Զուգահեռ կայսրություն. միլիոնավոր դոլարներ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հիմնադրամներին՝ «բարի նպատակներով»

Զուգահեռ կայսրություն. միլիոնավոր դոլարներ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հիմնադրամներին՝ «բարի նպատակներով»
Զուգահեռ կայսրություն. միլիոնավոր դոլարներ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հիմնադրամներին՝ «բարի նպատակներով»

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ ներկայացրած և բազմիցս վնասով աշխատելու մասին հայտարարություններ անող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի գործունեության մասին խոսակցություններն է´լ ավելի թեժացան անցյալ տարի, երբ պարզվեց, որ կառույցը վերջին հինգ տարիներին միլիոնավոր դոլարների նվիրատվություն է կատարել ՀՀ նախագահի և վարչապետի կողմից հիմնադրված «Լույս» հիմնադրամին:

Չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ մայրաքաղաք Երևանի կենտրոնում բազմահազարանոց բողոքի ցույցերը միջազգային մամուլում մեծ արձագանք գտան` որպես երիտասարդների քաղաքացիական ակտիվության վառ դրսևորում, այնուամենայնիվ, առաջ եկած հարցերը հնարավորություն տվեցին ուշադրություն դարձնել հարցի այլ դիտանկյունների և նոր մանրամասներ բացահայտել ՀԷՑ-ի տարօրինակ գործունեության և իշխանական բուրգի կողմից կառավարվող հիմնադրամի գործունեության մասին:

«Սա կոռուպցիոն շատ մեծ շղթա է, որտեղ զոհը միանշանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է,- «Մեդիալաբին» ասում է հայտնի իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: – ՀԷՑ-ը համակարգը բարելավելու և որակյալ ծառայություն մատուցելու փոխարեն քաղաքացու գումարները փոխանցում է իշխանությունների կողմից վերահսկվող մի հիմնադրամ, այն դեպքում, երբ անընդհատ խոսում է վնասով աշխատելու մասին: Մի բան ակնհայտ է. ոչ մեկը սիրուն աչքերի համար գումարներ չի տալիս»:

ՀԷՑ-ը վերջին երեք տարիների ընթացքում երրորդ անգամ էլեկտրաէներգիայի թանկացման հայտ ներկայացնելու իր քայլը բացատրել էր նրանով, թե վնասով է աշխատել և հսկայական պարտքեր է կուտակել:

Այդ մասին անցյալ տարեսկզբին հայտարարել էր էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Երվանդ Զախարյանը, նշելով, որ «վատ կառավարման հետևանքով» հունվարի 1-ի դրությամբ ՀԷՑ-ի պարտքը կազմում է շուրջ 15,8 միլիարդ դրամ (33.026.065 դոլար), իսկ կորուստների նվազեցում կառույցը տարիներով չի իրականացնում:

Սակայն, չնայած այս կորուստներին` վերջին 5 տարիների ընթացքում ՀԷՑ-ը անհասկանալի ընտրությամբ իր կորուստների շուրջ մեկ երրորդի չափով` 5,2 միլիարդ դրամի` շուրջ 11 միլիոն դոլարի (10.869.338 դոլար), նվիրատվություն է կատարել մի հիմնադրամի, որի հետ, բացի իր անվանումից` «Լույս», որևէ այլ առնչություն դժվար է գտնել:

Ի պատասխան «Մեդիալաբի» այն հարցի, թե ինչո´ւ է վնասներով աշխատող ՀԷՑ-ը որոշել շռայլորեն ֆինանսավորել «Լույս» հիմնադրամը, ՀԷՑ-ի ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը նշել է, որ ՀԷՑ-ի նվիրատվությունները «Լույս» հիմնադրամին պայմանավորված չեն այն հանգամանքով, թե ովքե´ր են հիմնադրամի հիմնադիրները:

«Մենք ունենք հստակ բարեգործության ծրագիր, որի համաձայն աջակցություն ենք ցուցաբերում կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերին,- ասել է նա: – Եվ չնայած վերջին տարիներին մենք վնասով ենք աշխատել, սակայն որոշում է ընդունվել չդադարեցնել աջակցությունը «Լույս» հիմնադրամին: Մեր աջակցությունը եղել է ուղղորդված, այն պետք է ծառայեր կրթական նպատակներով` ուսանողներին աջակցելու համար»:

2008 թվականին ստեղծված «Լույս» հիմնադրամի հիմնական նպատակը արտերկիր մեկնող ուսանողներին կրթաթոշակներով աջակցելն է, հիմնադիրները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտոնական էջում ընդգծել էին գիտելիքի կարևորությունն ու հասարակության զարգացումը:

«Լույս» հիմնադրամը բավականին հավակնոտ նախաձեռնություն է, որի հիմքում Հայաստանի իշխանությունների` ծաղկուն Հայաստան ունենալու տեսլականն է: Այս նպատակին կարելի է հասնել համեմատաբար կարճ ժամանակահատվածում, քանի որ մենք գործի ենք դնում աշխարհի լավագույն մտածողների, ինչպես նաև` ամենից առաջադեմ հասարակական ու հետազոտական խմբերի փորձը»,- նշված է «Լույս» հիմնադրամի պաշտոնական էջում:

Ինչպես ցույց է տալիս, հիմնադրամի հաշվետվությունը, միայն 2014 թվականին «Լույսը» կանաչ լույս է վառել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում 108 լավագույն ուսանողների համար`ընդհանուր առմամբ հատկացնելով 1,419,163,798 դրամ (296.641 դոլար): 2015 թվականին այդ թիվը կազմել է 1,391,179,230 դրամ (290.792.25 դոլար), և հնարավորություն տվել ուսում շարունակելու 102 ուսանողի:

Սակայն, բացի այս, աջակցություն են ստացել նաև այլ նախաձեռնություններ` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սերժ Սարգսյանի նախագահության ներքո գործող Հայաստանի շախմատի ֆեդերացիան, «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ-ն եւ այլ տարբեր կազմակերպություններ, որոնք այս կամ կերպ առնչություն ունեն իշխանությունների հետ։

Օրինակ` «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ-ն, որի անունը կապվում է հայտնի բերձորյան դեպքերի հետ, «Լույս» հիմնադրամից ստացել է 60 միլիոն դրամ (շուրջ 125.415 դոլար) աջակցություն, ինչը շատերի համար անհասկանալի է:

Հիշեցնենք, որ 2015 թ. հունվարի 31-ին իրազեկման ակցիա իրականացնելու նպատակով ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթի մուտքը դեպի Արցախ կասեցվել էր, դաժան ծեծի էին ենթարկվել ավտոերթի մասնակիցները, ներառյալ Ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը և այլ հայտնի մարդիկ:

Դեպքից հաշված օրեր առաջ իշխանամետ «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ անընդունելի համարելով «ցնցումներն ու, մանավանդ, հեղափոխական կոչերը»: «Հավաստիացնում ենք, որ չենք թույլատրելու դրա իրականացումը»,- ընդգծել էին նրանք:

Բերձորի արյունալի դեպքերին ներկա, «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը նվիրատվությունը որակում է որպես ծառայությունների դիմաց իշխանությունների տված փոխհատուցում:

«Այդ կազմակերպության անունը ասոցացվում է հանցագործությունների հետ: Այն Բակո Սահակյան-Սերժ Սարգսյան դուետի պատժիչ գործիքն է, որը հարկ եղած դեպքում գործի է դրվում, սակայն, անշուշտ, նրանք նաև փոխհատուցում են կատարած ծառայությունների դիմաց»,- «Մեդիալաբին» ասում Սյուզան Սիմոնյանը:

«Լույս» հիմնադրամի՝ «Մեդիալաբին» տրված պարզաբանման մեջ, «Արցախի ազատամարտիկիների միությանն» «աջակցելու որոշումն ուղղակիորեն պայմանավորված է վերջինիս առաքելությամբ»։

«Արցախի ազատամարտիկների միության» ներկայացուցիչները հրաժարվեցին «Մեդիալաբի» հարցերին պատասխանելուց:

Ուշագրավ է, որ հիմնադրամի ամենամյա հաշվետվությունների մեջ միլիոնավոր դոլարների ծախսերը բացատրված են մեկ տողով՝ «համանման ծրագրերի և սոցիալական ծառայությունների վրա», առանց մանրամասնելու, թե ի´նչ ծրագրերի մասին է խոսքը:

Բարեգործություններ կատարած կազմակերպությունների և ընկերությունների ցուցակը ևս բավականին ուշագրավ է:

Նախորդ տարվա ամենախոշոր բարեգործը ՀԷՑ-ն է, որը հիմնադրամին է փոխանցել 1,5 միլիարդ դրամ (շուրջ 3.2 միլիոն դոլար), 2013-ին այդ գումարը կազմել է 1,3 միլիարդ դրամ ( շուրջ 2.7 միլիոն դոլար):

