«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները. Ժամը 19:00-ի դրությամբ

08/06 տեղամասում` թիվ 90 դպրոց, Բատիկյան փ., կրկնակի քվեարկություններ են տեղի ունենում: Դրոշմակնքված անձնագրով անձը քվեարկել է կրկնակի, առանց ցուցակներում գրանցվելու: 18:50

 
08/02 տեղամասում հանձնաժողովի նախագահը վեճի է բռնվել մի քանի հոգու հետ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ԶԼՄ ներկայացուցիչը նկարահանել է այդ տեսարանը, ինչին փորձել է խոչընդոտել հանձնաժողովի նախագահը՝ պահանջելով դադարեցնել նկարահանումը, այն պատճառաբանությամբ, թե՝ ԶԼՄ ներկայացուցիչը խոչընդոտում է իր աշխատանքին:
 
12/08 տեղամասում (№ 31 դպրոց,. Հ.Հովսեփյան փ.), ՀՀԿ-ական վստահված անձը ճշտել է, թե արդյոք մի որոշակի ընտանիք մասնակցե՞լ է քվեարկությանը, թե՞ ոչ: Մեկ այլ վստահված անձի պահանջով կազմվում է խախտման մասին արձանագրություն: 18:44
 
13/06 տեղամասում կողմնակի անձինք են առկա եւ ընտրողների կուտակումներ կան: 18:30
 
07/14 տեղամասերում կողմնակի անձինք են առկա եւ ընտրողների կուտակումներ կան: 18:30
 
06/15 տեղամասում (№ 156 դպրոց, Շիրազի փ.), քվեախցիկի թիկունքում հայելի է եղել փակցված:
 
13/21 տեղամասում (Հիդրոմելեորատիվ քոլեջ, Բուռնազյան փ.), տարեց կնոջը օգնող երիտասարդը սկզբից ներկայացել է որպես այդ կնոջ որդի, հրաժարվել է գրանցվել մատյանում, իսկ հետո՝ հայտարարել է, որ չունի անձնագիր ու անմիջապես հեռացել է տեղամասից: Երբ նշված միջադեպը «Կենտրոն» ՀԸ ներկայացուցիչը նկարահանել է, իրեն մեղադրել են ցուցակների նկարահանման մեջ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Հետագայում արձանագրություն է կազմվել նաև ընտրատեղամասից հապճեպ հեռացած ուղեկցող անձի վերաբերյալ: 18:20
 
13/11 տեղամասում (№ 16 դպրոց, Բուռնազյան փ.), ընտրողներ են տանում-բերում, քաղաքացիների կուտակումներ են նկատվում:
 
07/14 տեղամասում (№ 80 մանկապարտեզ, Հաղթանակ), խախտվում է քվեարկության գաղտնիությունը, կողմնակի մարդիկ կան տեղամասում եւ` ընտրողների կուտակումներ:
 
07/19 տեղամասում (№ 89 նախակրթարան, Ա-2 թաղ.), խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը. ՀՀԿ-ի վստահված անձը զանգահարում է ինչ-որ տեղ և հայտնում է ընտարացուցակի այն համարները, որոնց դիմաց գրանցված ընտրողները չեն ներկայացել տեղամաս քվարկության: Հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցամատյանում արձանագրել փաստը:
 
08/28 տեղամասում (№ 91 դպրոց, Ախպարաշեն) Թրանսփարեսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Արման Ալեքսանյանից գողացված տեսախցիկը 17:50-ին՝ ահազանգից հետո, հայտնաբերվել է տեղամասի սանդուղքին:
 
08/27 տեղամասում (№ 91 դպրոց, Ախպարաշեն թաղ), կողմնակի անձինք ահաբելել են ԶԼՄ ներկայացուցչին` դժգոհելով նկարահանումներից:
 
08/09 տեղամասում (№ 179 դպրոց, Ա-3 թաղ.), Մեսրոպ Մանուկյանը` ՀՀԿ ցուցակի ավագանու թեկնածուն (համար 85), երկար ժամանակ ՀՀԿ վստահված անձի վկայականով գտնվել է ընտրատեղամասում: Դիտորդների նկատողությունից հետո, դեպքը գրանցվել է գրանցամատյանում եւ Մեսրոպյանը հեռացվել է ընտրատեղամասից:
 
13/15 տեղամասում (№ 194 դպրոց, Նոր Արեշ), Հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ձայների ամփոփման ժամանակ պետք է տեղամասում գտնվող բոլոր անձանց բջջային հեռախոսներն անջատված լինեն` հղում կատարելով ԿԸՀ-ից կատարված բանավոր կարգադրությանը:
 
13/11 տեղամասում (№ 16 դպրոց, Բուռնազյան փ.), ներկա են կողմնակի անձինք (կարգավիճակ չունեցող) եւ առկա է ընտրողների կուտակումներ՝ 20 և ավելի ընտրող, ինչը խոչնդոտում է դիտորդների, վստահված անձանց և լիագրողների լիազորությունների պատշաճ իրականացմանը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է փաստն արձանագրել գրանցամատյանում:
 
08/28 տեղամասում (№ 91 դպրոց, Ախպարաշեն) գողացել են Թրանսփարեսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Արման Ալեքսանյանի տեսախցիկը այն բանից հետո, երբ վերջինս այն մեկ րոպեով դրել է սեղանին: 17:20: Դիտորդի պահանջը` հանձնաժողովի նախագային գրանցել միջադեպը, մերժվել է, հանձնաժողովի նապխագահն ասել է. «հիմա ոստիկանները կգան` հայտարարություն կտաք»:
 
13/05 տեղամասում (№ 70 դպրոց, Սարի Թաղ), ԲՀԿ-ական ավագանու թեկնածուն բազմաթիվ անգամ մուտք է գործել ընտրատեղամաս` առանց համապատասխան գրանցման:
 
12/27 տեղամաս (№ 64 մանկապարտեզ, Ավանեսով փ.), եկած ընտրողը չի կարողացել քվեարկել, քանի որ նրա անվան դիմաց լրացված է եղել, նախագահը հրաժարվել է գրանցել խախտումը` պատճառաբանելով, որ մատյանում տեղ չկա:
 
08/08 տեղամասում ՀՀԿ-ից Երեւանի Ավագանու թեկնածության անդամ Գեւորգ Մանուկյանը վստահված անձի վկայականով խոչընդոտում էր լրագրողների եւ դիտորդների աշխատանքին: Վերջինս ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վճարովի հիմունքներով աշխատող օգնականն է, ԵՊՀ դասախոս:
 
07/14 տեղամասում` թիվ 80 մանկապարտեզ, Հաղթանակ, փ., կողմնակի անձինք են ներկա, եւ անօրինական քարոզչություն են իրականացնում:
 
13/21 տեղամասում մի պապիկ մոտեցել է հանձնաժողովի նախագահին եւ ասել` «փողս տուր», հանձնաժողովի նախագահը մերժել է վերջինիս, ծերունին դժգոհել է, ասելով.-բոլորին տալիս եք ինձ չեք տալի՞ս,-ու դժգոհ հեռացել է: Տեսագրությունը կհրապարակենք ավելի ուշ: 16:35