«Կան պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված ռուսներ, ուկրաինացիներ, որոնք ծրագրում են տուն գնելու մասին». ի՞նչ վիճակ է Հայաստանի անշարժ գույքի շուկայում

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Silver REA անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը

– Պարո՛ն Հարությունով, ի՞նչ իրավիճակ է Հայաստանի անշարժ գույքի շուկայում:

– Հայաստանում անշարժ գույքի շուկան բավական ակտիվ է, բազմաթիվ գնորդներ ունենք՝ հասարակության տարբեր շերտերից: Գույք են գնում նաև արտերկրում բնակվող հայ ազգի ներկայացուցիչները: Գնորդների մեծ բանակ են կազմում արտերկրի հայերը:

Սակայն ավելի շատ հայաստանցի գնորդներն են: Նրանք հիմնականում հիփոթեքով են բնակարանները գնում՝ օգտվելով եկամտային հարկի վերադարձի հնարավորություններից: Դուք էլ երևի նկատում եք, որ Երևանում մեծ թափով շինարարություն է ընթանում, նաև ունենք մեծ թվով ներդրողներ, որոնք այս պահին հող են փնտրում՝ բնակարան կառուցելու համար: Շուկան շատ աշխույժ է, ինչը նպաստում է տնտեսական ակտիվությանը:

Անշարժ գույքի շուկայի հետ փոխկապակցված են բազմաթիվ ոլորտներ՝ շինարարական ընկերություններ, շինանյութ ներմուծող, արտադրող կազմակերպություններ, կահույքագործներ, ինտերիեր դիզայնով զբաղվող ընկերություններ և այլն: Անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նպաստում է նրանց բոլորի գործունեության ակտիվությանը:

Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ 2022-ի առաջին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները 2021-ի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 7.9%-ով, իսկ 2021-ի առաջին կիսամյակի համեմատ՝ 14.6%-ով: Արդյոք այսչափ գնաճը չի՞ ազդում գնողունակության վրա:

– Չէ, բացարձակ: Այն, որ գները բարձրանում են, նշանակում է՝ շատ աշխույժ է շուկան: Ցանկացած շուկայում, եթե ինչ-որ բանի պահանջարկը մեծ է լինում, գինն ավտոմատ բարձրանում է: Բայց նաև նպաստող մի քանի գործոն ունենք, որ նման ակտիվություն է անշարժ գույքի շուկայում: Առաջինը արտարժույթի փոխարժեքի տատանումն է, ինչի արդյունքում հայկական դրամն արժևորվել է, և կան շատ գնորդներ, որոնք դոլար-եվրոյի խնայողություններ ունեին, հիմա փորձում են ներդրում անել անշարժ գույքի շուկայում:

Ավելի ապահով է անշարժ գույքը: Բացի այդ, կան նաև արտաքին գործոններ՝ աշխարհաքաղաքական իրավիճակը կայուն չէ, մի տեղ պատերազմ է, մեկ այլ տեղ պատերազմի հետևանքով տնտեսական խնդիրներ են առաջացել, արդյունքում՝ հիմնականում մեր հայրենակիցները գալիս են ու բնակարան են գնում Հայաստանում:

Այսօր Հայաստանում անշարժ գույքը դարձել է եկամտաբեր, օրինակ՝ վարձակալության գները մեծացել են, ինչը նշանակում է, որ այդ շուկայում ներդրում կատարելը ավելի հետաքրքիր ու եկամտաբեր կարող է լինել:

Մի քանի գործոններով պայմանավորված մենք հիմա անշարժ գույքի շուկայում ունենք ակտիվություն:

– Նման ակտիվություն վերջին անգամ այս շուկայում ե՞րբ է եղել:

– Արդեն 2017 թվականից ոլորտը սկսում էր ակտիվանալ, և 2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո ոլորտը սկսեց լայն շնչել, ու այդպես ամեն տարի նկատում ենք մեծ ակտիվություն այս շուկայում: Օրինակ՝ 2020-ի պատերազմից հետո մենք մտածում և նաև կանխատեսում էինք, որ շատ ծանր է լինելու անշարժ գույքի շուկայի վիճակը, բայց այդպես չեղավ: Շատ զարմացած էինք, ու հիմա շատ լավ է, որ այդպես է:

Երբ բնակարանների գները բարձրանում են, բայց մարդիկ չեն կարողանում ձեռք բերել անշարժ գույք, շուկան պասիվանում է: Բայց երբ գները բարձր են, ու միևնույն է, մարդիկ շարունակում են բնակարան գնել, նշանակում է, որ մարդկանց գնողունակությունը մեծացել է, բնակարանն արդեն հասանելի է շատերին:

Եթե պետությունը ջանքեր գործադրի ու բնակարանների գնման վերաբերյալ էլ ավելի հետաքրքիր, լայն ծրագրեր իրականացնի՝ դրանցում ընդգրկելով մի քիչ ավելի ցածր խավերի մարդկանց, շատ դրական քայլ կլինի:

Այսինքն՝ անշարժ գույք գնելը ոչ միայն միջին ու բարձր աշխատավարձ ստացողներին հասանելի լինի, այլ նաև միջինից ցածր աշխատավարձ ստացողներին: Տեսեք՝ այսօր բազմաթիվ ուսուցիչներ, ոստիկաններ կամ ոլորտային այլ աշխատողներ կան, որոնք ևս կուզենային որոշ ծրագրերի շրջանակներում բնակարան գնել: Բայց նրանց համար դժվար է գույք ձեռք բերելը, քանի որ աշխատավարձը ցածր է:

– Անշարժ գույքի շուկայում այսչափ ծավալի ներդրումը ինչի՞ կարող է հանգեցնել, հնարավո՞ր է լճացում առաջանա: Ի՞նչ եք կանխատեսում որպես մասնագետ:

– Պետք է շատ լուրջ իրադարձություն լինի, օրինակ՝ համաշխարհային խոշոր ճգնաժամ, որի դեպքում կարող են խնդիրներ առաջանալ: Հիշենք 2008 թվականի համաշխարհային ճգնաժամը, որն ազդեց նաև Հայաստանի տնտեսության վրա, և մեր երկրի անշարժ գույքի շուկան ու այլ ոլորտներ թուլացան: Բայց այս պահին նման բան չի կանխատեսվում: Ես միշտ մտածում էի, որ պատերազմը կթուլացնի մեր վիճակը, բայց տեսեք, որ այդպես չեղավ:

– Շատ լավ, պարո՛ն Հարությունով, իսկ օտարերկրացիները մեզ մոտ անշարժ գույք գնո՞ւմ են:

– Այո՛, կան, բայց մասսայական չեն: Շատ չեն: Ոչ ՀՀ քաղաքացիներ գնում են անշարժ գույք Հայաստանում, նրանք ազգությամբ հայ են, բայց վիճակագրական տվյալներով՝ օտարերկրացի:

Միևնույն ժամանակ, պետք է ասել, որ արդեն կան ռուսներ, ուկրաինացիներ, որոնք պատերազմի հետևանքով տեղափոխվել են Հայաստան, մտածում ու ծրագրում են տուն գնելու մասին, քանի որ այդ հակամարտությունը երկարում է:

Նրանց մեծ մասը ՏՏ ոլորտի աշխատողներ են, ստանում են բարձր աշխատավարձ, Հայաստանում մի քանի ամիս է՝ հաստատվել են, ստեղծել են իրենց կոմֆորտ զոնան և այժմ մտածում են գույք ձեռք բերելու և մշտապես հաստատվելու մասին: Բայց կան նաև մարդիկ, որոնք դեռ չեն կողմնորոշվում:

– Այս ակտիվությունը միայն Երևանի՞ մասշտաբով է, թե՞ աշխուժություն կա նաև մարզերում:

– Ո՛չ, մարզերում էլ է անշարժ գույքի շուկան ակտիվ: Մարզերից աշխույժ է հիմնականում Կոտայքի ու Արագածոտնի մարզերում, երևանամերձ բնակավայրերում: Բավական շատ են նոր պրոյեկտներ անում՝ առանձնատներ են կառուցում, թաուն-հաուսներ, տարբեր նախագծեր կան: Մեր ընկերությունն էլ շատ նախագծեր ունի, և շուտով իրականացման փուլ է սկսվելու:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am