Ինչպես է գենդերային հավասարությունը նպաստում երկրի զարգացմանը (ցուցանիշներ)

Ինչպես է գենդերային հավասարությունը նպաստում երկրի զարգացմանը (ցուցանիշներ)
Ինչպես է գենդերային հավասարությունը նպաստում երկրի զարգացմանը (ցուցանիշներ)

Հայաստանում գենդերային հավասարության խնդրի շուրջ քննարկումներն ու բանավեճերն առավել ակտիվացան հատկապես 2013 թվականից, երբ իշխանությունները պետք է արտաքին քաղաքականության վերաբերյալ կարեւոր որոշում կայացնեին՝ գնալ եվրաինտեգրման ճանապարհով, թե առավել սերտացնել կապերը Ռուսաստանի հետ: Այդ շրջանում ի հայտ եկավ այն միտումը, երբ Եվրոպային ուղղակիորեն կամ անուղղակիորեն քննադատելու նպատակով շահարկվում էր գենդերային հավասարության հարցը:

Արդյունքում հասարակության առավել լայն զանգվածները բացասական վերաբերմունք դրսեւորեցին ոչ միայն սեռերի հավասարության հասկացության, այլեւ «գենդեր» եզրույթի նկատմամբ առհասարակ: Մինչդեռ մի շարք տեղական եւ միջազգային կազմակերպություններ տարիներ շարունակ փորձում են հայ հասարակության համար ընկալելի դարձնել, թե ինչ է գենդերային հավասարությունն ու ինչպիսի ազդեցություն այն կարող է ունենալ պետության եւ յուրաքանչյուր քաղաքացու վրա:

Պետության վրա գենդերային հավասարության ազդեցության մասին պատկերացում կազմելու համար կարելի է ընդամենը համեմատել գենդերային հավասարության ամենաբարձր ցուցանիշ արձանագրած երկրները ամենացածր ցուցանիշ ունեցողների հետ:

Նախորդ տարի հրապարակված Գլոբալ գենդերային հավասարության զեկույցի համաձայն գենդերային հավասարության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են սկանդինավյան երկրներում՝ Իսլանդիա, Նորվեգիա եւ Ֆինլանդիա, իսկ ամենացածր ցուցանիշ արձանագրած երկրներն են Չադը, Պաղեստինն ու Եմենը:

Այժմ դիտարկենք այս վեց երկրների ցուցանիշները համաշխարհային տարբեր ցուցանիշային ինդեքսներում: 2006 թվականին հրապարակված Կյանքի բավարարվածության ինդեքսում գենդերային հավասարության բարձր ցուցանիշներ արձանագրած երկրները անհամեմատ ավելի բարձր հորիզոնականներում էին, քան Չադը, Պաղեստինն ու Եմենը:

Նշենք, որ կյանքի բավարարվածության ինդեքսը կազմվել է հաշվի առնելով երեք կարեւոր հանգամանքներ. բնակչության առողջական եւ սոցիալական կարգավիճակը, ինչպես նաեւ կրթության մատչելիությունը:

Իսլանդիայի, Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի բնակչությունը ոչ միայն բավարարված է, այլեւ աշխարհի ամենաերջանիկներից է համարվում:

 

Աշխարհի երջանկության զեկույցը կազմվում է  քաղաքացիներին պետության կողմից տրվող սոցիալական աջակցության, կյանքի տեւողության եւ սեփական կյանքի վերաբերյալ ընտրություն կատարելու ազատության ցուցանիշների հիման վրա:

Գենդերային հավասարություն չպահպանող պետությունները ծայրահեղ ցածր ցուցանիշներ են արձանագրել նաեւ մարդկային զարգացման ինդեքսում:

 

 

Այս զեկույցի հիմքում մարդկանց կրթվածության մակարդակն ու աշխատավարձերն են: Գենդերային հավասարություն հաստատած երկրների քաղաքացիները անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, այստեղ առաջատարը Նորվեգիան է:

Սոցիալական առաջադիմության ինդեքսում եւս սկանդինավյան երկրները բարձր հորիզոնականներում են:

Այս ինդեքսը մատնանշում է, թե պետությունները որքանով են բավարարում իրենց քաղաքացիների սոցիալական կարիքները:

