Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է. Ավինյան

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց  քաղաքի համար անհրաժեշտ լուծում է. առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կկառուցվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնելուն գնալը շատ ավելի դժվար է։ Սակագների բարձրացումն ինքնին հեշտ է, բայց պետք է հասկանալ, որ դա ընդհանուր համակարգի մի մասն է, իսկ դա ենթադրում է տրանսպորտային համակարգի կատարելագործում, միասնական տոմսային համակարգի ներդրում, ավտոկայանատեղերի կառուցում և այլն»,- օրինագծի քննարկման ընթացքում շեշտեց Ավինյանը։

Նա ընդգծեց, որ նախատեսվում է առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կառուցել:

Ավինյանը նշեց, որ այժմ պետք է հանրային տրանսպորտին էական առաջնահերթություն տալ, այնպես անել, որ շատ կարմիր գծեր դառնան կապույտ, որը ավտոբուսների և միկրոավտոբուսների համար է:

Դիտարկմանը, որ քաղաքը բեռնաթափելուց առաջ պետք է այն հարմարավետ դարձնել քաղաքացիների համար, Ավինյանն ընդգծեց, որ քաղաքը պետք է հարմարավետ դարձնել մարդկանց, ոչ թե մեքենաների։ Ըստ նրա` չնայած այս նախագիծը շատ է քննադատվել, բայց վստահաբար այն արդյունք կտա։

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում վճարովի ավտոկայանատեղիներից (կարմիր գծերից) քաղաքապետարանը 1 մլրդ 350 մլն դրամ եկամուտ է ակնկալում։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը նշեց, որ Երևանում կայանման վճարի համար 2024 թվականին նախատեսել էին 1 մլրդ 200 մլն դրամի մուտք, սակայն բարձրացումը, հաջորդ տարի լրացուցիչ 150 մլն դրամ կբերի քաղաքային բյուջե:

Նա ընդգծեց, որ 2022 թվականին վճարովի ավտոկայանատեղիների վճարներից քաղաքային բյուջե է մտել 680 մլն դրամ, իսկ 2023–ին` 960 մլն դրամ։