Այս պահին չափազանց հանգիստ է, բայց դա էլ է անհանգստացնող, չգիտենք՝ թշնամին ինչի՛ է պատրաստվում. Հակոբ Ավետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար, Սոթքի բնակիչ Հակոբ Ավետյանը

– Պարո՛ն Ավետյան, այս պահին ի՞նչ վիճակ է համայնքում, թշնամին շարունակո՞ւմ է կրակել։

– Այս պահին շատ հանգիստ է, կարծես ոչ մի բան չի էլ եղել՝ այնքան հանգիստ է, բայց դա էլ է անհանգստացնող, որովհետև չգիտենք, թե այս հանգստությամբ ինչի՛ են պատրաստվում։ Համենայնդեպս, այստեղ այն իրավիճակն է ստեղծվել, որ արդեն ամեն մի րոպե ինչ-որ վատ բան է սպասվում է, օր չկա, որ գոնե մի քանի անգամ կրակոցներ չլինեն, թեկուզ՝ ավտոմատի, իսկ այս երեք օր է՝ արդեն հրետակոծություն է սահմանին, գիտեք։ Այս պահին, արդեն ասացի, շատ հանգիստ վիճակ է։

– Այս երեք օրվա մեջ միայն սահմա՞նն է թշնամու թիրախում, թե՞ գյուղերն էլ։

– Չէ, գյուղերն այս անգամ թիրախում չեն, հիմնականում դիրքերն են, ասեմ նաև, որ մեր տղաները շատ լավ հակահարված են տվել, ինչն էլ զսպող լուրջ դեր է կատարել։

– Խախտելով հրադադարն այս անգամ Գեղարքունիքի մարզում՝ թշնամին ի՞նչ նպատակ է հետապնդում՝ ըստ ձեզ։

– Դե, թշնամին ունի պահանջներ, որոնք մեր կողմից անընդունելի են, ու այդ ամենից ելնելով էլ հակամարտությունը շարունակվում է։ Կոնկրետ գործողության նպատակն ասելը դժվար է, բայց որ իրենք տարածքային նկրտումներ ունեն, դա բոլորս էլ գիտենք։ Ամեն րոպե սպասում ենք, որ ինչ-որ բան պետք է լինի, մենք էլ՝ բանակը, կառավարությունը, ես, դուք, պետք է պատրաստ լինենք դրան՝ ամեն մեկս մեր տեղում։

– Պարո՛ն Ավետյան, իսկ թշնամու կուտակում կա՞ սահմանին։

– Անզեն աչքով տեսանելի չէ, ես ինքս տեղեկանում եմ դիրքերում կանգնած տղաներից, բայց որ կան մեծ թվով կուտակումներ, դա հստակ է։

– Գյուղացիներն իրենց տներո՞ւմ են, թե՞ լքել են գյուղերը։

– Չէ, գյուղերից տարհանում չկա, որովհետև գարնանային սեզոն է, մարդիկ վար ու ցանքով են զբաղված, պետք է կարողանան իրենց հացի հարցը լուծել, բայց եթե կրակոցներն ուժեղանում են, երեխաներին ու տարեցներին արագ հանում են, դա ոչ թե պետականորեն տարհանում է, այլ ամեն մեկն իր ընտանիքը հանում է։

– Փաստորեն, այս պահին համայնքում բնականոն կյանքո՞վ եք ապրում։

– Այո՛, այս պահին լիովին հանդարտ վիճակ է։ 

Հիշեցնենք, որ մայիսի 11-ի վաղ առավոտից ադրբեջանական կողմը Սոթքի դիրքերի ուղղությամբ խախտել էր հրադադարը՝ կիրառելով նաև հրետանի։ Հաջորդող օրերին թշնամին գնդակոծեց նաև Նորաբակի, Կութի, Վերին Շորժայի դիրքերը, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ մեկ զոհ և վիրավորներ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am