Ֆրանսիայում ստեղծվել է նոր գրական մրցանակ՝ Prix Pascal, որը նախատեսված է մարդու և արհեստական բանականության (ԱԲ) համատեղ ստեղծած գրական գրքերի համար։
Մրցանակն անվանակոչվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և գրող Բլեզ Պասկալի պատվին, որը ստեղծել է առաջին մեխանիկական հաշվիչ մեքենաներից մեկը։
Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած երկրի հեղինակներ։ Ստեղծագործությունը պետք է գրված լինի ֆրանսերեն, նախկինում հրապարակված չլինի և առաջարկի սոցիալական, էթիկական կամ բնապահպանական խնդիրների լուծման ինքնատիպ մոտեցումներ։
Կազմակերպիչները խրախուսում են գրական փորձարարությունները՝ էջերի ոչ ավանդական հերթականությունից մինչև հեղինակի և ընթերցողի միջև սահմանների վերացում ու նոր ստեղծագործական ձևաչափերի մշակում։
Մասնակիցները պարտավոր են նաև ներկայացնել տեխնիկական հաշվետվություն՝ մանրամասն նկարագրելով ստեղծագործության ստեղծման գործընթացը, որպեսզի այլ հեղինակներ կարողանան վերարտադրել և զարգացնել կիրառված մեթոդը։
Կազմակերպիչներն ընդգծում են մարդու ստեղծագործական դերի կարևորությունը։ Ժյուրին գնահատելու է հեղինակի ընտրած ձևաչափը, սահմանած պայմաններն ու նյութի կազմակերպման եղանակը։
Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 30-ը։ Կընտրվի 10 եզրափակիչ մասնակից, իսկ հաղթողի անունը կհայտարարվի դեկտեմբերի սկզբին։
Նոր մրցանակի ստեղծումը համընկել է գրական աշխարհում արհեստական բանականության կիրառման շուրջ ծագած հերթական սկանդալի հետ։ Հայիթիական ծագմամբ կանադացի գրող Թելիսոն Օրելյենը, որը հավակնում էր Գոնկուրյան մրցանակին, կասկածվել է իր վեպը գրելիս ԱԲ օգտագործելու մեջ։
Դրանից հետո ստեղծագործությունը հանվել է մրցանակի հավակնորդների ցանկից, իսկ կանադական Les Éditions du Boréal հրատարակչությունը հայտարարել է գրողի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։



















