ՔՊ-ականները վարչապետի հետ քննարկել են տնտեսության վիճակը Covid-19-ի պայմաններում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մարզպետների, նախարարների և «Իմ քայլ»-ի պատգամավորների մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կայացած հանդիպման քննարկման թեման է եղել տնտեսության վիճակը՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո:

Անդրադառնալով հանդիպմանը՝ Սիմոնյանը նշեց, որ սա նոր ֆորմատ է, որտեղ գործադիրն ու օրենսդիրը միասին քննարկել են օրվա օրակարգային հարցը: «Այսօրվա օրակարգային հարցը վերաբերվում էր տնտեսությանը, Covid-19-ին, տարբեր արձանագրումներ տեղի ունեցան, հարցեր, պատասխաններ հնչեցին: Այս տրամաբանության մեջ է եղել քննարկումը»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ այս ֆորմատով հանդիպումները լինելու են շարունակական: ԱԺ փոխխոսնակը ենթադրում է, որ առնվազն ամիսը մեկ անգամ նման հանդիպումներ տեղի կունենա, որին կմասնակցեն ՔՊ-ական նախարարները, մարզպետները, պատգամավորները:

Անդրադառնալով լրագրողների հարցերին՝ Սիմոնյանը նշեց, որ ԲՀԿ-ի հետ իշխանության լարվածության, որևէ այլ կուսակցության վերաբերյալ քննարկում չի եղել: