«Մարդիկ կային, որ առանց շնչառական ապարատի 10 րոպե անգամ չէին կարող շնչել»․ Կորոնավիրուսով վարակակիրը վերհիշում է անցած օրերը

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ 37-ամյա Հայկ Սահակյանը կորոնավիրուսով վարակվել է մայիսի վերջին ընտանիքի անդամներից։ Հիվանդության նշաններ ունենալուց և վիճակի վատթարացումից 10 անց նոր հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։

«Հիվանդությունը իմ պարագայում միջին ծանրության էր։ Ինձ համար ծանր էր, բայց բժիշկների գնահատմամբ՝ միջին։ Հիվանդանոցում ես ավելի ծանր դեպքերի ականատես եղա։ Մարդիկ կային, որ առանց շնչառական ապարատի 10 րոպե անգամ չէին կարող շնչել»,- «Մեդիալաբին» պատմում է Հայկ Սահակյանը:

Հայկ Սահակյանը վստահ է, որ վարակվել է ընտանիքի անդամից: Եվ երբ վերջինիս թեստը դրական է եղել, հասկացել են, որ ընտանիքի մյուս անդամներն էլ չէին կարող վարակից խուսափած լինել: 

«Հարազատս էլ իր հերթին վարակվել էր աշխատանքի վայրում, շփվել էր վարակակրի հետ՝ գործի բերումով։ Մենք պահպանում էինք կանոնները, բայց աշխատանքի ընթացքում չգիտեմ ինչպես է եղել, որ վարակվել է։ Իրենց աշխատավայրից շատերին հետո հոսպիտալացրել էին»,- նշում է Սահակյանը։

Ասում է՝ առաջին ախտանշանները եղել է ջերմության բարձրացումը, թուլությունը և անքնությունը։ Թեստի դրական արդյունքը իր համար անակնկալ չի եղել, քանի որ արդեն իր մոտ թոքաբորբ էր ախտորոշվել։

Այս ախտանշաններն ունենալուց հետո դիմել է պոլիկլինիկա, սակայն, նրա գնահատմամբ՝ պոլիկլինիկայի բուժօգնությունը եղել է անարդյունավետ։

«Պոլիկլինիկայում բժիշկը անում է ամեն ինչ, ինչ կարողանում է, բայց նա պարզապես թերապևտ է։ Դեղերը, որ նշանակում էին, արդյունավետ չէին թոքաբորբի դեպքում, բայց շարունակում էին նշանակել։ Կարծում եմ՝ առողջապահության նախարարությունը որոշումներ պետք է իջեցնի, թեկուզ Նորքի ինֆեկցիոնից բժիշկներն իրենց փորձառությամբ կիսվեն պոլիկլինիկայի բժիշկների հետ, և արդյունավետ դեղեր նշանակեն, չեմ կարծում՝ դա լուրջ կազմակերպչական խնդիր է»,- ասում է Սահակյանը։

Ըստ նրա՝ պոլիկլինիկան նաև հապաղեց կազմակերպչական-տեխնիկական հարցերի կազմակերպման առումով։

«Երբ ես պառկած էի, հիվանդության 10-րդ օրը նորից ինձ պոլիկլինիկայից հրավիրում էին թեստ հանձնելու, նրանց մոտ ինֆորմացիան այդքան ուշ է մշակվում, հետո պոլիկլինիկան պետք է թղթերը ապահովեր, ինչ-որ նախապատրաստական աշխատանք պետք է անեին, հիվանդության զարգացումը ցույց տային, ներքին աշխատանքային պրոցես էր, որը ձգձգվում էր։ Ինձ թվում էր՝ լիմիտ կար, անընդհատ հետաձգվում էր այդ պրոցեսը»,- ասում է Հայկ Սահակյանը։

Ի տարբերություն պոլիկլինիկայի աշխատանքի, իր դրական վերաբերմունքն է հայտնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատանքի մասին, ընդգծելով, որ Նորքի բժիշկների աշխատանքի շնորհիվ կարողացել է դրական դինամիկա ունենալ․ «բժիշկներն ամեն ինչ անում էին, որ մենք լավանանք»։

Հայկ Սահակյանը ինքնակամ է դուրս գրվել այժմ հիվանդանոցից՝ բուժումը տանը շարունակելու պայմանով։

«Հիմա ինձ լավ եմ զգում, դուրս եմ գրվել, տանը դեռ 7 օրվա բուժման կուրս ունեմ անցնելու, բայց ինքնակամ դուրս եմ գրվել, որովհետև կային մարդիկ, որոնց վիճակը շատ ծանր էր, իսկ ես կարող եմ իմ բուժումը տանը շարունակել»,- ասում է նա։

Վիրուսի գոյությանը չհավատացողներին կամ այն մարդկանց, որոնք խուսափում են կանոնները պահպանելուց, համարում է, որ խորհուրդ տալն անիմաստ է։

«Հասկանում եմ, որ այդ մարդկանց ոչինչ չի օգնի։ Ես չէի ցանկանա, որ նրանք վարակվեն, այն, ինչի միջով անցնում են հիվանդներն ու բժիշկները, ժողովրդական խոսքով ասած՝ թշնամուս չէի ցանկանա։ Բայց մեդիագրագիտության բացը և տգիտությունը շատ մեծ բաց են վիրուսի հաղթահարման համար»,- հավելում է Հայկ Սահակյանը։

Հունիսի 12-ի տվյալների համաձայն՝ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատել է 7.5 միլիոնը: Հայաստանում այսօրվա տվյալների համաձայն՝ վարակակիրների թիվը հասել է 15.281-ի: 

Պարետատան որոշմամբ՝ մայիսի 25-ից հանրային բաց և փակ վայրերում դիմակ կրելը դարձել է պարտադիր։ Դիմակ կրելու կարևորության մասին քիչ առաջ կրկին հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով տարածել ուղերձը՝ դրանով աջակցելով կառավարությանը: 

Սիրելիներս, խնդրում եմ՝ ամեն մեկդ արեք Ձեր բաժին հայտարարությունը Ձեր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում, կամ տեսագրեք…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 12. Juni 2020

«Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր»,- հայտարարության մեջ նշում է Փաշինյանը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am