Պատգամավորները ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացրել են սահմանային իրավիճակը, քաղաքացիական կառույցների վրա հակառակորդի հարձակումը

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի շրջանակներում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում ենք ունեցել ԱՄՆ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։ Այդ մասին հուլիսի 17-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր գնահատեց կոնգրեսականների ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում, Հայաստանին և Արցախին մշտապես սատարելու հարցում:
Կարևորվեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնումը և խորացումը:

Հանդիպմանը ՀՀ պատգամավորները ներկայացրեցին հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվեցին նաև մարզի Բերդ քաղաքի և Չինարի ու Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորմամբ:
Այդ համատեքստում օրենսդիրներն անդրադարձան նաև Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերին:

Հանդիպմանը կողմերն անդրադարձ կատարեցին նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրներին: Այդ առնչությամբ հայ պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ամերիկյան կողմին՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի միջև փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձել է նաև Ֆրենք Փըլոնն իր թվիթերյան էջում:

https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/704375123460043