Ինչ վերաբերում է տնտեսական ազատության ինդեքսին, ապա այստեղ գենդերային հավասարության բարձր ցուցանիշներ արձանագրած երկրները առաջին տասնյակում չեն, սակայն դարձյալ Պաղեստինի, Եմենի եւ Չադի հետ հետ համեմատության մեջ ակնհայտորեն առավել լավ արդյունք են գրանցել:

 

Իսկ ժողովրդավարության ինդեքսում Նորվեգիան, Իսլանդիան եւ Ֆինլանդիան զբաղեցնում են լավագույն հորիզոնականները, իսկ օրինակը Չադը վերջից երրորդն է (ինդեքսում ընդամենը 167 երկիր է ներառված):

 

 

Նմանատիպ պատկեր է ստացվել նաեւ Մամուլի ազատության ինդեքսում: Այստեղ եւս սկանդինավյան երկրները լավագույնն են:

 

Նախորդ տարի կազմվել է նաեւ «Լավ երկրների ինդեքսը», համաձայն որի լավ երկիր են համարվում նրանք, որոնք իրենց վարած քաղաքականությամբ նպաստել են համայն մարդկության եւ երկիր մոլորակի զարգացմանը: Եմենն ու Չադը այստեղ եւս վերջին հորիզոնականներում են:

Գուցե հարց առաջանա, թե բոլոր այս ցուցանիշները ինչ կապ ունեն գենդերային հավասարության հետ: Պատասխանը կարող եք գտնել ինքներդ՝ դիտելով վերոնշյալ վեց պետությունների ազգային խորհրդարաններում կանանց ներգրավվածության ցուցանիշները:

Այն երկրները, որտեղ որոշումներ կայացման գործընթացներում գրեթե համաչափորեն ներգրավված են եւ կանայք, եւ տղամարդիկ, բարձր հորիզոնականներ են զբաղեցնում միջազգային կարեւորագույն ինդեքսներում: Կանայք տղամարդկանց հետ միասին վարում են այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում հարգվում են քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, այս երկրների բնակչությունը սոցիալապես ապահովված, երջանիկ  ու բավարարված է:

Այն որ գենդերային հավասարությունը դրական ազդեցություն է ունենում պետության զարգացման եւ քաղաքացիների առաջխաղացման համար, փաստում են նաեւ մի շարք հետազոտություններ: «Գլոբալ իրավունքներ կանանց համար»  (ԱՄՆ) կազմակերպության գործադիր տնօրեն Շերիլ Թոմասը մեզ հետ զրույցում նշեց, որ վաղուց ժամանակն է գիտացելու, որ կանանց իրավունքների պաշտանությունը զուտ կանանց չի վերաբերում:

«Երբ հարգվում են երկու սեռերի իրավունքները, դրանից շահում են բոլորը: Եվ տղամարդիկ եւս պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի երկրում գործի իրական գենդեարային հավասարություն»:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի համար մեծ շռայլություն է երկրի մարդկային ռեսուրսները վատնելը. «Խոչընդոտելով կանանց՝ դուք կորցնում եք ձեր ռեսուրսների կեսից ավելին, վաղուց ապացուցված է, որ կնոջ ֆինանսական կայունությունից շահում է ոչ միայն նա, այլեւ ամբողջ ընտանիքը: Այդ դեպքում ինչո՞ւ խոչընդոտել նրանց աշխատել, հաջողված կարիերա ունենա, ներգրավվել որոշումներ կայացնելու գործընթացներում»,- հռետորական հարց է հնչեցնում Շերիլ Թոմասը:

Փորձագետը եւս հաստատում է, որ գենդերային հավասարության ձգտող երկրներում կյանքի որակն առավել բարձր է, քան այն երկրներում, որտեղ կանանց իրավունքները ստորադասված են: «Սա հաստատված փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել»:

Անկախ նրանից, թե ով եւ հանուն ինչ նպատակների կշահարկի գենդերային հավասարության հարցը, Հայաստան պետությունն ու Հայաստանի քաղաքացիները պետք է որոշեն, թե որ երկրների կողքին են ցանկանում լինել՝ առաջատարների, թե պարտվողների:

Փաստերը ներկայացրեց

Արման Ղարիբյանը