Վրաստանի նոր իշխանության օրոք Հայաստանի եվրաինտեգրումը ճգնաժամի մեջ է լինելու. Հրանտ Միքայելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանը

– Պարո՛ն Միքայելյան, հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանի ընտրություններից մեկ ամիս անց էլ, կարծես, հետընտրական կրքերը չեն հանդարտվում՝ 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը։ Ի՞նչ զարգացումներ են սպասվում Վրաստանում՝ ելնելով այս ամենից։

– Վրաստանում տեղի ունեցող զարգացումներն արդեն ամբողջությամբ կանխատեսելի են, ասեմ ավելին՝ նախքան ընտրությունները ևս կանխատեսելի էին: Ինձ համար հասկանալի էր, եթե իշխանությունը ստացել է այդքան բարձր տոկոս ու շատ լուրջ աջակցություն, պարզ է, որ այդ մանդատն ընդունվելու էր: 

Մեկ տարբերակ կար, որ այդ մանդատը չընդունվեր, եթե ընտրություններն իսկապես կեղծված լինեին, ու իսկապես լայնածավալ բողոքի ակցիաներ լինեին, բայց հիշեցնեմ, որ ընտրությունների գիշերը ոչ մի բողոք չի եղել, ինչը վկայում է, որ ընդդիմությունը շոկի մեջ էր։ Հետո, երբ ուշքի եկան, սկսեցին բողոքարկել և այլն, բայց վկայություններ, որ ընտրությունները կեղծված են, շատ-շատ քիչ են, արձանագրված 400 խախտումն էլ 3164 տեղամասի համատեքստում թիվ չէ։ 

Այսինքն՝ իշխանություններն իսկապես հաղթել են, ու այս պարագայում ընդդիմությունը փողոց դուրս գալու համար աջակցություն չունի։ Ես կարծում եմ, որ այս մարտում իշխանություններն արդեն հաղթել են Վրաստանում, ավելին՝ բողոքարկել ընտրությունները մեկ ամիս անց, արդեն ուշ է։ Ընդդիմադիր «Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցությունը, երևի վերջում, ամեն դեպքում, կմտնի խորհրդարան, մյուս կուսակցություններն իրենց բոյկոտը դեռ պահելու են, մինչև կողմնորոշվեն՝ ինչ անել: Բացառված չէ, որ նրանք էլ մտնեն խորհրդարան, որովհետև այս պահի դրությամբ այս պայքարը հեռանկար չունի։

– Իսկ եթե բոլոր ընդդիմադիրները որոշեն, որ մանդատները չեն վերցնում, ի՞նչ կլինի այդ դեպքում։

– Եթե ես ճիշտ եմ հասկանում,այնտեղ արդեն մեկնաբանության հարց է, ու քանի որ իշխանությունն է մեկնաբանելու, իրենց օգտին կմեկնաբանեն, այսինքն՝ իրականում, իմ հասկանալով, այդտեղ իշխանությանը երկու մանդատ չէր բավականացնում, որ իրենք հանգիստ վարեն այդ նիստերը, բայց մեկնաբանության հարց է, ու իրավական համակարգը իրավիճակը մեկնաբանելու է իրենց օգտին։ Եթե նույնիսկ ընդդիմությանը հաջողվեր իրենց ուզածն անել, նորից ընտրությունները կնշանակվեին, ու իշխանություններն ամեն ինչ կանեին, որ հաղթեին, այդքան թույլ խաղաքարտերով ընդդիմությունը չի կարող որևէ բանի հասնել։ 

– Նախագահի թեկնածուների առաջադրման հարցն է առաջիկայում, կարծում եք, որ Վրաստանի ապագա նախագահը իշխանական թիմի՞ց է լինելու։

– Իհարկե, որովհետև Վրաստանում, ինչպես Հայաստանում, նախագահն ընտրվում է խորհրդարանով, ու 50 տոկոսը բավարար է։ Իշխանությանը մնում է մեկ հարց՝ ինչպե՞ս ընտրել այնպիսի նախագահի, որ իրենց դեմ դուրս չգա կամ իրենց չդավաճանի, ինչպես նախորդ երկու դեպքում եղավ։ Նախագահին ընտրելուց հետո կփորձեն արդեն վերաբանակցել Եվրամիության հետ ամեն ինչը, որովհետև պարզ է, որ հարաբերությունների մեջ խնդիրներ կան այս պահին, բայց Վրաստանի իշխանություններն ուզում են այս բանակցություններում հին դիրքերից դուրս գալ, իսկ դա պահանջում է, որ իրենք վերահսկեն ամբողջ պետական համակարգը։

– Պարո՛ն Միքայելյան, իսկ կկարողանա՞ն այդ բանակցություններով վերացնել ԵՄ-ի հետ խնդիրները։

– Մեծ հաշվով, Վրաստանի իշխանությունների օրակարգն այդ բանակցություններում կլինի հետագա կորուստներից խուսափելը, որովհետև այս պահին անիրատեսական է, որ Վրաստանը ԵՄ անդամ դառնա թե՛ 2025-ին, թե՛ նույնիսկ 2035 թվականին։ 

Հիմա Վրաստանը շատ խորացել է ինտեգրման գործընթացի մեջ, երկու հնարավոր կորուստը հետևյալն է․ մեկը՝ եթե Վրաստանին զրկեն ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակից, երկրորդը՝ եթե Վրաստանին զրկեն ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման ռեժիմից։ 

Այս երկուսը քաղաքական կորուստ կլինի իշխանությունների համար, հատկապես՝ երկրորդը։ Բայց Վրաստանը շատ կարևոր է ԵՄ-ի համար, որովհետև այսօր Հարավային Կովկասում շատ կարևոր հենարան է ԵՄ-ի համար, ու եթե Վրաստանը կորցնեն, ապա այն ամբողջությամբ կանցնի Թուրքիայի ու Ռուսաստանի ազդեցության տակ, իսկ դրանից հետո Թուրքիան էլ, Ռուսաստանն էլ սկսելու են ԵՄ-ի հետ շատ ավելի ուրիշ լեզվով խոսել։ 

Այսպիսվ, նրանք փորձելու են Վրաստանը չկորցնել, ու գոնե հետագա ստատուս քվոն կպահպանվի, չեմ կարծում, թե անդամակցության բանակցությունը կվերսկսվի, ինչը ԵՄ-ն դադարեցրել է կես տարի առաջ։ Իրավիճակն ավելի կպարզեցվի արդեն ԵՄ-ում որոշ փոփոխություններից, ուկրաինական պատերազմի ավարտից հետո, որը, հավանաբար, կես տարվա կամ ինն ամսվա ընթացքում կավարտվի։

– Վրաստանի նորընտիր իշխանության կառավարումն ի՞նչ ազդեցություն է ունենալու Հարավային Կովկասում ու Հայաստանում։

– Դա, իհարկե, շատ կարևոր հարց է։ Նախկինում Ֆրանսիայի ազդեցությունը Վրաստանում շատ բարձր էր, ու Ֆրանսիան, մեծ հաշվով, ուզում էր Հայաստան մատակարարել այդ թվում ռազմական տեխնիկա և Հայաստանը միացնել իր ազդեցության գոտուն, որովհետև այդտեղ կար պայքար ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև՝ Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի դեմ, քանի որՀայաստանում վիճակն այս պահին ավելի մրցակցային է։ 

Ներկայիս փոփոխությունները Վրաստանում նշանակելու են, որ Ֆրանսիայի ազդեցությունը Վրաստանում նվազել է, ու, այսպիսով, Հայաստանը՝ որպես ԵՄ անվտանգային գոտու մաս, հավանաբար չի կայանալու։ Տեսնում ենք նաև, որ սկսվել են խոսակցությունները այդ սահմանային առաքելության մասին, որ այն կարող է վերացվել։ 

Այսպիսով, անվտանգային գործոնը արդեն օդի մեջ է հայտնվում, սա մի փոփոխություն, երկրորդ փոփոխությունն այն է, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը միշտ իրականացվել ու պրոյեկտվել է Վրաստանի միջոցով ու ամեն իմաստով։ Հիմա սա ավելի սահմանափակ է լինելու, իհարկե, Հայաստանի իշխանությունների կողմից փորձ կա այս դաշտը տեղափոխել Թուրքիայի ուղղությամբ, բայց քանի որ Թուրքիան առանձին խաղացող է, ու այն դիտարկումը, որ Թուրքիայի միջոցով կարելի է Արևմուտք հասնել, մեծ սխալ է եղել, դա չի ստացվելու։ Այսպիսով, Հայաստանի եվրաինտեգրումը հիմա արդեն ճգնաժամի մեջ է լինելու։ 

Դրա ազդեցությունը մենք տեսնում ենք նաև հետևյալում. ավելի քան համոզված եմ, որ Կառավարությունում վերջին փոփոխությունները միտված են նրան, որ այս իշխանությունն ավելի ամրապնդվի։ Հայաստանի իշխանության կողմից մտավախություններ կային, որ դրսի ուժերը կարող են այս կամ այն ուժեղացված կադրերին օգտագործել իշխանափոխության համար, ու այն հնարավոր կադրերը, որոնցով հնարավոր էր դա իրականացնել, հեռացվել են։ Հիմա փորձում են պաշտպանողական ռեժիմի մեջ մտնել, որքանո՛վ դա կփրկի նրանց, այլ հարց է, որովհետև այն միջազգային համատեքստը, որը եղել է, երբ Փաշինյանը եկել է իշխանության, ամբողջությամբ փոխվել է։ 

Թե ինչպիսի դասավորվածություն կլինի, դեռ պարզ չէ, որովհետև Թուրքիայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները Սիրիայում, Իսրայելի հետ կապված, բավականին սրվել են, դեռ պարզ չէ: Սա Հայաստանի համար շատ կարևոր է, որովհետև եթե Իրանի դեմ պատերազմ սկսվեց, չգիտեմ՝ Հայաստանի վիճակն ինչպիսին կլինի։ Այսպիսով, կարևոր է թե ինչպես կավարտվեն իրադարձությունները Իսրայելում։ 

Հայաստանի համար արտաքին քաղաքական փոփոխություններն անխուսափելի են լինելու, բայց ի՞նչ տեսքով, շատ լուրջ հարց է, որովհետև ընտրությունը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ի սկզբանե սխալ է եղել ու անիրատեսական, բարդ անվտանգային ճարտարապետություն պետք է կառուցվի, ինչն այս պահի դրությամբ չի ստացվի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am