Կրեմլը հստակ պատասխան չի տվել Բայդենի առաջարկին

Ռուսաստանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ դեռ վաղ է հստակորեն խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկի մասին: Այդ մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում Բայդենը Պուտինին առաջարկել էր հանդիպում անցկացնել առկա տարաձայնությունները քննարկելու համար և իր զրուցակցին` հորդորել նվազեցնել լարվածությունը, ինչի պատճառը Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքեր կենտրոնացնելու փաստն է:

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն անցյալ ամիս Սառը պատերազմից ի վեր հասան ամենացածր մակարդակին: Հիշեցնենք, որ նախագահ Բայդենը իր հարցազրույցներից մեկում դրական պատասխան էր տվել այն հարցին, թե արդյոք Պուտինը մարդասպան է: Դրանից հետո Կրեմլը հետ էր կանչել Վաշինգտոնում իր դեսպանին: Անցել է գրեթե մեկ ամիս, բայց դեսպանն առայժմ մնում է Մոսկվայում:

Ըստ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, առաջարկվող հանդիպման մասին միանշանակ խոսելը դեռ վաղ է: Պեսկովը նաեւ ասել է, որ քննարկումը կշարունակվի դիվանագիտական ուղիներով:

Բացի այդ, ըստ ռուսական լրատվամիջոցների, Պուտինի միջազգային հարցերով խորհրդական Դմիտրի Ուշակովը զրույցի է հրավիրել Ռուսաստանում Ամերիկայի դեսպան Ջոն Սալիվանին: Հաղորդվում է, որ հարցազրույցը տեղի կունենա չորեքշաբթի օրը:

Ըստ ‘’ՌԻԱ Նովոստի’’-ի, Ուշակովը Սալիվանին ասել է, որ եթե ԱՄՆ-ը ձեռնարկի նոր «անբարյացակամ քայլեր», մասնավորապես, պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ, ապա Մոսկվան ‘’կգործի’’:

Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունը դեռ չի մեկնաբանել այս հայտարարությունները:

Ինչպես երեկ ասաց Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին, ԱՄՆ-ը կարծում է, որ իր հարաբերությունները Ռուսաստանի հետ կշարունակեն մնալ խնդրահարույց, բայց կա հույս, որ երկու երկրները կարող են համատեղ աշխատել`զենքերի վերահսկման, իրանի միջուկային գործարքի և այլ մարտահրավերների հետ կապված հարցեր լուծելու շուրջ: