«Բացառված է, որ Երևանը ստորագրեր այս համաձայնագիրը՝ առանց Մոսկվայի թույլտվությունն ու համաձայնությունն ունենալու». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Բացառված է, որ Երևանը ստորագրեր այս համաձայնագիրը՝ առանց Մոսկվայի թույլտվությունն ու համաձայնությունն ունենալու». Հայկ Ա. Մարտիրոսյան
«Բացառված է, որ Երևանը ստորագրեր այս համաձայնագիրը՝ առանց Մոսկվայի թույլտվությունն ու համաձայնությունն ունենալու». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

– Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Գործնականում, ըստ Ձեզ, այն ինչպե՞ս է ազդելու մարդկանց կենսակերպի վրա։

– Բնականաբար, դա լավ իրադարձություն էր: ԵՄ-ի հետ համագործակցությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Սակայն ակնկալել, որ այն կազդի հայաստանցիների կենսամակարդակի վրա՝ սխալ է: Ամեն դեպքում առաջիկայում դրա հետևանքները քիչ տեսանելի կլինեն, եթե ընդհանրապես լինեն: Սա ավելի շուտ հռչակագրային տիպի համաձայնագիր է, որով պահպանվում է կամուրջը Եվրոպայի հետ: Մի տեսակ քաղաքական վերակենդանացման փաստաթուղթ է, որը բարակ պորտալարի դեր է կատարում: Մեծ ակնկալիքներ ունենալ սրանից, ցավոք, իմաստ չունի:

– Հայտնի է, որ այս համաձայնագիրը չի պարունակում տնտեսական բաղադրիչ։ Այնուամենայնիվ, որքանո՞վ այն կարող է նպաստել մեր տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Կա՞ նման հնարավորություն, թե՞ ոչ։

– Կարող է, եթե քաղաքական կամք լինի: Բայց եթե լիներ քաղաքական կամք, մինչ այդ ստորագրումն էլ Հայաստանում տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեին: Հայաստանի տնտեսությունը դասական մոնոպոլիստական տիպի տնտեսություն է՝ միջնադարյան ֆեոդալիզմին բնորոշ հատկանիշներով և կապիտալիզմի ոչ քաղաքակիրթ, այլ՝ վայրի տարբերակով: Դա տոքսիկ մի խառնուրդ է, որից ազատվելու համար որևէ նման համաձայնագիր չի կարող հիմք հանդիսանալ, եթե մինչ այդ չի եղել քաղաքական կամք: Սա առկա իրավիճակը մի փոքր բարելավելը քաջալերող համաձայնագիր է, ոչ թե՝ արմատական փոփոխություններ ենթադրող կամ, առավել ևս, պարտադրող: Սա, ցավոք, այնքան էլ պրակտիկ համաձայնագիր չէ:

– Ընդհանրապես համաձայնագրով ձեռք բերված պարտավորությունները Հայաստանը որքանո՞վ է ի զորու լինելու կատարել: Տեսակետ կա, որ իշխանությունը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է։

– Այդ տեսակետները ճշմարտության մեծ չափաբաժին ունեն: Ինչպես արդեն նշեցի, սա հիմնականում քաղաքական փաստաթուղթ է՝ առանց կոնկրետ և՛ խիստ պահանջների, և՛ կատալիզատորների: Դա նման է այն ամուսնություններին, որտեղ ո՛չ սեր կա, ո՛չ սեռական կյանք կամ համատեղ կենցաղ, բայց որը հարսանեկան խնջույք և եկեղեցի է պահանջում: Խնջույքից և եկեղեցուց հետո որքանո՛վ է այդ ամուսնությունը նման ամուսնության՝ ամենակարևոր խնդիրն է: Ամենայն հավանականությամբ, իշխանությունը չի կարողանա հավատարիմ մնալ փաստաթղթի ոգուն, որովհետև չի ուզենա անել այն ամենը, ինչն ըստ դրա ենթադրվում է: Հետևաբար, տեքստը հիմնականում թերևս կմնա թղթի վրա:

– Որքանո՞վ է հասարակությունը տրամադրված կյանքի կոչելու այս համաձայնագիրը, որքանո՞վ է հասարակությունը, ըստ Ձեզ, ոգևորված։

– Հասարակության ոգևորությունն ապշեցուցիչ է: Այն բացահայտում է երկու կարևոր հանգամանք. որ հայաստանցիները ձգտում են դեպի Արևմուտք և մեծագույն հույսեր են կապում Արևմուտքի հետ: Հենց այնտեղ են փաստորեն քաղաքացիները տեսնում ճահճից դուրս գալու ուղիները և երկրի տնտեսական փրկության բանալիները: Երկրորդ հանգամանքը նույն այդ հասարակության՝ քաղաքական խոր անտեղյակությունն է: Առանձին անհատների խմբերի կողմից արտահայտվող հրճվանքն ու հիացմունքը ստեղծում են տպավորություն, թե Հայաստանը ԵՄ-ի անդամ է դարձել, և մի հսկայական փոփոխություն է տեղի ունեցել, երկիրը դարձել է միացյալ Եվրոպայի մաս: Գերռեակցիան ադեկվատ չէ իրականությանը: Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ի հավատավոր անդամ և շարունակելու է ապրել դրա հետ կապված բոլոր պայմաններին և քաղաքական գծին համահունչ: Սա այն համաձայնագիրը չէր, որը քննարկվում էր երկար տարիներ՝ նախքան Հայաստանի ԵԱՏՄ մտնելը: Այս համաձայնագրով հայաստանյան իշխանությունը պլանավորում էր հենց սեփական հասարակությանը ցույց տալ, թե ինքն իրոք երկակի խաղ կարող է խաղալ և միաբևեռ կողմնորոշում չունի: Այլ խոսքով՝ իբրև թե «և՛-և՛»-ն իրականում հնարավոր է: Սա իշխանության համար սեփական վարկը բարձրացնելու դեր խաղաց: Իրականում դա ձեռնտու էր նաև Հայաստանի ռազմավարական ավագ գործընկերոջը: Որովհետև թուլացնում է Հայաստանը կատարելապես վերահսկելու տպավորությունը՝ առանց որևէ ծանրակշիռ և շատ առարկայական փոփոխություններ ենթադրելու: Եվրոպայի համար սա Հայաստանին մեկնված ձեռք էր:

– Արդյոք Ռուսաստանը կխոչընդոտի՞ այս համաձայնագրի կյանքի կոչումը, հաշվի առնելով, թե ինչպես են այս օրերին ռուսական լրատվամիջոցներով հայերին դավաճան և Ուկրաինայի հետևորդ անվանում։

– Իրականում բացառված է, որ Երևանը ստորագրեր այս համաձայնագիրը՝ առանց Մոսկվայի թույլտվությունն ու համաձայնությունն ունենալու: Ուղղակի բացառված է: Ռուսական մեդիայի և մասնագետների առանձին հատվածներ հայերին մեղադրում են «դավաճանության» մեջ, որպեսզի հասկացնեն, որ ամեն ինչ սահման ունի, և եթե հանկարծ մի օր, ինչ-որ անհավանական սցենարով, Երևանը որոշի այլ հարցերում Մոսկվայից սանկցիա չստանալ, իրենց պատասխանն իրոք կոշտ կլինի: Կան և այնպիսի լրատվամիջոցներ և վերլուծաբաններ, որոնք այնքան են տոգորված Հայաստանը վերահսկելու մոլուցքով, որ անգամ այս ոչ հեղափոխական և իրենց կենտրոնի հետ համաձայնեցված քայլն են համարում «դավաճանություն Կոստանդնուպոլսին»: Բայց դա էլ արդեն ինքնագլուխ շովինիստներն են, որոնց կայսերապետական բնազդները զերծ են ինքնազսպման մեխանիզմներից: Իսկ Կրեմլում լուռ են: Վստահ եմ, որ Կրեմլում անգամ ուրախ են այս համաձայնագրի ստորագրումից: Ուրախ են, որովհետև հայաստանյան հասարակությունն ուղղակի էյֆորիայի մեջ է և կարծում է, թե հսկայական ցատկ է կատարվել դեպի տնտեսական կամ քաղաքական փոփոխություններ: Ինչ վերաբերում է Մոսկվայի խոչընդոտելուն, ապա, ո՛չ, Մոսկվան չի խոչընդոտի: Դրա կարիքն անգամ չկա: Երևանում, հայկական կողմի վարած քաղաքականությամբ, ամենայն հավանականությամբ, ամեն բան կշարունակվի այնպես, ինչպես եղել է մինչ հիմա:

Մանե Հարությունյան

MediaLab.am