«Ընտրություններից հետո այլևս քաղաքական նպատակահարմարություն չի լինի պահպանել դրամի բարձր փոխարժեքը». տնտեսագետ

Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը

-Պարո՛ն Միքայելյան, դրամի փոխարժեքի բարձրացման միտում է նկատվում դոլարի նկատմամբ։ Սա ինչո՞վ է բացատրվում, արդյոք պայմանավորվա՞ծ է արտահերթ խորհրդարանական ընտրություններով։

-Քանի որ Կենտրոնական բանկը միջկոմպլեկտ շուկայի գործարքների վերաբերյալ տվյալները շատ ուշ է հրապարակում, կարող եմ միայն վարկած հնչեցնել, որն ունի երկու բաղկացուցիչ։ 

Առաջին՝ բոլոր քաղաքական ուժերը ընտրությունների հետ կապված բավականին մեծ ծախս են անում, ինչն էլ նպաստում է դրամի փոխարժեքի բարձրացմանը։ Երկրորդ՝ այսօրդոլարի որոշակի էժանացում կա նաև համաշխարհային շուկայում, որը պայմանավորված է անցած ու այս տարվա ընթացքում շատ մեծ էմիսիայով։

Այսպիսով, դոլարի բացարձակ փոխարժեքը այսօրհարաբերականորեն նվազում է նաև եվրոյի և, ըստ էության, նաև դրամի նկատմամբ։

Ինչպես արդեն նշեցի, ընտրությունների հանգամանքը ևս իր դերն ունի այս հարցում։ Գիտենք, որ Հայաստանի ունևորները մեծ գումարները պահում են ավելի շատ արտարժույթով,և, հավանաբար, հիմա այն փոխանակվում է բազմաթիվ ծախսերի համար, հետևաբար այդ հանգամանքը չենք կարող բացառել։ 

Սա ենթադրություն է, բայց, իմանալով, որ բոլոր ընտրությունների ժամանակ փողի զանգվածն աճում էր, ենթադրում եմ, որ նույնը հիմա է տեղի ունենում։

-Իսկ ընտրությունների ավարտից հետո հնարավո՞ր է, որ դրամի փոխարժեքը նվազի։

-Այո՛, ակնկալում եմ, որ փոխարժեքը նվազելու է, սա ևս վարկած է, որովհետև Կենտրոնական բանկը եզրակացություն անելու համար անհրաժեշտ տվյալները հրապարակում է մեկուկես ամիս ուշ, և միայն այդ ժամանակ կկարողանանք հստակ պնդել: Բայց որպես փաստ մենք դա կարձանագրենքմոտավորապես երկու շաբաթվա կտրվածքով։ 

Բայց ևս մեկ հանգամանք կա. նոյեմբերից սկսած դրամի փոխարժեքի վրա շատ լուրջ ճնշում կար։ Կենտրոնական բանկի պահուստներից շատ մեծ գումարներ են ծախսվել, որպեսզի դրամի փոխարժեքը պահպանվի այն մակարդակում, որն այսօր ունենք։ 

Նոյեմբերից մինչև ապրիլ ամիսը ներառյալ ծախսվել է 360 միլիոն դոլար, որից միայն ապրիլին` 75 միլիոն դոլար, իսկ մայիսից սկսած` դեռ տվյալներ չունենք։

Կարող ենք ակնկալել, որ ընտրություններից հետո քաղաքական նպատակահարմարություն չի լինելու այլևս, որ դրամի փոխարժեքը բարձր պահպանվի, և Կենտրոնական բանկի պահուստային ծախսերը կնվազեն։ Բայց եթե ընտրությունների երկրորդ փուլ լինի, հավանաբար դրամի փոխարժեքի բարձրացումը կպահպանվի։

-Պարո՛ն Միքայելյան, գնաճի հետ կապված՝ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում հիմա։

-Հայաստանում գնաճի միտում նկատվում էր անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա մարտ ամիս, որը բավական զգալի էր սպառողների համար, սակայն դա չպետք է դիտարկել որպես լուրջ մակրոտնտեսական խնդիր։ 

Վերջին երկու ամսվա ընթացքում գնաճ գրեթե չենք տեսնում, այն սպառողական գների աճը, որը գոյություն է ունեցել նշված ժամանակահատվածում,արդեն սպառվել է։ 

Քանի որ ապրանքների մեծ մասը ներմուծվում էՀայաստանում, դրանց գնաճն էլ զգալիորեն պայմանավորված էր դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի նվազմամբ։

Ճիշտ է, գնաճն այնպիսի չափերի չի հասել, որ սպառնալիք լինի մակրոտնտեսական կայունության տեսանկյունից, չնայած, այո՛, սպառնալիք է սպառողների համար, սոցիալական տեսանկյունից, բայց պետք է հաշվի առնենք, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանում դեռ չի հաղթահարվել, և սա անդրադառնում է մարդկանց կենսամակարդակի վրա։

-Կխնդրեմ օբյեկտիվ գնահատեք տնտեսական ներկայիս վիճակը, որովհետև իշխանական թիմը պնդում է, թե տնտեսական ճգնաժամ չկա, իսկ նրանց ընդդիմախոսները`ճիշտ հակառակը։

-Եթե տնտեսական ճգնաժամը դիտարկենք որպես տեխնիկական երևույթ, ապա այսօր տնտեսական ճգնաժամը հաղթահարված է, որովհետև մենք ունենք տնտեսական աճի ակնհայտ վերականգնում, սոցիալական ակտիվության գրեթե վերականգնում, աճ կա շինարարության և անշարժ գույքի շուկայում նաև, որը ևս ցույց է տալիս, որ կան տնտեսական կայունացում և մի փոքր աճ։ 

Եթե դիտարկում ենք զուտ որպես երևույթ, ապա մի քանի բաղադրիչ պետք է հաշվի առնենք։ 

Այս պատերազմն անմիջական հարված է հասցրել Արցախի տնտեսությանը, որը Հայաստանի տնտեսության մի գոտին էր, և հիմնական տնտեսական կորուստներն այնտեղ են եղել, ինչը մեծ ու երկարատև հարված է հասցրել նաև Հայաստանի տնտեսությանը։

Երկրորդ՝ մեզ հարկավոր է վերականգնել ոչ միայն տնտեսության այն մակարդակը, որն ունեցել ենք մինչև համավարակը, այլ նաև տնտեսական աճի տեմպերը, որն ավելի բարդ է ու ժամանակատար։ 

Ամփոփելով` ասեմ. տեխնիկական տեսանկյունից տնտեսական ճգնաժամը հաղթահարված է, իսկ որպես երևույթ դեռ հաղթահարված չէ, և վերականգնելու շատ բան կա դեռ։

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am