Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում, բնակիչներին սպասարկելու համար բացվեց Հայփոստի երկրորդ փոստային բաժանմունքը, որն ունի նոր փոստային դասիչ՝ 0058: Դավիթաշեն, 1-ին թաղամաս, 48 շենք, 76 տարածք հասցեում նոր բաժանմունքի բացումով Երևան քաղաքի փոստային բաժանմունքների թիվը դարձավ 93: Վերջին երկու տարիներին նոր փոստային դասիչով բաժանմունք Հայաստանում չէր բացվել:
Նոր բաժանմունքի գործարկումը կնպաստի Դավիթաշեն թաղամասում սպասարկման որակի բարելավմանը:
0058 բաժանմունքը Հայփոստի նոր ֆորմատի բաժանմունքներից առաջինն է: Այն իր մեջ ներառում է մի շարք նորարարություններ.
- առաջին անգամ Հայփոստի բաժանմունքում կիրառվում է հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ,
- առաջին անգամ կիրառվում է օնլայն հերթագրման Earlyone համակարգ,
- առաջին անգամ Հայփոստի բաժանմունքում տեղադրվում է փոստամատ(Locker), որտեղից հաճախորդները կարող են ստանալ Շոփինով պատվիրված ծանրոցներն ու փաթեթները,
- առաջին անգամ բաժանմունքում Հայփոստը սկսում է բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք:
Մեկ նորարարություն ևս. Սինգապուրի փոստի օրինակով բաժանմունքում կլինի հանդերձարան, որտեղ մարդիկ կարող են փորձել փոստով պատվիրված իրերը:
Ինչպես նշում է ԲՏԱ նախարարության կապի և փոստի վարչության պետի ԺՊ Ծովինար Գալստյանը.-«Դավիթաշեն վարչական շրջանում ունեինք մեկ բաժանմունք, սակայն հաշվի առնելով, որ Դավիթաշենն ունի մեծ բնակչություն, բացել ենք նաև երկրորդ բաժանմունքը, որը մեր ամբողջ ցանցում առաջինն է տեխնալոգիական հագեցվածության առումով: Սա կկրի շարունակական բնույթ, նմանատիպ բաժանմունքների թիվն առաջիկայում կավելանա»:
Իր խոսքում Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց. «Դավիթաշեն վարչական շրջանում բացված այս բաժանմունքն, ըստ էության, փոստային բաժանմունքի նոր ստանդարտ է սահմանում, սա առաջին ծիծեռնակն է, մենք նախատեսում ենք նմանատիպ ժամանակակից տիպային բաժանմունքներ ունենալ ամբողջ Հայաստանում: Անշուշտ դա միանգամից չի լինելու, քանի որ պահանջում է ֆինանսներ և ժամանակ, բայց ես վստահեցնում եմ, որ եկող տարում արդեն մեր քաղաքացիները կզգան, թե ինչպես է բարեփոխվում Հայփոստը՝ ինչպես է լավանում սպասարկման որակը: Մեկ տարի անց մենք խոսելու ենք որակապես լրիվ այլ Հայփոստի մասին, միասին կառուցելու ենք բոլորիս երազանքի Հայփոստը»:
Նորաոճ 0058 բաժանմունքը կսպասարկի Դավիթաշենի առաջին և երկրորդ թաղամասերի բնակիչներին: Իսկ գործող 0054 բաժանմունքը կշարունակի սպասարկել Դավիթաշենի երրորդ և չորրորդ թաղամասերի բնակիչներին:
«Հայփոստ» ՓԲԸ
Ի գիտություն, հայտնում ենք, որ միայն 2021 թ. հունվար ամսին Դավիթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի թոշակառուներն իրենց կենսաթոշակը կստանան 0054 բաժանմունքից: