«Խոշորը հենց Սերժ Սարգսյանն է՝ իր եղբոր հետ, Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ականները շարքով». Արթուր Սաքունցը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին

«Խոշորը հենց Սերժ Սարգսյանն է՝ իր եղբոր հետ, Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ականները շարքով». Արթուր Սաքունցը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին
«Խոշորը հենց Սերժ Սարգսյանն է՝ իր եղբոր հետ, Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ականները շարքով». Արթուր Սաքունցը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

-Պարոն Սաքունց, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարելու մասին ելույթով: Հաշվի առնելով այն, որ իշխանությունները տարիներ շարունակ նմանօրինակ հայտարարություններ են արել, բայց արդյուք չի եղել, ի՞նչ պետք է ակնկալել այս անգամ:

-Եթե նայենք նրա հայտարարության հիմնական կետերը, ապա առաջին հարցը, որն ակամայից առաջ է գալիս, հետևյալն է՝ իր բարձրացրած հարցերից կա՞ մի հարց, որը հանրությունը չի բարձրացրել, չի ահազանգել, պահանջներ ու մտահոգություններ չի ներկայացրել: Չկա նման հարց:

Եթե խոսքը վերաբերում է պետական բյուջեի ծախսերի անիմաստ վատնմանը, դրա մասին բազմիցս բարձրաձայնվել է, եթե խոսքը վերաբերում է օպտիմալացմանը, դրա մասին բարձրաձայնվել է, երբ որ խոսքը վերաբերում է կոռուպցիային, ապա դրա վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են եղել, բազմիցս անդրադարձ է եղել դրան: Եթե խոսքը վերաբերում է շահերի բախմանը, ապա պետք է հիշել, որ հենց «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրի իրականացնան ժամանակ է այդ հարցը բարձրացվել:

Հովիկ Աբրահամյանը կարծես նոր արթնացավ, առաջին անգամ է ապրում Հայաստանում, նոր է եկել դրսից ու խոսում է այնպիսի երևույթներից, որոնց մասին նոր է իմացել:

Երկրորդ հարցադրումն էլ է առաջ գալիս՝ ինչո՞ւ հիմա: Ինչո՞ւ հիմա պետք է խոսել այս խնդիրների մասին, որոնց կարևորությունն անընդհատ հանրային օրակարգում է եղել: Ինքը չի պատասխանում այս հարցին: Իհարկե, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ սա պայմանավորված էր այս ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ այդ նշված բոլոր խնդիրների՝ համակարգային չլուծվածությամբ, անտեսմամբ, և այդ բոլոր հարցերի ուղղությամբ հանցավոր անգործությամբ, անպատասխանատվությամբ:

Եվ հիմա կարծես փորձ է արվում սրբագրել այդ պատասխանատվությունը, թե իբր՝ ամեն ինչ թողնում ենք հետևում և սկսում ենք զրոյից: Այդ մոտեցման մասին ուշագրավ մեկնաբանություն տվեց Շարմազանովը, թե՝ սերմը գցել ենք, եկեք չխոչընդոտենք, որ այդ սերմը ծաղկի:

Իրենք առնվազն 17 տարի է՝ իշխանության պատասխանատվությունը կրել են, և այն իրավիճակը, որն ստեղծվել է Հայաստանում, դրա պատասխանատվությունն իրենք են կրում: Եվ պետք է պատասխանատվությունը կրեն: Իսկ պատասխանատվություն կրելու տարբերակները մի քանիսն են: Մեկն իրավականն է, այսինքն՝ բոլոր կոռուպցիոն հանցագործություններով պատասխանատվության կրում պետք է լինի: Այստեղ առաջին հերթին պետք է լինի հրահանգ Գլխավոր դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը՝ այդ բոլոր փաստերով քննություն տանելու մասին: Երկրորդը, բոլոր պաշտոնյաների, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի կողմից հստակ պետք է ներկայացվի, թե այդ ինչպե՞ս է լինում, որ ունեն այլ աշխատավարձ, բայց իրենց եկամուտները հենց իշխանության մեջ գտնվելու ժամանակ են երկրաչափական պրոգրեսով մեծանում:

Այս հարցերին պետք է պատասխան տրվեն: Այդ ինչպե՞ս է լինում, որ նույն Հանրապետական կուսակցությունը, 17 տարվա ընթացքում լինելով իշխանություն, ժամանակի ընթացքում դարձավ ամենահարուստ կուսակցությունը: Այդ ինպե՞ս է լինում, որ որոշում են բամփել Գագիկ Ծառուկյանին, ով ընդդիմադիր դիրքերից փորձել էր ինչ-որ քայլեր կատարել, իսկ նույն բամփումը չի կատարվում հենց իշխանությունում գտնվողների նկատմամբ, որոնք իրեն ենթարկվում են՝ նույն Նեմեց Ռոբոն, Թոխմախի Մհերը, գեներալ Մանվելը:

Այդ ինչպե՞ս է լինում, որ բամփում են ընտրողաբար:

Այս ամենի մասին պետք է ինքն ասի, որ՝ արդեն որոշել ենք օրենքով բամփել: Ոչ թե 1937 թվի պես պետք է կուլակաթափ անել, այլ արդարադատություն իրականացնել: Եվ երբ այդ մարդկանց մոտ խեղված է արդարադատության ընկալումը , եթե նրանք կարծում են, որ արդարադատության իրականացումը կհանգեցնի կուլակաթափմանը, որից այդպես վախենում են, ապա նրանք ակամայից խոստովանում են, որ իրենց հարստությունը դիզել են ապօրինի ճանապարհով: Եվ այն ծավալների են հասնում այդ ապօրինությունները, որ քննություն իրականացնելու դեպքում հաստատ տակը ինչ-որ կոպեկ չեն ունենա, որը սեփական աշխատանքով են վաստակել:

Այսինքն՝ այս ամբողջ հայտարարություն կոչեցյալ բարբաջանքն ընդամենը մեկ գլխավոր նպատակ ունի՝ հերթական անգամ շեղել հանրության ուշադրությունը, ուղղակի խաբել:

Նաև սա պատասխանատվությունից խուսափելու նպատակ ունի: Պատասխանատվության առաջին փուլը պետք է լինի հրաժարական տալը, որովհետև ըստ էության ձախողել են ամբողջ երկարաժամկետ քաղաքականության իրականացումը: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի ապահովությունը գտնվում է միայն ՀՀ քաղաքացիների ուսերին և ոչ թե իշխանության:

Երրորդ, իշխանություններն այս հայտարարությամբ հայտնում են, որ իրենք բացարձակապես քայլ չեն կատարելու՝ կոռուպցիայի դեմ իրապես պայքարելու համար: Այսինքն՝ ըստ էության բաձարձակապես ոչ մի փոփոխություն անելու մտադրություն չունեն: Եվ սա ընդամենը ճամարտակություն է՝ հանրային մեծ ընդվզումն ու բողոքը կանխելու նպատակով:

-Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Հայաստանի իշխանություններին զգուշացրեց, որ եթե իրական պայքար չմղվի կոռուպցիայի դեմ, ԵՄ-ն նախատեսած 15 մլն եվրոն չի հատկացնի: Սա ի՞նչ է նշանակում:

-ԵՄ պատվիրակության ղեկավարն առաջին անգամ չի խոսում այդ մասին, խոսել է նաև նախորդ տարիներին: Ապրիլյան պատերազմից հետո փաստվեց, որ կոռուպցիան է բոլոր խնդիրների մեղավորը: Եվ բոլոր այն խնդիրները, որոնք  բուկետի նման դուրս հորդեցին հանրային դաշտ, կոռուպցիայի հետևանքով են առաջացել: Այստեղ 15 մլն եվրոյի մասին չէ խոսքը, այլ խոսքն ավելի մեծ հնարավորությունների մասին է, որը Հայաստանն ունի, բայց կոռուպցիայի հետևանքով վատնում է, մսխում: Նշվում է, որ վերջին 10 տարիներն առնվազն 10 մլրդ դոլար է դուրս  եկել Հայաստանից:

Շատ փաստեր կան: Եվ այս տեսանկյունից շատ կարևոր է Լոնդոնի միջազգային ֆորումում, որը նվիրված էր կոռուպցիայի դեմ պայքարին, հստակ ձևակերպումը, որ կոռուպցիան նույնքան վտանագավոր է պետությունների համար, որքան ահաբեկչությունը: Այսինքն՝ կոռուպցիան սովորական հանցագործություն չէ, այլ որակվում է որպես ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ: Քաղաքացուն ստորացնում են, դարձնում են կոռուպցիայի ստրուկ: Եվ կոռուպցիան գործադրողները հանդես են գալիս որպես ֆեոդալներ, ստրկատերեր, որոնց համար օրենքի առաջ որևէ պատասխանատվություն բացարձակապես գոյություն չունի:
Սերժ Սարգսյանը կոնկրետ պետք է հանձնարարություններ տար Գլխավոր դատախազին՝ փաթեթով քննելու կոռուպցիոն հանցագործությունները:

-Բայց մենք նախկինում տեսել ենք, որ Սերժ Սարգսյանի՝ խոշորին գլխից բռնելու հանձնարարականն այդպես էլ գործի չի վերածվել: Այսինքն՝ նախկինում էլ եղել են նման հայտարարություններ, բայց ոչ մի տեղաշարժ:

-Խոշորը հենց առաջին հերթին հանդիսանում է Սերժ Սարգսյանը՝ իր եղբոր հետ միասին: Երկրորդ խոշորը հանդիսանում է Հովիկ Աբրահամյանը, երրորդը՝ Գագիկ Խաչատրյանը, հաջորդը հանդիսանում է հենց Գևորգ Կոստանյանը և այդպես շարունակ, ՀՀԿ-ականները շարքով:

-Ի դեպ՝ ՀՀԿ-ականներն արդարանալու յուրօրինակ ձևեր են գտել: Օրինակ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ուշագրավ հայտարարություն է արել «Մեդիալաբի» հարցերին պատասխանելիս եւ ի  պատասխան հանրության այն պահանջի, որ պաշտոնյաները պետք է իրենց ունեցվածքը վաճառեն ու հանձնեն բանակին հարցադրում արել՝ ի՞նչ անենք, մերոնց կուլակաթափ անե՞նք, որ արտագաղթե՞ն երկրից: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Վահրամ Բաղդասարյանն իր արտահայտությամբ հստակ խոստավանում է հետևյալը, որ կոռուպցիոն հանցագործությունների հիմքերով քննություն կատարելու դեպքում կբացահայտվի հանցագործության այնպիսի մեծ ծավալ, որից իրենք սարսափում են: Իսկ իրենց ջանքերով ձեռք բերած արդյունքները կարող է անգամ մեկ տոկոս էլ չկազմեն: Երբ որ կուլակաթափությունից են խոսում, դա խոսում է այն մասին, որ իրենք չեն ուզում արդարադատություն լինի: Արդարադատության արդյունքում ոչ թե կուլակաթափ են լինում, այլ արդարությունն է վերականգնվում, և հանրային ռեսուրսները վերջին հաշվով վերադառնում են այնտեղ, որտեղից գողացվել են: Այդ կուլակները խժռել են պետական ռեսուրսները, այս հանցագործությունը փորձում են կոծկել այսօր:

Հանրության բոլոր շերտերի համար արդեն առավել քան ակնհայտ են դարձել այդ կոռուպցիայի դրսևորման հետևանքները: Եվ նրանք դրանից են ավելի շատ սարսափած, հիմա փորձում են իրենց վախը սքողել, նաև հանդարտեցնել հանրությանը, խաբել, որպեսզի դժգոհությունը մարի: Բայց դա չի ստացվի, որովհետև հանրությունը պահանջում է պատասխաններ, ոչ թե բարբաջանքներ, պահանջում է գործողություններ, և ոչ թե խոսքեր:
Կոռուպցիայի դեմ պայքարելու մասին հայտարարելուց առաջ Հովիկ Աբրահամյանը շատ հեռու չպետք է գնա և անուշադրության չպետք է մատնի հենց ամենավերջին խայտառակ կոռուպցիոն հանցագործությունը, որը տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեի ժամանակ և որի քվեարկության ընթացքում եղավ խախտումների այն խայտառակ ծավալը, որի համար անմիջապես ինքն է պատասխանատու:

Դրա մասին չխոսելը ևս մեկ կարևոր փաստարկ է այն մասին, որ իրենց գլխավոր նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց համար որոշակի լեգիտիմություն ապահովելն է: Բայց նման մոտեցումներով էլ ավելի են խորացնելու իրենց լեգիտիմության բացակայությունը: Նաև նոր Ընտրական օրենսգրքում որևէ մեխանիզմ չեն ուզում ներդնել, որը հնարավորություն կտար ընտրական պրոցեսների ժամանակ պայքարել  իրենց իսկ կողմից կիրառվող խախտումների ու կեղծիքների դեմ:

Էմմա Մանուկյան

© Medialab.am