Եթե Ադրբեջանը մեզ վրա հարձակվելու որոշում ունի, այդ որոշումը չի փոխվի Տավուշից գյուղեր հանձնելով. Քրիստինե Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, ձեր քաղաքական թիմի դիրքորոշումն ինչպիսի՞ն է Տավուշի մարզի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ձեր խմբակցությունը Տավուշի մարզ այցելե՞լ է։

– Մեր խմբակցության դիրքորոշումը շատ պարզ է ու այն արտացոլվել է մեր պատգամավորների ելույթներում: Սա, փաստորեն, միակողմանի զիջում է՝ ոչնչի դիմաց ու նաև ադրբեջանական նախապայմանի կատարում։ Առանց սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկի նման զիջման գնալն անթույլատրելի է։ Խմբակցության պատգամավորները, այո՛, պարբերաբար այցելում են Տավուշ, անընդհատ շփումների մեջ ենք բնակիչների հետ, ի դեպ, մենք նմանատիպ այցեր անում էինք մինչև Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը։ 

Բնակչության դիրքորոշումը միանշանակ է, նրանք պարզ և տրամաբանական հարց են տալիս՝ ինչի՞ դիմաց ենք մենք զիջում մեր ամենալավ կահավորված դիրքերը, ո՞րն է երաշխիքը, որ Ադրբեջանը դրանից հետո չի հարձակվի։ Բոլորն իսկապես ուզում են խաղաղություն, բայց չեն հասկանում, թե ինչպես է հնարավոր առաջնագծի ամենապաշտպանված հատվածը քանդելով հետաձգել պատերազմը։

– Իսկ հիմա ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ձեր այցերն ի՞նչ են ցույց տալիս։

– Բնական է, որ երբ երկրիդ ղեկավարը քեզ սպառնում է պատերազմով, դա տագնապ է հարուցում, մարդիկ ունեն անորոշության զգացում, մարդիկ ուզում են հասկանալ՝ ի՛նչ է կատարվում, գործընթացն ի՛նչ փուլում է, իրենց անելիքն են ուզում հասկանալ։ Տագնապն ու այդ հարցերը կան, բայց խուճապ, տները լքելու տրամադրություն ես չեմ տեսել։ Ճիշտ հակառակը՝ տեսել եմ գիտակցում, որ բնակավայրերը լքելով հարցը չի լուծվի, ու նաև տեսել եմ, որ, ինչպես ասում են՝ դանակը ոսկորին է հասել։

– Այս իրավիճակում ի՞նչ եք պատրաստվում անել որպես խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժ, տիկի՛ն Վարդանյան։

– Մեզ համար այս փուլում կարևոր է մարդկանց հետ շփումը, ու այդ շփումներն ամբողջ Հայաստանի տարածքով են, ցույց տալու համար, որ այս խնդիրը միայն տավուշցունը չէ: Բնականաբար, մենք մարդկանց արդար պահանջի ու ընդվզման կողքին ենք ու անելու ենք ամենի ինչ, որ այդ մարդկանց ձայնը լսելի լինի այս հարցում, որովհետև, կարծում ենք, որ միայն հանրային ընդվզումն ու տեսակետը կարող են փոխել կամ կանխել այս ապօրինի որոշումը: Մենք ելնում ենք այն ելակետից, որ այս իշխանության համար կարևոր է միայն իրենց իշխանության պահպանումը, ու միայն այն կորցնելու վտանգի դեպքում հետ կկանգնեն իրենց որոշումներից։ 

– Եթե մարդիկ ընդվզում են, չեն համաձայնում իշխանության օրակարգին, ու սկսվում է պատերազմ, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, պետությունը պատրա՞ստ է պատերազմելու։

– Պատերազմին պատրաստ լինելու համար պետք է պետությունը կենտրոնանա ու աշխատի այդ ուղղությամբ, առաջնագիծը քանդելով ու երեք օրը մեկ ֆեստիվալ անցկացնելով երկիրը, բնականաբար, երբեք պատրաստ չի լինի պատերազմի։ 

Երկրորդ՝ եթե Ադրբեջանը մեզ վրա հարձակվելու որոշում ունի, ապա այդ որոշումը չի փոխվի Տավուշից գյուղեր հանձնելով, զորքերը հետ քաշելով, Ադրբեջանը հարձակվելու համար ցանկացած առիթ գտնելու է։ Ադրբեջանը չի հարձակվի մի միայն դեպքում, եթե տեսնի, որ դրա համար գին է վճարելու, միայն պատերազմին պատրաստ լինելն է կանխում պատերազմը։ 

– Մարզային այդ այցերն ի՞նչ են ցույց տալիս ձեզ, ընդվզման լայն ալիք կա՞։

– Մի բան շատ հստակ է, որ տարբեր մարզերում մարդկանց հետ մեր ինտենսիվ շփումները ցույց են տալիս, որ երկրում մթնոլորտ է փոխվել, մարդիկ ամենասուր կերպով զգում են անվտանգային ճգնաժամը, նրանք փնտրում են ելքեր առաջին հերթին այդ անվտանգությունն ապահովելու համար։ Մարդիկ կորցրել են վստահությունը իշխող ուժի նկատմամբ, նրանց օրակարգերն այլևս ընդունելություն չեն գտնում։ 

– Իսկ մարդիկ պատրա՞ստ են ձեր քաղաքական ուժի առաջնորդությամբ ընդվզել գործող իշխանության դեմ, նրանց վերաբերմունքը այդ առումով փոխվե՞լ է, որովհետև նախկին փորձերը ցույց տվեցին, որ հանրային լայն աջակցություն չկարողացաք ապահովել, տիկի՛ն Վարդանյան։

– Մենք այս փուլում կենտրոնացած ենք մարդկանց հետ աշխատելու, մեր օրակարգերը ներդաշնակեցնելու ու մեր ասելիքը ներկայացնելու ու մարդկանց հետ համատեղ քայլեր պլանավորելու վրա: Թե ի՛նչ արդյունք կտա դա, ցույց կտա հաջորդ փուլը։ Հանրության հետ ճիշտ աշխատանքի դեպքում մենք կարող ենք հաղթահարել այս վիճակն ու ելքեր գտնել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am