ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀԿ-ի միջոցների գոյացման օրինականութունը ուսումնասիրելու հարցով

2018թ. նոյեմբերի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ֆինանսական ու գույքային ռեսուրսների ձեռքբերման օրինականությունը պարզելու հարցով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ, իրենք վկայակոչել են վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ 20 տարի կառավարող կուսակցություն եղած ՀՀԿ-ի ներկայացրած հայտարարագրերը, որոնցից ակնհայտ էր դառնում, որ ՀՀԿ-ն ունի 3 անգամ ավելի ֆինանսական ու գույքային ռեսուրսներ, որքան ՀՀ-ում գործող մյուս բոլոր կուսակցությունները միասին վերցրած:

«Ընդ որում՝ համաձայն ՀՀԿ ֆինանսական ու գույքային միջոցների աղբյուրների ու ծախսերի՝ 2017թ.-ի հաշվետվության՝ կուսակցությանը պատկանող գույքը տեղաբաշխված է ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում՝ մարզկենտրոններում, և Երևան քաղաքում:

Այս փաստերը հաշվի առնելով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետական կուսակցության գույքային ռեսուրսների ձեռքբերման, ֆինանսական ռեսուրսների գոյացման օրինականությունը:

Դատախազությունից դեռևս չեն արձագանքել»,- փոխանցում են ՀՔԱՎ գրասենյակից: