«Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում». Արթուր Աղաբեկյան

«Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում». Արթուր Աղաբեկյան
«Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում». Արթուր Աղաբեկյան

«Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում»,-արձագանելով այսօր ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությանն արձագանքել է Արթուր Աղաբեկյանը՝ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում։ Հիշեցնենք, որ Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտիկ» հիմնադրամի՝ առանձնապես խոշոր չափերի գումարները վատնման եղանակով հափշտակելու համար։

«Մարտիկ հիմնադրամի գորունեության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ և այդ շրջանակում հարցաքնվել եմ՝ որպես «Մարտիկ» հիմնադրամի նախագահ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի խնդիրների և ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։ Մեծ պատրաստակամությամբ, այս օրերին համագործակցել եմ վարույթն իրականացնող մարմնի հետ։ Մանրամասն պատասխանել եմ բոլոր հարցադրումներին՝ համարելով, որ երբեք առիթ չեմ ունեցել հանգամանորեն ներկայացնելու «Մարտիկ» հիմնադրամի իրականացրած մի քանի հարյուրի հասնող հայրենանվեր ծրագրերը։ Թե բարեգործական, թե ռազմահայրենասիրական և թե մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եմ անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եմ պատվախնդրությամբ և գտնում եմ, որ գործել եմ բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի և կանոնադրության շրջանակներում։

Ի գիտություն բոլոր անհանգստացողներին՝ հիմնադրամի հաշվին առկա է 1.241.000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի գումար, որը ձևավորվել է 8200 փաստացի մասնակցի ներդրումից (յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մարտիկ հիմնադրամին) , և 421.000 ԱՄՆ դոլար բանկային տոկոսներից, որը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան ազատամարտում զոհված 4210 ազատամարտիկների անունից նվիրաբերվել է հիմնադրամի հաշվին և համալրվել է անձեռնմխելի գումարը։ Իսկ զոհված ազատամարտիկների անունները զետեղվել են martik.am կայքում՝ ի հիշատակ նրանց։ 
Բարեկամներիս տեղեկացնեմ, որ չընդունելով մեղադրանքը շարունակելու եմ համագործակցել քննչական մարմինների հետ։ Խոստանում եմ պարբերաբար իմ իրավասության շրջանակում այս մասին տեղեկացնել իմ հեղինակությամբ և Մարտիկ հիմնադրամի ապագայով մտահոգվող ընկերներիս և բարեկամներիս»,-գրել է Արթուր Աղաբեկյանը։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «չարաշահումներ են արձանագրվել 2012-2016թթ. ընթացքում, որոնց հետևանքով՝ վատնման եղանակով հիմնադրամին պատկանող միջոցներից հափշտակվել է, նախնական գնահատականով, 54.083.860 մլն ՀՀ դրամ։

«Քրեական գործով պարզվել է, որ նշված ժամանակահատվածում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսացել Արթուր Աղաբեկյանը, ով ունեցել է հիմնադրամի աշխատակազմի գործունեությունն անմիջականորեն ղեկավարելու իրավասություն և փաստացի միանձնյա տնօրինել հիմնադրամի գույքը։ Բավարար տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիմնադրամի միջոցների մի մասը ծախսվել են այն հանգստյան գոտու ռեստորանում հյուրասիրությունների կազմակերպման համար, որի բաժնետոմսերի 40 տոկոսը պատկանել է Արթուր Աղաբեկյանին»,-նշված է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ օգոստոսի 29-ին Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին»,-նշված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ»,-նշված է ՀՀ Քննչական կոմիտեի ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ։

MediaLab.am