Այսպիսի ուղերձները ուղղակի ապտակ են Հայաստանի քաղաքական իշխանությանը. Նորայր Նորիկյանը՝ Պուտինի շնորհավորանքի մասին

Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

«Շնորհավորական նամակում տառացիորեն նշված է հետևյալը. «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»։ 
Համարելով Ռոբերտ Քոչարյանին որպես ռուսաստանի բարեկամ, Վ. Պուտինը Ռոբերտ Քոչարյանին մաղթել է առողջություն և տոկոնություն:

Ռուսաստանի և նրա նախագահի խնդիրն է այս կամ այն անձին համարել Ռուսաստանի ընկերն ու բարեկամը, բայց որ այսպիսի ուղերձները ուղղակի ապտակ են Հայաստանի քաղաքական իշխանությանը, գոնե ինքս արդեն որևէ կասկած չունեմ:

Սա ուղղակիորեն խոսում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունների համար անընդունելի են մարտի 1-ի գործով Հայաստանում իրականացվող քրեական գործի հարուցումը և հատկապես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը:

Ինձ ապշեցնում է Հայաստանի իշխանության դիրքորոշումը, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են կամ երբևէ այնքան լավ չեն եղել, որքան այսօր:

Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ անհրաժեշտ է վերբեռնել հայ-ռուսական հարաբերությունները և հստակեցնել զգայուն հարցերի վերաբերյալ դիրքորոշումները՝ փորձելով անել հնարավոր ամեն ինչ՝ հասկանալ տալու համար, որ Հայաստանում իրականացվող գործընթացները չպետք է ազդեն հայ-ռուսական հարաբերությունների վրա և ուղղված չեն այդ հարաբերությունների դեմ»: