«Արցախում բժիշկների հանդեպ ճնշումներ չկան, կա արհամարհանք, որ ինչ ուզում եք ասեք, մեկ է՝ գնալու ենք ընտրության». Մերի Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ստեփանակերտի «Արևիկ» ՄԲ կենտրոնի մանկական վիրաբույժ Մերի Գրիգորյանը:

Արցախում բժիշկները ստորագրահավաք են անցկացնում ընդդեմ ընտրությունների կայացման։ Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ ստորագրահավաք կազմակերպելու, և այժմ քանի՞մարդ է միացել ստորագրահավաքին:

– Ճիշտն ասած՝ մինչև ընտրությունների առաջին փուլն էլ միշտ ասել են՝ ինչու առաջ չեք հայտարարել, սպասել եք երկրորդ փուլին: Եթե նայեք իմ ֆեյսբուքյան էջը, երբ Հայաստանում արտակարգ դրություն մտցվեց մարտի 16-ին, ես մարտի 15-ից սկսած որպես բժիշկ կոչ էի անում այդ հավաքները, քարոզարշավները դադարեցնել:

Բնականաբար, մեզ ոչ ոք չլսեց, առաջին փուլը տեղի ունեցավ: Մենք ասում էինք, որ ինչքան էլ սահմանը փակեք, բազմաթիվ արցախցիներ, որ գրանցված են Արցախում, բայց ապրում են Հայաստանում, գալու են, որ քվեարկեն: Նրանցից մեկը լինելու է, որ վարակը բերի, բայց մեզ չլսեցին:

Հետո տեսանք, որ ամեն ինչ գնում է նրան, որ երկրորդ փուլ է լինելու, և ժողովրդի մի մասը, այդ միակ թեկնածուի կողմնակիցները, ոնց էլ լինի, գնալու են ձայն տան: Նաև տեսանք, որ իշխանությունը մտադիր չէ արտակարգ դրություն մտցնել:

Ինչքան էլ հայտարարեն, որ ամեն ինչ լավ է, համակարգը բոլոր սարքավորումներով հագեցած է, նույնիսկ եթե հագեցած է, մենք՝ բժիշկներով գիտենք, որ նույնիսկ Ամերիկայի նման երկիրը, այլ զարգացած երկրներ կանգնել են լուրջ խնդիրների առջև և բժիշկ են խնդրում այլ երկրներից:

Արցախում էլ բժիշկները կաշխատեն, բայց ամեն մասնագետից մի հոգի է, ես գիտեմ մեր վիճակը: Ես գիտեի, որ կանգնելու ենք մեծ խնդրի առջև, չենք հասցնելու բուժօգնություն ցուցաբերել, եթե շատ հիվանդներ ունենանք:

Ուղղակի թողնելու ենք ինքնաբուժման: Դրա համար էլ որոշեցինք բժիշկներով կոչ անել՝ չգնալ երկրորդ փուլ: Այս պահին մոտ 70 մարդ միացել է, բայց կան բժիշկներ, որ այս պահին աշխատանքի են:

– Իսկ ի՞նչ կլինի, եթե ընտրությունների երկրորդ փուլը, այնուամենայնիվ, տեղի ունենա: 

– Վտանգն այն է, որ մենք արդեն ունենք հաստատված դեպքեր, այսինքն՝ 6 հոգի արդեն հաստատվել է, որ վարակված են կորոնավիրուսով: Բայց լիքը մարդիկ իրենց հետ շփվել են ու հիմա ազատ ման են գալիս, նրանց ոչ ինքնամեկուսացրել են, ոչ թեստավորել:

Իսկ ընտրությունը համարվում է հավաք, առաջին փուլում էլ տեսանք, որ մարդկային կուտակումներ եղան: Հիմա եթե այդ պոտենցիալ վարակակիրները հայտնվեն ընտրատեղամասերում, դա իսկապես վտանգավոր է, այդ թվում՝ ընտրատեղամասերում աշխատողների համար:

– Բժիշկների նկատմամբ ճնշումներ չկա՞ն, որ, ասենք՝ հորդորեն չխոսել, չբարձրաձայնել խնդիրը:

-Բժիշկների հանդեպ ճնշումներ չկան, ուղղակի արհամարհանք կա, որ ինչ ուզում եք ասեք, մեկ է՝ մենք մեր ուզածին հասնելու ենք, գնալու ենք ընտրության:

Այդ 70 բժիշկները հասկանում են վտանգը, մենք համատեղ հայտարարությամբ դիմեցինք Բակո Սահակյանին, Աշոտ Ղուլյանին, Պարգև սրբազանին:

Բանն այն է, որ պատերազմի ժամանակ տարբեր երկրներից բազմաթիվ հայ բժիշկներ եկել են մեզ օգնության, հիմա ոչ ոք չի գալու, որովհետև ամեն մեկն իր աշխատավայրում գերծանրաբեռնված աշխատում է: Մենք մնալու ենք մի քանի բժիշկներով ու այդքան մեծ թվով հիվանդներին չենք կարողանալու սպասարկել: Աստված չանի՝ վիրուսը բանակ մտնի: 

– Որքանո՞վ է հավաստի, որ վարակվածների թիվն ընդամենը 6-ն է, գուցե նրանց թիվն ավելի շատ է, սակայն միայն այդ 6-ն են հաստատված:

– Դե այդ 6 դեպքը հաստատված է, նրանց շրջապատից շատ քիչ թվով մարդիկ են մեկուսացված: Հնարավոր չէ, որ 6 մարդը ընդամենը 16-17 մարդու հետ շփված լինի:

Օրինակ՝ հանրապետական բժշկական կենտրոնում դեպքը հայտնաբերվել է, որտեղ հիվանդը մոտ 4-5 օր պառկած է եղել: Նրա հետ շփված ողջ անձնակազմը չի թեստավորվել, չի էլ մեկուսացվել:

Ընդհակառակը՝ նրանք հերթափոխի են գնում, գնում են իրենց տուն: Սա նշանակում է, որ շատ կարճ ժամանակ հետո հիվանդների մեծ թիվ ենք ունենալու, ինչն Արցախի համար աղետալի է:

Մանե Հարությունյան

MediaLab.am