Անկարան քննարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթն իրականացնելու համար ավիաընկերությունների ներկայացրած հայտերը. Չավուշօղլու

Անկարան քննարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթն իրականացնելու համար հայկական և թուրքական ավիաընկերությունների հայտերը, և այդ կապակցությամբ որոշումը կկայացվի առաջիկայում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է ռուսական «Ռիա-Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Anadolu»-ին:

«Ավիաընկերությունների հայտերը քննարկվում են Տրանսպորտի նախարարությունում և Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում: Ընդհանուր առմամբ, թուրքական կողմի դիրքորոշումը դրական է: Առաջիկա օրերին կորոշակիանա՝ որ ընկերություններն են այդ ուղղությամբ թռիչիք իրականացնելու», հայտարարել է Չավուշօղլուն, որը աշխատանքային այցով գտնվում է ԱՄԷ-ում:

Ավելի վաղ, հիշեցնենք, Չավուշօղլուն հանդես էր եկել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու պատրաստակամությամբ: Նա նաև նշել էր Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքների իրականացման մասին: