Բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի մայրը դիմել է դատարան

Ռուսաստանի Սալեխարդ քաղաքի դատարանն անօրինական գործողությունների մասին գանգատ է ստացել քրեակատարողական հիմնարկում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մորից՝ Լյուդմիլա Նավալնայայից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ին դատարանից հայտնել են, որ գանգատի քննությունը տեղի կունենա փակ ռեժիմով։

«Գանգատն ստացվել է անօրինական գործողությունների և որոշումների վերաբերյալ: (Քննությունը) նշանակված է մարտի 4-ին՝ դռնփակ դատական ​​նիստին», – ասել են Սալեխարդի քաղաքային դատարանում՝ պատասխանելով Լյուդմիլա Նավալնայայից հայց ստանալու մասին հարցին:

Ալեքսեյ Նավալնին մահացել էր փետրվարի 16-ին Յամալ Նենեցյան ինքնավար շրջանի քրեակատարողական հիմնարկում։ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել էր, որ զբոսանքից հետո Նավալնին իրեն վատ է զգացել և կորցրել գիտակցությունը, բժիշկները կես ժամից ավելի փորձել են վերակենդանացնել նրան:

Նավալնիի ընտանիքին ասել են, որ նրա մարմինը երկու շաբաթ հետո միայն կհանձնեն իրենց՝ պատճառաբանելով, որ մարմինը պահում են «քիմիական անալիզի համար»։ Արևմտյան ղեկավարները և Նավալնիի կինը նրա մահվան մեջ մեղադրում են անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Պուտինի հանդեպ մեղադրանքները որակել է որպես «բացարձակապես անհիմն, լկտի»։