Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, որը նախօրեին փախել էր դատարանի դահլիճից։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Այս մասին հաղորդում է 78.ru պորտալը, որին վկայակոչում է KP.ru-ն։ Ըստ աղբյուրի՝ Ավագյանը փակվել է զուգարանում և երկար ժամանակ դուրս չի եկել։ Կասկածելով, որ ինչ-որ բան այն չէ, հյուպատոսության աշխատակիցները զանգահարել են Արտակարգ իրավիճակների նախարարություն և շտապօգնություն։ Մասնագետները բացել են դուռն ու և գտել տղամարդուն՝ անգիտակից վիճակում։
Ավելի ուշ նա մահացել է։ Ավագյանը ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 18-ին՝ սահմանի անօրինական հատման և փողերի լվացման մեղադրանքով։ Նախկինում նա պաշտոններ է զբաղեցրել Պետական գույքի կառավարման գործակալության Լենինգրադի մարզային գրասենյակում, աշխատել է Սանկտ Պետերբուրգի առևտրային նավահանգստի խոշորագույն մաքսային միջնորդի մոտ։ Նախօրեին Ավագյանը փախել էր Կրոնշտադտի շրջանային դատարանից։ Այնտեղից նա գնացել էր Հայաստանի հյուպատոսություն, որն իրավաբանորեն համարվում է օտարերկրյա պետություն։ Բորիս Ավագյանի մահվան հանգամանքները պարզվում են։
Հավելենք, որ Ավագյանը Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչն է։ Նախօրեին նա կապ էր հաստատել «Փաստինֆո»-ի հետ՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանում։ «Վերջին 1 ամսվա ընթացքում ՌԴ հատուկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, տարել ոստիկանություն, փաստաթղթեր ստուգելու, քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ։ Ես կամավոր ցանկանում եմ, որ ինձ արտահանձնեն Հայաստանին»,- ասել էր Ավագյանը։ Հայաստանում նա հետախուզվում է սահմանի անօրինական հատման և փողերի լվացման կասկածանքով։



















