Սրճարանում, որտեղ Նավալնին թռիչքից առաջ ինչ-որ բան է ըմպել, ծառայողական քննություն է սկսվել

Տոմսկի օդանավակայանում գործող սրճարանի ղեկավարությունը ծառայողական ներքին քննություն է սկսել ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հավանական թունավորման դեպքի կապակցությամբ։

«Այժմ պարզում ենք կատարվածի բոլոր հանգամանքները, ուսումնասիրելու ենք բոլոր տեսագրությունները, որոնք արվել են տարածքում տեղադրված տեսախցիկներով», «Ինտերֆաքս-Սիբիրին»,- ասել է սրճարանի տնօրենը։

Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողությունը, հիշեցնենք, կտրուկ վատթարացել էր օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելիս: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Թիմակիցները պնդում են, որ Նավալնին թունավորվել է, բժիշկները, սակայն, դա դեռ չեն հաստատում՝ խոստանալով ավելի ուշ հայտնել ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացման ճշգրիտ պատճառը։