորմատը, որով փորձում են անել, ես հավանության չեմ արժանացնում»,- ասում է Շուշան Դոյդոյանը:

Նա նաև նկատում է, որ փաստաթուղթն ունի որոշակի հակասություններ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հետ: «Հիմնական հակասությունն այն է, որ նշվում է, թե տեղեկություն ստանալու գրավոր հարցումները պետք է անպայման մակագրվեն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններին: Դա հակասություն է առաջացնում օրենքի հետ, քանի որ օրենքն ասում է, որ գրավոր հարցումների կոորդինացիայով զբաղվում է տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձը: Որոշ գերատեսչություններում այդ անձը աշխատակազմի ղեկավարն է, ղեկավարի տեղակալը, անպայման չէ, որ դա լինի տեղեկատվության վարչությունը»,- ասում է նա:

Ստացվում է, որ, Դոյդոյանի խոսքով, այս շրջաբերականը խնդիրներ է ստեղծելու հենց կառավարության ներսում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ նախկին իշխանությունների օրոք ընդունված օրենքներով ու դրանցից բխող որոշումներով, որոնք նոր կառավարությունն է ընդունում, անհիմն սահմանափակումներ են մտցվում տեղեկատվության և խոսքի ազատության ոլորտում. «Ես կարծում եմ, որ այն օրենքը, որն ընդունվել է նախորդ իշխանությունների ժամանակ և դեռ ուժի մեջ է այս կառավարության օրոք, պետք է վերանայվի, անհիմն սահմանափակումները պետք է լիկվիդացվեն»:

Խոսքը, ըստ մասնագետի, առաջին հերթին «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի մասին է, որով մի շարք սահմանափակումներ են սահմանված մամուլի համար:

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը պարզաբանել է, որ լրատվամիջոցների հետ առնչվելու կարգի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը պետք է գործի համակարգված, աջ ձեռքը պետք է իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը: Ըստ Եղոյանի՝ կառավարությունում կան պաշտոնյաներ, որոնք շարունակում են կոռուպցիայի քարոզ իրականացնել, բայց նոր կառավարությունը դա թույլ չի տա:

Աշոտ Մելիքյանն ասում է, որ եթե այդ շրջաբերականն ունի հատուկ հասցեատեր, կամ եթե կառավարության որոշ անդամներ կոռուպցիա են քարոզում, ապա դա լուրջ խնդիր է, նման դեպքերում պետք է պարզապես պաշտոնանկություններ լինեն:

«Եթե խոսքը կոռուպցիա քարոզելու մասին է, ապա դա այնպիսի լուրջ մեղադրանք է, որ կարելի է մարդուն աշխատանքից ուղղակի ազատել: Դրա համար պետք չէ այնպիսի սահմանափակումներ մտցնել, որոնք բարդություններ են ստեղծում լրատվամիջոցների համար»,- հավելում է մասնագետը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը մտահոգություն էր արտահայտել այս շրջաբերականի առնչությամբ, ասել էր, որ այն սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը և խոսքի ազատությունը:

Աշոտ Մելիքյանը, սակայն, հիշեցնում է, որ հենց ՀՀԿ իշխանության ժամանակ էին ընդունվել սահմանափակումներ մտցնող օրենքները:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ականների հայտարարություններն առաջին հերթին քաղաքական շահարկումներ են, որոնց նպատակը նոր կառավարությանը վարկաբեկելն է:

«Նրանք չեն կարող չհիշել, որ այս տարվա մարտի 23-ին խորհրդարանում անցկացրեցին մի շարք օրենքներ, որոնք ռեգրեսիվ բնույթ են կրում: Եվ այդ օրենքներից մեկը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքն է, որով նախատեսվում է, որ կառավարության որևէ անդամ իրավունք չունի կառավարության նիստերի մասին տեղեկություններ հաղորդել լրատվամիջոցներին առանց վարչապետի թույլտվության: Բացի դա, այդ օրենքն այլ դրույթ էլ է պարունակում, ըստ որի՝ կառավարության անդամի հրապարակային ելույթները, այդ թվում՝ լրատվամիջոցներին տրված հարցազրույցները պետք է համահունչ լինեն կառավարության դիրքորոշմանը, քաղաքականությանը և ընդունված որոշումներին: Այսինքն՝ այն սահմանափակումներն ու պարտադրանքը, որոնք այսօր ՀՀԿ-ականները տեսնում են այդ շրջաբերականում, բխում են այն օրենքից, որոնք իրենք են ընդունել»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Արմեն Աշոտյանն այս շրջաբերականի մասին պարզաբանում խնդրելու համար հարցադրումներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մեդիալաբը» ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ նախկինում չէր ներկայացնում իր դժգոհությունները, երբ ՀՀԿ իշխանության ժամանակ ընդունվեց վերոնշյալ սահմանափակումները պարունակող օրենքը:

«Առաջին` մեր սխալները չեն արդարացնում ներկայիս իշխանությունների կողմից այդ սխալները շարունակելու և խորացնելու պրակտիկան։ Երկրորդ` վարչապետին ուղղված իմ հարցադրումները բացառապես իրավական տիրույթում են: Հարցադրումը հետևյալն է՝ որքանո՞վ է իրավասու աշխատակազմի ղեկավարը նման կարգ սահմանել, նախարարներին նման հանձնարարական տալ և սպառնալ պատժով»,- ասում է Արմեն Աշոտյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am