Տարիներ շարունակ բնապահպանների քննադատությունների թիրախ դարձած բոլոր խոշոր հանքարդյունաբերողները` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Վալլեքս գրուպը», «Գեոթիմ» ՓԲԸ-ն և ռուսական «Գեոպրոմայնինգ գոլդը», որը Վերահսկիչ պալատի կողմից դեռևս 2010 թվականից մեղադրվում էր հարկեր չվճարելու մեջ, ևս «Լույսի» ցուցակում են` ընդհանուր առմամբ 613,473,000 դրամ (շուրջ 1.3 միլիոն) նվիրատվությամբ: Շատ հաճախ նվիրատվություններ կատարողները տեղյակ էլ չեն, որ «Լույս» հիմնադրամը, բացի կրթական ծրագրերից, որը կազմում է ծրագրերի շուրջ 60 տոկոսը, այլ ոլորտներում նույնպես գործունեություն է իրականանացնում:

Իրավապաշտպանները կասկածներ ունեն, որ կրթական հիմնադրամի անվան ներքո իշխանությունները գործի են դնում իրենց լծակները` տարբեր տնտեսավարողներից միլիոնավոր դոլարների նվիրատվություններ ստանալու համար, որոնք վերջին հաշվով հստակ չէ, թե ինչպե´ս են ծախսվում:

Արթուր Սաքունցը նշում է նմանատիպ մի հիմնադրամի` «Մարտիկի» http://www.martik.am/am/ մասին, որի գործունեությունն իրավապաշտապանը «խիստ կասկածելի» է որակում:

«Մարտիկ» հիմնադրամը ստեղծվել է Սերժ Սարգսյանի կողմից դեռևս 2002-ին` նրա պաշտպանության նախարար եղած ժամանակ: Հիմնադրամի մասին «Մեդիալաբն» առաջին բարձրաձայնողներից էր: «Հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանի հզորացմանը, պաշտպանությանը ու ազգային անվտանգության ամրապնդմանը»,-նշված է հիմնադրամի պաշտոնական կայքում: Սակայն, միլիոնավոր դոլարներ ունեցող հիմնադրամի մասին ավելին գոյություն չունի:

«Այդ հիմնադրամը ստեղծվել էր բարձրաստիճան պաշտոնյաների շնորհիվ, հիմնադիրներից մեկը Սերժ Սարգսյանն է, ահռելի գումարներ էին ստացվում զինծառայողներին պարտադրված անդամավճարներից` հանուն ազգային անվտանգության, պետության հզորացման, բայց այդպես էլ չկարողացանք պարզել, թե ո´ւր են գնում այդ գումարները,- ասում է նա: – Սա շատ խորամանկ մի մեխանիզմ է` ստեղծել հիմնադրամ և ամեն ինչ պահել վերահսկողության տակ»:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշում է, որ միանշանակ բացասական է, եթե պարզվի, որ տնտեսավարող սուբյեկտներին ստիպում են «նվիրատվություններ» անել:

«Հնարավոր ա կոռուպցիոն ռիսկեր հայտնաբերելը, սակայն դրա համար հետաքննություն է պետք, լուրջ հետաքննություն»,- «Մեդիալաբին» ասում է Վարուժան Հոկտանյանը:

Հայաստանում խոշոր կորպորատիվ խաղացողներից մեկը` ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է Ռուսաստանում, սակայն գրանցված է Կիպրոսում, 2014 թվականին ՀՀ նախագահի և վարչապետի կողմից հիմնադրված «Լույս» հիմնադրամին ավելի քան կես միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել: Սակայն «Գեոպրոմայնինգ գոլդի» ներկայացուցիչները դժվարանում են ասել, թե ինչի´ համար են նվիրատվություն արել: Կազմակերպության մամուլի խոսնակն ամիսներ առաջ «Մեդիալաբին» ասել էր, որ ընկերությունը «Լույս» հիմնադրամին անհատույց տրամադրել է միջոցներ` սակայն բարձրաստիճան պաշտոնյաների խնդրանքով:

«Մենք ինքներս չենք որոշում ` ի´նչ գումարներ տրամադրել «Լույս» հիմնադրամին,- ասել էր «Գեոպրոմայնինգ գոլդի» մամուլի քարտուղար Ռուզաննա Գրիգորյանը: – Դա գալիս է վերևից, շատ բարձր մակարդակով` նախագահի, վարչապետի մակարդակով»:

Մարիաննա Գրիգորյան

MediaLab.am