«Մեզ ծրագրերում չեն ներառում, 30 հազարի աջակցությունն էլ մերժվեց»․ Բերձորից Հայաստան՝ Քրիստինե Ամյանի բազմազավակ ընտանիքը չգիտի՝ ում դուռը ծեծի

41-ամյա Քրիստինե Ամյանը ինը երեխաների ու ամուսնու հետ ժամանակավորապես ապաստան է գտել Էջմիածնում՝ Զինավան գյուղում գտնվող երկուսենյականոց փայտե տնակում։

Քրիստինեի ընտանիքը Արցախյան պատերազմի հետևանքով թողել է Բերձորում գտնվող տունը և հողամասը։ 

Եվ չնայած գյուղը, իրենց տունը պաշտոնապես չեն անցել ադրբեջանցիների տիրապետության տակ, սակայն, Քրիստինեի խոսքով՝ այնտեղ ազատ ելումուտ են անում ադրբեջանցիները, շրջում իրենց տան մոտակայքում, նկարներ հրապարակում այդ վայրերից, և վերադառնալ ու այնտեղ նորից բնակվել հնարավոր չէ, մյուս կողմից էլ՝ Հայաստանում ևս չեն կարողանում իրենց կեցության հարցերը կարգավորել, աջակցության ծրագրերից չեն կարողանում օգտվել այն հիմքով, որ Բերձորում սեփականություն ունեն։

«Դիմեցինք 30 հազարի աջակցության համար, որ մենք պետք է ստանայինք, որ վճարեինք լույսի, ջրի փողը: Մեզ ասեցին, որ պետք ա դիմումը լրացնենք, որ էդ գումարը ստանանք: Մեր հյուրընկալողի տվյալներով լրացրեցինք, ինքն իր տունը մեզ տվել ա, մենք մնում ենք, բայց հոսանքը, ջուրը, գազը մենք ենք վճարում, մենք ենք օգտագործում։

Դիմումի պատասխանը եկավ, որ մերժվել ա: Նշվում է՝ Հայաստանի կամ Արցախի Հանրապետության տարածքում ունենք սեփականություն, այսինքն՝ դա է հիմքը, որ մեզ մերժել են։

Սկզբում մերժվեց սկեսուրինս, հետո՝ ամուսնունս, հետո՝ իմս։ Մտածեցինք՝ գուցե սխալմո՞ւնք է եղել, նորից փորձեցինք, էլի մերժեցին»,- «Մեդիալաբին» ասում է Քրիստինե Ամյանը։

Ամյանը վրդովմունքով նշում է, որ Բերձորի կարգավիճակի մասին մինչև օրս հստակ չի նշվում՝ ինչ է լինելու, անվտանգություն չի ապահովվում, որ ընտանիքները վերադառնան, ապրեն իրենց բնակավայրում, բայց աջակցության ծրագրերից էլ չեն կարողանում օգտվել։

«Ես չեմ տեսնում, որ Արայիկ Հարությունյանը խոսի Բերձորի կարգավիճակի մասին։ Էսօր Բերձորի ժողովուրդը փողոցներում է, անորոշ վիճակում են, տուն չունեն, եթե ղեկավարը չի խոսում տվյալ բնակավայրի մասին, նշանակում է՝ էդ բնակավայրը չկա, երևի զուտ սպասում են մինչև նոր ճանապարհի բացումը, որ լրիվ հանձնեն ադրբեջանցիներին։

Անգամ մեր ղեկավարությունը մեզ կոչ չի անում՝ եկեք, գնացեք, էնտեղ մնացեք։ Ասում են՝ մենք չենք կարա ձեր անվտանգությունը էնտեղ ապահովենք։

Էսօրվա դրությամբ էնտեղ բնակվող ընտանիք չկա, ոչ հիվանդանոց ա աշխատում, ոչ մանկապարտեզ կա, ոչ դպրոց։ Լսել եմ՝ երկու տարի ժամանակ են տվել, որ պետք ա ճանապարհ հատկացնեն Հայաստան-Ստեփանակերտի համար ու ամբողջ Լաչինը հանձնեն ադրբեջանցիներին։

Ադրբեջանցիներն էլ նկարներ էին գցել, որ գնացել են գյուղի հիվանդանոցի մոտ, մեր տունն էլ հենց հիվանդանոցից ներքև է ընկնում։ Հիվանդանոցի ճանապարհով էլ իրենք գնում են Լաչինի գյուղերը։

Էս իրավիճակում չեմ հասկանում, թե ո՛նց մեզ ծրագրերում էլ չեն ներառում, աջակցություն չեն տրամադրում, ու մենք անորոշ վիճակում չգիտենք՝ ոնց հոգանք մեր վիճակը։ 300 հազարի ծրագիրը մեզ չէր հասնում, 30 հազարի ծրագիրն էլ մերժվեց, միայն մեկ անգամ միանվագ օգտվել ենք 63․000 + 15․000 աջակցությունից։

Բոլորին, որ տները կորցրել են, երևի իրենց համար դժվար ա փոխհատուցում տալը»,- ընդգծում է Քրիստինե Ամյանը։

Քրիստինե Ամյանը պատմում է, որ իրենց հարևանը վերջերս ցանկացել է գնալ Բերձոր, իրենց տնից իրեր վերցնել, բերել, սակայն ռուսները թույլ չեն տվել: «Ասել են՝ էլ ոչ մի բանի հետ գործ չունեք, էս տարածքն արդեն ադրբեջանցիներինն ա, ու էս պահին մեր հայերից մարդ չկա»,- նշում է Ամյանը։

Քրիստինեն նաև պատմում է, որ նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո, երբ ամուսինը Բերձոր է գնացել մահացած երեխայի արտաշիրիմում իրականացնելու և Հայաստան բերելու, գյուղում տեսել է ազատ ելումուտ անող ադրբեջանցիների: «Ինքը գերեզմանում գործ ա անում, ադրբեջանցիները անցնում են, անցուդարձ են անում։ Էնտեղ ադրբեջանցին ազատ ելք ու մուտք ունի, ինքը չունի ուրիշ ճանապարհ, ինքը պիտի էդ գյուղերի միջով անցնի»,- պատմում է Ամյանը։

Ամյանների ընտանիքը մինչև գարուն անցկացնելու է Էջմիածնում՝ Զինավան գյուղում գտնվող 2 սենյականոց փայտե տնակում։ Դրանից հետո պարզ չէ, թե ինչ են անելու։ Իսկ այժմ նաև կոմունալ ծախսերը հոգալու խնդիր ունեն։

«Տարիներով ապրես, տուն-տեղ դնես, 41 տարեկան եմ, հեշտ չի իմ համար, սաղ ջահելությունս ապրել եմ Բերձորի վերաբնակեցման շրջանում, երեխեքս էնտեղ են ծնվել, էնտեղի գրանցում ունեն, ու շատ ցավալի է, որ թողնում ես, գալիս ես ու չգիտես՝ ինչ է լինելու։

Մինչև գարուն պետք ա այս տնակից դուրս գանք, ո՞ւր գնանք՝ չեմ կարողանում պատկերացնել: Անգամ չենք կարողանում մի աշխատանքի դիմենք, մի տեղ աշխատենք, որ կարիք հոգանք, որովհետև մտածում ենք՝ հեսա մի 2 ամսից դուրս ենք գալու, 2 ամսվա համար ո՞վ աշխատող կընդունի, շատ դժվար ա։

Ինձ էլ հաճելի չէ, որ գնամ ասեմ՝ ինձ օգնեք, էսքան երեխա ունեմ։ Ես շատ բան չեմ ուզում, ինձ տուն տվեք, կաշխատենք, կապրենք, կստեղծենք, կունենանք, դա է հիմնական խնդիրը, մանավանդ վարձով տների գներն ահավոր են: Նայում ես՝ 3 սենյականոց տունը 120 հազարից պակաս չես կարողանում ճարես։ Նենց գներ են, մնում ես շվարած»,- մտահոգված հավելում է Քրիստինե Ամյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am