ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հայտարարությունը, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից, դիտավորյալ հրդեհներ են գցում. տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը երեկ պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով հրապարակված անհերքելի փաստերը: Այս բոլոր փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել գյուղերի բնակիչները:
Մենք դա հիմնավոր ստուգել ենք մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով: Հայտարարությամբ որոշվել էր հրապարակել ոչ բոլորը, բայց ադրբեջանական ՊՆ հերքումից հետո լրացուցիչ տեսանյութ-ապացույց ենք հրապարակում, որ հենց Կութ գյուղից է արված երկու օր առաջ՝ ժամը 22:30-ի սահմաններում:
Այնպես որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նպատակ ունի կոծկելու իրենց հանցավոր արարքները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ, այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ նրանց զինված ուժերը պետք է բացառեն ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները: Բոլորը պետք է միշտ նկատի ունենան, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է միայն հիմնավոր փաստեր ու կան ավելին, քան հրապարակված է:
Դրանք բոլորը արձանագրվում և ուղարկվում են միջազգային կազմակերպություններին: